Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ընդունելի չի համարում քննարկումներ սկսելու համար կառավարությանը պահանջներ ներկայացնելու ընդդիմության գործելաոճը:
Ազգային ժողովում արտահերթ ելույթի ընթացքում ԱԺ նախագահն անդրադարձավ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, թե ինքն առաջարկել է կառավարությանը կրկին անդրադառ նալ ոչ իշխանական ուժերի 12 կետերին, որից անմիջապես հետո ընդդիմությունը կրկին պահանջներ է ներկայացրել կառավարությանը: «Պահանջները ձևավորվում են հենց քննարկումների արդյունքում, ոչ թե պահանջներ են ներկայացնում քննարկումներ սկսելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Սահակյանը:
Նա նկատեց, որ վերջին հաշվով, կառավարությունը պատասխանել է այդ 12 կետերին: «Հիմա կառավարությունը կրկին պետք է դրանց անդրադառնա. դուք ինձ ասում եք' եկեք 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնենք, այս մեկը ձեռք բերենք, հետո կքննարկենք մնացած հարցերը: Ինձ հետ չեք քննարկելու, մասնագետների հետ եք քննարկելու, խնդրեմ՝ քննարկեք»,- նշեց ԱԺ նախագահը:
Նրա խոսքով' ընդդիմադիրներից շատերն ինչ-որ քայլերի են գնում ոչ թե միայն ինչ-ինչ հարցեր առաջ տանելու, այլ նաև սեփական հեղինակությունը հանրության առջև բարձրացնելու համար: «Այդպես չի լինում, պայքարի գործիքները դրա համար չեն օգտագործվում: Պայքարողները պայքարում են, որպեսզի իրենց նպատակներին հասնեն, իսկ մենք փորձում ենք միջոցները վերագրել մեզ և դրանով ինչ-որ բան ապացուցել հասարակությանը»,- ընդգծեց Գալուստ Սահակյանը:
ԱԺ նախագահի գնահատմամբ՝ քաղաքական դաշտը սիրում է PR, սակայն PR-ով պետություն չեն պահում: «Դու ինքդ պետք է քո աշխատանքը, մոտեցումները տանես այն ճանապարհով, որպեսզի հասնես նպատակներիդ, իսկ շատ հաճախ մենք նպատակը թողնում ենք, մտածում ենք խեղդել առկա գործիքները, որոնք չեն բավարարում, վերցնենք նոր գործիքներ, որպեսզի ասենք՝ տեսեք ժողովուրդ, մենք շատ լավն ենք: Առավել ևս, նման կերպ մտածում են ժամանակին իշխանության մաս կազմած ընդդիմության ներկայացուցիչները»,- նկատեց ԱԺ նախագահը:
Գալուստ Սահակյանը գտնում է, որ հարկավոր է նախադեպ ստեղծել, որպեսզի իշխանությունն ու ընդդիմությունը կարողանան բարեկիրթ կերպով, մեկը մյուսին հասկանալով որոշումներ ընդունել:
«Ես ուրախանում եմ, որ խորհրդարանի դահլիճից դուրս բոլորն իրար հետ մոտ են, հարազատ են, մոտենում, նստում, վեր են կենում, վերլուծում, մեկը մյուսի, ինչպես ժողովուրդն է ասում, թասիբն է պահում: Խոսափողները խանգարո՞ւմ են մեզ: Եթե կորոշեք, խոսափողները հանենք.եթե այդպես ավելի լավ կաշխատենք, այդպես անենք»,- եզրափակեց ԱԺ նախագահը: