Քիչ առաջ ԱԺ-ում մեկնարկեց արտահերթ նիստը:

 

Ինչպես հայտնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը, նիստի մեկնարկին պատգամավորները վարման կարգով խոսք խնդրեցին: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախապես հայտարարեց, որ քննարկվող օրինագծից դուրս ցանկացած ելույթի դեպքում խոսափողները կանջատվեն: 

 

Վարման կարգով ելույթ ունեցավ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը: Վերջինս առաջարկեց հանդիպել ընդմիջմանը և խորհրդակցություն հրավիրել»:

 

Գալուստ Սահակյանը նշեց, որ ընդմիջմանը պատգամավորներին, խմբակցությունների ղեկավարներին հրավիրում է իր մոտ՝ քննարկելու նրանց հուզող խնդիրները:

 

Վարման կարգով ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը. «Ես, այսպես ասած, դեպքերի թատերաբեմից եմ գալիս: Ուզում եմ վարման կարգով հայտնել հանցագործության մասին: Լրագրողների օրինական մասնագիտական աշխատանքի խոչընդոտման կապակցությամբ: Ես դատապարտում եմ ապօրինի գործողություննները և պահանջում եմ...»,- Գալուստ Սահակյանն անջատեց խոսափողը: 

 

Վարման կարգով ելույթ ունեցավ նաև Տիգրան Ուրիխանյանը. «Քանի դեռ ՀՀ բազմաթիվ արդար պայքար մղող գիտակից քաղաքացիներ գտնվում են ճաղավանդակների ետևում, այս քվեարկությանը միանալ չի կարելի: Ես միանում եմ բոլոր պահանջներին»:  

 

Փորձեց ելույթ ունենալ նաև Զարուհի Փոստանջանը. «Բոլորդ տեսել եք՝ ինչ է կատարվել Բաղրամյան պողատայում...»: Փոստանջյանի խոսափողը Գալուստ Սահակյանն անջատեց:

 

Փոստանջյանը փորձեց ելույթը շարունակել առանց խոսափողի՝ վերջինս պահանջում էր կանխել ապօրինությունները:

 

Սահակյանն արձագանքեց Զարուհի Փոստանջյանի ելույթին. «Իմ իրավունքը բնորոշ է օրենսդրությանը: Ես ձեզ դիտողություն եմ անում, հաջորդ քայլն այլ կլինի»:

 

Ելույթ ունեցավ նաև ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը. «ՕԵԿ-ն առաջարկում է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել, քննարկել հարցը: Այսպես շարունակել հնարավոր չէ»:


Վահե Էնֆիաջյանն էլ նշեց. «Այն, ինչ տեղի է ունեցել ժամեր առաջ, դատապարտում ենք, պահանջում ենք, որ մեղավորները հրապարակային պատժվեն, որպեսզի քաղաքացիական հասարակության կայացման գործընթացը չտապալվի: Դատապարտում ենք, մտահոգ ենք»:


Հեղինե Բիշարյանն ասաց. «Պարոն Սահակյան, այս պահին զերծ մնացեք Ձեր լիազորությունները գործարկելուց: Կոչ եմ անում ստորագրահավաք կազմակերպել, արտահերթ նիստ հրավիրել»: