«երկրորդ Փարիզ» լրատվականն ամփոփում է անցնող օրը.











Ահաբեկիչները «երկրորդ Փարիզ» Էին նախապատրաստել Բելգիայում. Nieuwsblad.be

 

 

 

Բելգիայում ահաբեկիչները, որոնցից երկուսը հունվարի 15-ին սպանվել են եւ մեկը՝ ձերբակալվել, ծրագրում Էին ահաբեկչական գործողություններ, որոնք կարող էին դառնալ «երկրորդ Փարիզ», տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Nieuwsblad.be թերթին:

 

Բելգիայի արդարադատության նախարարությունում հրատարակության աղբյուրի տվյալներով՝ կանխված ահաբեկչական գրոհը եղել Է ավելի ընդգրկուն գործողության բաղկացուցիչ մասը, որն ահաբեկիչները ծրագրում Էին իրականացնել միանգամից երկրի մի քանի տարածաշրջաններում:

 

Ոստիկաններն ահաբեկիչներից առգրավել են զենք, պայթուցիկ նյութեր եւ «Իսլամական պետություն» արմատական խմբավորման մի քանի դրոշներ, խմբավորում, որ գործում Է Իրաքում եւ Սիրիայում:

 

Հունվարի 15-ին ոստիկանության տեղական հատուկ ստորաբաժանումները Վերվիե քաղաքում գոհել են կայարանը, որի ընթացքում երկու իսլամիստներ սպանվել են, մեկը՝ ձերբակալվել: Նշվել Է, որ իրավապահ մարմինները չունեն Փարիզի գրոհների հետ ենթադրյալ ահաբեկիչների առնչության ապացույցներ:

 

Ավելի վաղ հաղորդվել Է. որ Բելգիայի իշխանությունները Վերվիե քաղաքում հակաահաբեկչական գործողությունից հետո երկրի մի շարք շրջաններում բարձրացրել են ազգային անվտանգության սպառնալիքի մակարդակը:

 

 

 

***

 

 

Վլադիմիր Գասպարյանն այցելել է Գյումրիում բախումների ժամանակ վնասվածքներ ստացած ոստիկանին

 

 

 

Երեկ Գյումրիում բախումների ժամանակ վնասվածքներ ստացած ոստիկաններից մեկը Գյումրիի բժշկական կենտրոնից տեղափոխվել է Երևանի Գրիգոր Լուսավորիչ կենտրոն: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ ոստիկանը ստացել է բաց գանգուղեղային վնասվածք: Այս պահին նա վիրահատվում է: Բավականին բարդ վիրահատություն է սպասվում գլխի շրջանում:

 

NewsBook-ի աղբյուների փոխանցմամբ' ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անձամբ է այցելել բժշկական կենտրոն: Նա նպատակ է ունեցել ոստիկանին տեսակցելու և նրա վիճակի մասին տեղեկություններ ստանալու: Ոստիկանապետը վիճակը քննարկել է ՀՀ առողջապահության նախարարի հետ, որը ևս բժշկական կենտրոնում է եղել:

 

 

***

 

 

 

Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան

 

 

 

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի վեց անդամին դաժանորեն սպանած ՌԴ 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

 

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչի որոշման հիման վրա, Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի 15.01.2015թ. որոշմամբ Վալերի Պերմյակովին տրամադրվել է հանրային պաշտպան՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ, 69-րդ և 70-րդ հոդվածների, ինչպես նաև «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 6-րդ, 41-րդ և 45-րդ հոդվածների հիման վրա»,- ասաց նա:

 

 

 

***

 

 

 

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում կրկին նկատվել է լարվածություն

 

 

 

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով կրկին նկատվել է լարվածության աճ:

Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, հունվարի 15-ին և լույս 16-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղու թյամբ արձակել է ավելի քան 2000 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ առաջնագծում հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է: Հայ դիրքապահները շփման գծի ողջ երկարությամբ շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

 

 

***

 

 

 

Ավետիսյանների հարազատներն արդար դատավճիռ են պահանջում. հայտարարություն

 

 

 

Գյումրիում հունվարի 12-ին սպանված Ավետիսյանների հարազատները հանդես են եկել հայտարարությամբ' արժանի ու խիստ պատիժ պահանջելով ոճրագործի նկատմամբ: «Շիրակ» գերեզմանատանն Ավետիսյանների ինքնահողի արարողությանը նրանց շիրիմների մոտ մահացած Սերյոժա Ավետիսյանի մորեղբոր տղան' Սամվել Հովհաննիսյանը, Ավետիսյանների ընտանիքի բոլոր հարազատների անունից հանդես եկավ հայտարարությամբ' նշելով, որ իրենք որևէ կապ չեն ունեցել երեկվա միջադեպի հետ, սակայն արդար դատավճիռ են ակնկալում ոճրագործի համար:

 

«Բոլոր հարազատների անունից ուզում եմ ասել, որ մեր հարազատներից ոչ մեկը երեկ միջադեպին չի մասնակցել և չի մասնակցել նաև կազմակերպչական աշխատանքներին: Մենք սգացել ենք մեր կորուստն ու ցավը: Մեր պահանջն է միայն արդարությունը, պահանջում ենք, որ այդ մարդուն օրենքի ամբողջ խստությամբ պատժի ենթարկեն մեր հանրապետությունում և պարզել, թե ինչի համար է տեղի ունեցել ոճիրը և ինչ պատճառով: Ցանկանում ենք, որ չկրկնվի այն, ինչ տեղի ունեցավ Ավետիսյանների հետ:

 

 

Ոչ միայն մենք ենք սգում, այլ ողջ հայ ազգը: Թող դա լինի առաջին ու վերջին անգամ: Կրկին պնդում ենք' մենք պահանջում ենք արդար դատավճիռ: Թող չկրկնվի այն, ինչ եղավ մեր ընտանիքի հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտարարեցին հարազատները:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

Սանկտ-Պետերբուրգից բժիշկ է հրավիրվել. գյումրեցի փոքրիկին վիրահատել են (թարմացված)

 

 

 

Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով վնասվածքներ ստացած և մինչ այժմ վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին կրկին վիրահատում են: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասացին ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ Սանկտ-Պետերբուրգից բժիշկ է հրավիրվել, այս պահին վիրահատությունն ընթանում է, ավարտից հետո հանդես կգան հայտարարությամբ:

 

Նշենք, որ Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է: Վիրահատությունից առաջ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ և աշխարհի առաջատար բժիշկների մասնակցությամբ հրավիրվել է չորրորդ կոնսիլիումը երեխայի առողջական վիճակը գնահատելու նպատակով:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

Տուժող կողմն ուռճացնում է Տաթևիկ Հակոբյանի բուժման ծախսերը. Վարդան Պետրոսյանի փաստաբան

 

 

 

Տուժող կողմն ուռճացնում է Տաթևիկ Հակոբյանի բուժման համար նախատեսված ծախսերը: «Մենք պատրաստ ենք հոգալ Տաթևիկի բուժմանն անհրաժեշտ բոլոր ծախսերը, սակայն դրանք չեն կազմում տուժող կողմի ներկայացրած 7-8 միլիոն դրամը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Վարդան Պետրոսյանի շահերի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը և հավելեց, որ իրենք հարցում են կատարել ապահովագրական ընկերություն և պարզել, որ Տաթևիկ Հակոբյանի բուժման համար նրանք դեռ պետք է վճարեն 1 միլիոն 800 հազար դրամը:

 

Նա նշեց նաև, որ Վարդան Պետրոսյանը հունվարի 16-ի դատական նիստին հայտարարել է, որ տուժող կողմին վճարել է 20 հազար դոլար:

 

Պաշտպանական կողմը պարզել է, որ տուժող կողմի ներկայացրած 2 տարվա տևողությամբ բուժում գոյություն չունի և իրենք առաջարկել են մեկ շաբաթով հետաձգել նիստը, որպեսզի բժշկական հանձնաժողովը հետազոտի Տաթևիկին:

 

«Այժմ ընդմիջում է հայտարարված, իսկ մինչ այդ տուժող կողմը միջնորդություն է ներկայացրել Տաթևիկի համար նշանակել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն, մինչդեռ նրանք հետազոտության համար Տաթևիկին կարող են տանել Կարմիր խաչի միջազգային կոմիտե, ինչը չեն ուզում անել»,- հավելեց նա:Շարունակւթյունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

ՀՀԿ-ն կքննարկի սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ-ի առաջարկները

 

 

 

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ՀՅԴ առաջարկները տրամաբանական են և ներկայացված են պրոֆեսիոնալ կերպով: Այս մասին ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

 

«Ես ուսումնասիրել եմ այդ առաջարկները և կարող եմ ասել, որ նրանք լուրջ աշխատել են դրանց վրա: Կան առաջարկներ, որոնց հետ ես համաձայն եմ, կան առաջարկներ, որոնք կարող են դառնալ քննարկման առարկա:Շարունակությունն՝ այստեղ: