Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևն իրենց հավատարմությունն են հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի նորմալացմանը և համաձայնել են ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այս մասին լրագրողներին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

 

«Բացի նրանից, որ մենք նախանշել են բանակցային գործընթացի ակտիվացման կոնկրետ քայլեր, նախագահները համաձայնեցրել են եռակողմ հայտարարություն, որում հաստատվում է նրանց հավատարմությունը շփման գծում իրավիճակի նորմալացման հարցում, ինչպես նաև այն պարունակում է համաձայնություն ԵԱՀԿ դիտորդների թվի ավելացման մասին, ովքեր աշխատում են հակամարտության գոտում: Հավատարմություն է հայտնվում նաև հակամարտության քաղաքական կարգավորման համար կայուն առաջընթացի պայմանների ստեղծման հարցում»,- ասել է ռուսաստանյան արտաքին գերատեսչության ղեկավարը:

 

Ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայից և քառօրյա պատերազմից հետո Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի առաջին հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացել է Վիեննայում մայիսի 16-ին' ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների արտաքին գործերի նախարարների նախաձեռնությամբ և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Արլեմ Դեզիրի նախաձեռնած մասնակցությամբ: Արծարծվել են ԼՂ հակամարտության գոտում ապրիլի սկզբին զինադադարի կոպիտ խախտմա ն հետևանքով ստեղծված լարված իրավիճակը և դրանից դուրս գալու ուղիները: Համանախագահող երկրների ներկայացուցիչները պնդել են 1994թ. զինադադարի և 1995թ. զինադադարի ամրապնդման մասին համաձայնագրերի անշեղ իրագործման անհրաժեշտությունը: Համաձայնություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկելու դրանց իրականացման մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմի ներդրման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կարողությունների ավելացման, հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հնարավոր վերսկսման ուղղությամբ: