ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Իտալիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Անջելինո Ալֆանոն:
«Մենք չենք կարծում, որ դա միակ հնարավոր ձևաչափն է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումը շարունակում է ԵԱՀԿ նախորդ համանախագահողի (խմբ.- Ավստրիայի) քաղաքականությունը: Կարծում եմ, որ դա արդարացի է»,- նշեց նա:
Անդրադառնալով ԼՂ շփման գծում դիտորդների քանակի ավելացման հարցին՝ Ալֆանոն ընդգծեց, որ կազմակերպության կողմից նմանօրինակ աջակցությունը կարող է օգտակար լինել: «Կարծում ենք, որ կազմակերպության կողմից աջակցության ցանկացած ձևաչափ չափազանց կարևոր կլինի դրված նպատակի համար: Հենց դրանից ելնելով էլ կարծում ենք, որ խոսք է գնում կարևոր դրական քայլի մասին»,- ասաց Ալֆանոն: