Գյումրիում տեղի ունեցած սպանդի հետևանքով վնասվածքներ ստացած և մինչ այժմ վերակենդանացման բաժանմունքում գտնվող վեց ամսական Սերյոժա Ավետիսյանին կրկին վիրահատում են: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասացին ՀՀ առողջապահության նախարարությունից:


Նախարարությունից մեզ տեղեկացրին, որ Սանկտ-Պետերբուրգից բժիշկ է հրավիրվել, այս պահին վիրահատությունն ընթանում է, ավարտից հետո հանդես կգան հայտարարությամբ:


Նշենք, որ Սերյոժա Ավետիսյանը Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում է: Վիրահատությունից առաջ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ղեկավարությամբ և աշխարհի առաջատար բժիշկների մասնակցությամբ հրավիրվել է չորրորդ կոնսիլիումը երեխայի առողջական վիճակը գնահատելու նպատակով:

 

Մինչ այժմ մանկան առողջական վիճակը գնահատվում էր կայուն ծանր: Նա միացված է եղել արհեստական շնչառության սարքը:

 

Ավելի ուշ ՀՀ առողջապահության նախարարությունը հանդես եկավ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

 

«ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մասնակցությամբ վաղ առավոտյան Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կայացած խորհրդակցության ընթացքում որոշում է կայացվել անցկացնել ընդլայնված խորհրդակցություն:

 

Ժամը 14:00-ին Հայաստանի և արտերկրից հրավիրված առաջատար մասնագետների մասնակցությամբ կայացավ ընդլայնված կոնսիլիում: Հեռախոսակապի միջոցով կապ է հաստատվել Քլիվլենդի (ԱՄՆ), Իսրայելի, Ֆրայբուրգի (Գերմանիա), Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի, աշխարհի լավագույն կլինիկաների մասնագետների հետ: Կյանքին սպառնացող բարդությունները, ինչպես նաև երեխայի հետագա խորը հաշմանդամության վտանգը կանխարգելելու նպատակով մասնագետները համատեղ որոշում են կայացրել գլխուղեղի փորոքների վիրաբուժական միջամտության միջոցով կատարել դրենավորում:

 

Վիրահատությունը հայաստանյան մասնագետների հետ կատարում է անվանի նյարդավիրաբույժ, պրոֆեսոր, Սանկտ Պետերբուրգի Պոլենովի անվան նյարդավիրաբուժության գիտահետազոտական ինստիտուտի մանկական կլինիկայի ղեկավար Վիլյամ Խաչատրյանը:

 

Մինչ վիրահատությունն իրականացվել են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, հաշվի առնելով, որ այն հնարավորություն կընձեռի կանխարգելել կյանքին սպառնացող հնարավոր բարդությունների զարգացումը, որոնց միտումները կլինիկորեն դեռևս առկա չեն, սակայն մասնագետների կարծիքով կարող են ձևավորվել կարճ ժամանակահատվածում:

 

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վիրահատության ողջ ընթացքում եղել է բժշկական կենտրոնում: Մասնագետների ջանքերի շնորհիվ վիրահատությունը բարեհաջող է անցել, տևել է 20 րոպե: Երեխան այժմ գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում:

 

Երեխայի վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր»: