«Mediamall.am»  լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.

 

Ավտովթար Դավիթաշենի կամրջի վրա

 

Օգոստոսի 1-ին, ժամը 23.10-ին, ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամրջի վրա տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Տոյոտա» մակնիշի 75 OQ 001 պետհամարանիշի (վարորդ Ղ. Ղ.), «Օպել աստրա» մակնիշի 61 PP 060 պետհամարանիշի (վարորդ Վ. Հ.), «ԲՄՎ X5» մակնիշի 39 MS 999 պետհամարանիշի (վարորդ Ա. Ե.) և «Օպել կորսա» մակնիշի 34 DC 997 պետհամարանիշի (վարորդ Բ. Տ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Օպել կորսա» մակնիշի ավտոմեքենան և դադարեցրել վառելիքի արտահոսքը: Զոհեր և Տուժածներ չկան:

 

***

 

Դիվերսիա շփման գծում. զոհվել է ՊԲ զինծառայող, հակառակորդն ունի երեք զոհ և յոթ վիրավոր. ԼՂՀ ՊՆ

 

Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտի/ ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն: Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր:
Ըստ ՊԲ համապատասխան ծառայությունների տրամադրության տակ եղած տվյալների, ադրբեջանական կողմը տվել է առնվազն երեք զոհ և յոթ վիրավոր, ինչպես նաև մարտադաշտում թողել հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ: Ցավոք թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է ՊԲ զինծառայող 1989թ. ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում Զ. Գևորգյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Դեպքի մանրամասները ճշտելու համար տարվում է քննություն:

Հարկ է նաև նշել, որ անցած գիշերվա ընթացքում հակառակորդի կողմից նախահարձակ գործողություններ են իրականացվել շփման գծի հյուսիսային, հյուսիսարևելյան և արևելյան ուղղություններով: Բոլոր դեպքերում էլ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները լուրջ հակայոթհարված են հասցրել հակառակորդին և հետ շպրտել իր ելման դիրքերը: Ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել, հակառակորդի կորուստների մասին տվյալները ճշտվում են:

Շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության ներքո գտնվող դիրքերը և հարկ եղած դեպքում հակառակորդին պարտադրել սեփական կամքը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

***

 

Հայաստանին մարդասիրական օգնություն ցուցաբերած հիմնական երկրները Նիդեռլանդները և ԱՄՆ-ն են

 

Մարդասիրական օգնության կարգով հունվար-հունիսին Հայաստան են ներմուծվել 1702 տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 9.6 մլրդ ՀՀ դրամ կամ 23.2 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 5,2 տոկոսով:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, տարվա առաջին վեց ամիսներին ստացված օգնության 30 տոկոսը կազմել են մանածագործական իրերը, 28.5 տոկոսը' քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.1 տոկոսը'տարբեր արդյունաբերական ապրանքներ, 8.5 տոկոսը'սարքերը և ապարատները, 8.4 տոկոսը' մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, իսկ 15.5 տոկոսը' մնացած ապրանքները:
Մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության 41.5 տոկոսը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, ընդ որում՝ միայն 24.4 տոկոսը՝ Նիդեռլանդներին: Միևնույն ժամանակ, 20.7 տոկոսը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 14.3 տոկոսը՝ Ավստրալիային, 11.4 տոկոսը՝ Չինաստանին:

 

***

 

Ադրբեջանը հրապարակել է չորս զոհերի անունները

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ օգոստոսի 1-ից լույս 2-ի գիշերվա մարտական գործողությունների ժամանակ ադրբեջանական բանակը 4 զինծառայող է կորցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, ՊՆ մամուլի ծառայությունը հրապարակել է նաեւ զոհերի անունները' ենթասպա Փարվին Սալահադին օղլու Ալիեւը, կրտսեր ենթասպաներ Ռահիլ Աֆսար օղլու Հուսեյնովը եւ Էլչին Ռասիմ օղլու Ահմեդովը, պայմանագրային զինծառայող Սարխան Հեյրաթ օղլու Գուլիեւը: Ադրբեջանի ՊՆ հայտնել է եւս երեք զինծառայողների վիրավորվելու մասին' նշելով, որ «հակառակորդի դեմ խոշոր տրամաչափի գնդացիրներ եւ տանկային հրանոթներ են կիրառում»:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 1-ից լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ (Մարտակերտ) ադրբեջանական բանակը հերթական հետախուզական դիվերսիոն գործողությունն է ձեռնարկել: ԼՂՀ ՊՆ տեղեկության համաձայն' ադրբեջանական կողմից 7 վիրավորներներ կան:
ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը եւ, վերջիններիս պատճառելով մարդկային եւ նյութական կորուստներ, հետ շպրտել իրենց ելման դիրքեր: Հակառակորդը մարտադաշտում թողել է հատուկ նշանակության զենքեր եւ այլ տեխնիկական միջոցներ:
Ցավոք թեժ դիմակայության ընթացքում Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար նահատակվել է ՊԲ զինծառայող Զորիկ Ժիրայրի Գեւորգյանը (ծնվ. 1989 թ.):
ԼՂՀ ՊՆ հայտնել է, որ շփման գծի ամբողջ երկարությամբ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն վերահսկել իրենց պաշտպանության ներքո գտնվող դիրքերը եւ հարկ եղած դեպքում հակառակորդին պարտադրել սեփական կամքը:

 

***

 

ԱՄՆ-ն անհանգստացած է զորքերի շփման գծում իրավիճակի սրմամբ. Ադրբեջանում ԱՄՆ գործերի հավատարմատար

 

ԱՄՆ-ը շատ անհանգստացած է ադրբեջանական եւ հայկական զորքերի շփման գծում իրավիճակի վերջին սրմամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Թրենդ» լրատվական գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դերեկ Խոգանը:
Խոգանը ափսոսանք է հայտնել երկու կողմերի կորուստների առթիվ, ինչպես նաեւ ընդգծել լարվածության վերացման անհրաժեշտությունը: Նա նշել է, որ երկու կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ պետք է աշխատեն այդ լարվածությունն առանց հետաձգելու վերացնելու ուղղությամբ:
ԼՂՀ պաշտպանական բանակը հայտնել է, որ ադրբեջանական բանակը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, կրելով բազմաթիվ կորուստներ' հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: Հայկական կողմը երկու զինվոր է կորցրել:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խոստովանել է «վերջին երեք օրերին մարտերում» Ադրբեջանի զինված ուժերի 8 զինծառայողների զոհվելու փաստը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են հուլիսի 31-ին Ղազախի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանում երկու սպաների, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական բանակի 9 զինծառայողների զոհվելու եւ 4 զինվորների վիրավորվելու մասին:

 

***

 

Հակառակորդը փախչելու ճանապարհին, մարտադաշտում թողել է մեծ քանակությամբ հատուկ նշանակության զինատեսակներ (լուսանկարներ)

 

ԼՂՀ ՊՆ-ը հրապարակել է ադրբեջանական խմբից առգրավված զինամթերքի լուսանկարները.
«Ի լրումն այսօր մեր կողմից տարածված հաղորդագրության հայտնում ենք, որ օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան /Մարտակերտ/ ուղղությամբ հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման արդյունքում, ադրբեջանական բանակը տվել է 5 զոհ և երեք վիրավոր, ինչը հաստատել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իսկ արևելյան /Մարտունու/ ուղղությամբ հակառակորդի կորուստները կազմում են 2 զոհ և 4-ից ավելի վիրավոր: Շարունակությունն այտեղ:

 

***

 

Ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում Հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու պատժամիջոցները. ՀՀ ՊՆ

 

ՀՀ ՊՆ-ը տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.
«Վերջին օրերի ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող իրավիճակը կտրուկ լարվել է: Ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը: ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ կիրառվում են խոշոր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներ և զինամթերք' նռնականետեր, ականանետեր, զենիթային հրանոթներ և ջերմաճնշումային արկեր: Հաճախակիացել է նաև սահմանամերձ բնակավայրերի գնդակոծումը: Օրըստօրե ավելանում են երկու կողմերի կորուստները:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարոււմ է, որ Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և հղի է ծավալուն ռազմական գործողությունների վերաճելու իրական վտանգով:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում Հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության' ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները»:

 

***

 

Հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը. ՀՀ ՊՆ

 

«Ս.թ. օգոստոսի 2-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում' ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Բարեկամավան գյուղը», - այս մասին ասվում է Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի և Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների' ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
ՀՀ զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը շփման գծում»:

 

***

 

Չինաստանի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել Է առնվազն 65 մարդ

 

Չինաստանի արեւելքի Կունշան քաղաքում «Չժունսուն» ընկերության մետաղամշակման գործարանում օգոստոսի 2-ին տեղի ունեցած պայթյունի զոհ Է դարձել առնվազն 65 մարդ, հաղորդել Է Agence France-Presse-ը: Իր հերթին «Սինհուա» գործակալությունը հաղորդել Է, որ արտակարգ պատահարի հետեւանքով գործարանում տուժել Է առնվազն 120 մարդ: Տուժածների մի մասը գտնվում Է խիստ ծանր վիճակում, տեղեկացնում Է «Արմենպրեսը»:
Ինչպես հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, պայթյունի պատճառների մասին պաշտոնական տվյալներ առայժմ չեն ստացվել: Սակայն տեղական զանգվածային լրատվամիջոցները հաղորդել են, որ արտակարգ պատահարը տեղի Է ունեցել ավտոմոբիլների պահեստամասերի հավաքման արտադրամասում՝ դյուրավառ նյութերով աշխատելիս անվտանգության տեխնիկայի խախտման պատճառով կամ Էլ շոգեկաթսայի վթարի պատճառով: Պատահարի վայրում աշխատում են բժիշկներ եւ փրկարարներ, հաղորդել Է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը: Զոհվածների եւ տուժածների սույգ թիվը ճշտվում Է:

 

***

 

Գերմանիայի հարավում մարդատար եւ բեռնատար գնացքների բախման հետեւանքով տուժել Է 35 մարդ

 

Գերմանիայում երկու գնացքների բախման հետեւանքով, ճշտված տվյալներով՝ տուժել Է 35 մարդ:
Այս մասին օգոստոսի 2-ին հաղորդել Է France-Presse գործակալությունը: 14 տուժողներ հոսպիտալացվել են, նրանցից չորսի վիճակը բժիշկները գնահատում են որպես ծանր:
Վթարի հետեւանքների վերացման համար պահանջվել Է երկու ժամ, ըստ որում Մանհայմի կայարանը, օգոստոսի 2-ի առավոտյան փակ Է եղել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Վթարը տեղի Է ունեցել օգոստոսի1-ին՝ Երեւանի ժամանակով մոտավորապես 23:00-ին Մանհայմ քաղաքի (Բադեն Վյուրտեմբերի Ֆեդերալ Երկրամաս) կայարանում: Eurocity մարդատար ճեպընթացը բախվել Է ապրանքատար շարժակազմի հետ:
Բախումից հետո, AFP-ի տվյալներով՝ մարդատար շարժակազմի հինգ վագոններ, որոնցում եղել Է ընդհանուր առմամբ 250 մարդ, դուրս են եկել ռելսերից, հաղորդել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

***

 

Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվն աճել է երկուսով. ԼՂՀ ՊԲ

 

Համաձայն ադրբեջանական աղբյուրների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի համատասխան ծառայությունների կողմից ձեռքբերված հավաստի տվյալների, օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և արևելյան հատվածներում հակառակորդի կողմից ձեռնարկված հետախուզադիվերսիոն գործողության արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի կրած կորուստների թիվը աճել է երկուսով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից, մասնավորապես Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ (նախկին 5-ի փոխարեն) և 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ' 3 զոհ (նախկին 2-ի փոխարեն) և 4 վիրավոր:
Վերոնշյալ գործողությունների ընթացքում ղարաբաղյան կողմը տվել է 1 զոհ, իսկ 3 զինծառայողներ ստացել են թեթև մարմնական վնասվածքներ: Միջադեպի հետ կապված մանրամասները շարունակում են ճշտվել:

 

***

 

Սերժ Սարգսյանը ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար Արիության մեդալով պարգեւատրել է Նորայր Քամալյանին

 

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արիության մեդալով պարգեւատրելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը' ո ր ո շ ու մ ե մ.
Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար զորամասի շարքային Նորայր Միքայելի ՔԱՄԱԼՅԱՆԻՆ պարգևատրել Արիության մեդալով»:

 

***

 

Նեպալի հյուսիս - արեւելքում սողանքի պատճառով զոհվել Է ութ մարդ

 

Նեպալի հյուսիս - արեւելքում տեղատարափ անձրեւների հարուցած սողանքի հետեւանքով զոհվել Է ութ եւ վիրավորվել մի քանի տասնյակ մարդ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպեսը», այս մասին հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները:
Իշխանությունների տվյալներով՝ առավել լուրջ իրավիճակ Է առաջացել Կատմանդուից 60 կիլոմետր դեպի հյուսիս - արեւելք՝ Սանքոշի գետի ողողադաշտում: Քարերի եւ ցեխի զանգվածը բառացիորեն փակել Է ջրի ճանապարհը, ինչը հանգեցրել Է երեք կիլոմետր տրամագծով արհեստական «լճի» գոյացման: Ջրի տակ Է անցել մայրաքաղաքը Տիբեթին միացնող ավտոմայրուղին:
Հուլիսից մինչեւ սեպտեբեր Նեպալում եւ Հնդկաստանի մեծ մասում սկսվում Է անձրեւների սեզոնը, որոնք ամեն տարի հանգեցնում են հեղեղումների եւ սողանքների, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

***

 

Քսան օր անհայտ կորած տղան հայտնաբերվել է Երևանում

 

ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հայտնաբերվել է քսան օր առաջ կորած համարվող Երևանի թիվ 6 հատուկ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Գագիկ Ավագյանը:

Այս մասին «Արմենպրեսը» տեղեկացավ ՀՀ ոստիկանության կայքէջից: Տղան ոստիկանությանը հայտնել է, որ վերջին քսան օրերի ընթացքում թափառում էր Երևան և Սևան քաղաքների փողոցներում:

Գագիկ Ավագյանը, ով տառապում է տկարամտությամբ, հուլիսի 10-ին, ժամը 19.00-ին, դուրս էր եկել իրենց տնից և անհայտ կորել: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ' օգոստոսի 1-ին, ժամը 16.30-ին, նա հայտնաբերվել է Երևանի Մարգարյան փողոցի 37 շենքի բնակարաներից մեկում:

 

***

 

Ադրբեջանական կայքերի վրա մի քանի կողմից DDoS հարձակում է. հայկական կայքերը փորձում են վերականգնվել

 

Հայ հաքերները նպատակաուղղված հարձակման են ենթարկել ադրբեջանական կայքերը: Դրան զուգահեռ ադրբեջանական կայքերը նաեւ մեկ այլ ուղղությամբ DDoS հարձակման են ենթարկվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: Նրա տեղեկացմամբ` հարձակումներից անմասն չեն մնացել նաև հայկական մի քանի լրատվական կայքեր, այդ թվում` voskanapat.infotimes.amemedia.am:


«Երեկ Ոսկանապատն ադրբեջանական զոհերի մասին ներքին տեղեկատվություն էր տարածել, որը, ամենայն հավանականությամբ, ջղայնացրել է նրանց»,-ասաց փորձագետը:


Նշյալ լրատվական կայքերի ներկայացուցիչներից ճշտեցինք, թե ինչ աշխատանքներ են տարվում կայքերի բնականոն աշխատանքը վերականգնելու ուղղությամբ:

 

«Մեր ադմիններն աշխատում են, այս պահին սերվերների հետ շատ դժվար է աշխատելը, DDoS-ը չի դադարում, ամեն մի հրամանը բավականին ժամանակ է տևում: Վերականգնման ժամկետների մասին չեմ կարող խոսել: Նրանք բացահայտել են IP-ներն ու այդպես են հարձակվել»,-հայտնեց times.am լրատվական, վերլուծական կայքի խմբագիր Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

 

Սեդրակ Մկրտչյանն էլ, ով հանդիսանում է emedia.am էլեկտրոնային լրատվական պարբերականի հիմնադիրը, հայտնեց, որ մասնագետները ներկայում աշխատանք են տանում, որպեսզի DDoS-ի ենթարկված կայքերը հասանելի դառնան Հայաստանում, հետո նաև արտասահմանյան IP-ների համար:

 

«Եթե այս հարձակումը գնահատենք 10 բալանոց սանդղակով, ապա այն կգնահատվի 8 բալ. բավական հզոր հարձակում է: Ընդ որում, հարվածել են ոչ թե սերվերին, այլ IP-ին, խորքային մակարդակի DDoS հարձակում է»,-հայտնեց Սեդրակ Մկրտչյանը:

 

 

***

 

ՀՀ Զինված ուժերը կասեցնելու են հրադադարի խախտման յուրաքանչյուր փորձ. ՀՀ նախագահի մամուլի խոսնակ

 

ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը «Մեդիամաքս»-ի խնդրանքով մեկնաբանել է ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը, որում, մասնավորապես, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ էր արվել հանդիպել «առաջին իսկ հնարավորության դեպքում»' առանցքային հարցերի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար:

«Հայաստանի Հանրապետությունը եւս վստահ է, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող ունենալ ռազմ ական լուծում: Ադրբեջանի խնդրանքով 1994 թվականին ստորագրված զինադադարի համաձայնագիրը հստակ իրավական պարտավորություններ է ստեղծում կողմերի համար, որոնք անհրաժեշտ է հարգել: Հրադադարի ռեժիմի խախտման յուրաքանչյուր փորձ կարող է հանգեցնել ռազմական նոր արկածախնդրության, ուստիեւ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը կասեցնելու են այդպիսի յուրաքանչյուր փորձ. խաղաղության դեմ ուղղված ոտնձգություններն արժանի հակահարված կստանան։

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ունի բացառապես խաղաղ բանակցային լուծում, եւ պարտադիր չէ մարդկային կյանքերի գնո վ ժամանակ առ ժամանակ վերաընկալել այս ճշմարտությունը: Հայաստանի Նախագահը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գահության՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացին եւ կառուցողական ոգով պատրաստ է մասնակցելուայդ շրջանակներում առաջարկվող հանդիպումներին», - ասել է Արման Սաղաթելյանը:

 

***

 

Ադրբեջանական լրատվամիջոցները կախվում են փրփուրներից. տեղեկատվական խայծերը կուլ չտալու չորս խորհուրդ

 

Որքանո՞վ է ճիշտ ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված տեղեկատվությունը թարգմանել եւ առանց ստուգելու հաղորդել ընթերցողին: Տեղեկատվության տրամադրման հարցում ի՞նչ սկզբունքներ է պետք կիրառել: Ինչպե՞ս «կուլ չտալ» հակառակորդի տեղեկատվական խայծերը:

Այս հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է հայկական մեդիադաշտի փորձագետների հետ ու պարզել, թե ինչ պ ետք է սպասել ադրբեջանական տեղեկատվական հարթակից առաջիկայում եւ լսել գնահատականներ հայկական եւ ադրբեջանական ԶԼՄ-ների աշխատանքի վերաբերյալ:

Տեղեկատվական անվտանգության փորձագետ ՍամվելՄարտիրոսյանը կարծում է, որ ադրբեջանական լրատվամիջոցներից որպես աղբյուր միշտ էլ կարելի է օգտվել, բայց միայն ինֆորմացիան ճշտելուց հետո: «Եթե նայենք, թե ինչպիսի տեղեկատվություն են տարածել երեկ և այսօր, կտեսնենք, որ մեծ քանակությամբ նպատակաուղղված ապատեղեկատվություն են տարածում: Այս պահին պետք է շատ զգույշ լինել: Մեր լրատվամիջոցները պետք է առաջնորդվեն այն կանխավարկածով, որ Ադրբեջանը ճիշտ տեղեկատվություն չի տարածում»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը' ևս մեկ անգամ շեշտելու, որ պետք է տասնապատիկ զգոն լինել: Շարունակությունն այստեղ:

 

***

 

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին չի կարող դրվել հարցականի տակ. Էդվարդ Նալբանդյան

 

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության շուրջ առկա ձգձգումների եւ քաղաքականության վերանայման հնարավորության մասին news.am-ի հարցին:

Հարց - Հաշվի առնելով ռուսական ընկերությունների դեմ ԱՄՆ և Եվրամիության կողմից կիրառվող պատժամիջոցների Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շուրջ առկա ձգձգումները, կարելի՞ է արդյոք ակնկալել այդ կառույցին Հայաստանի անդամակցության քաղաքականության վերանայում:

Պատասխան - Հայաստանի Հանրապետության անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը բխում է մեր երկրի տնտեսական զարգացման և ռազմավարական շահերից: Մեր անդամակցությունն այդ կառույցին չի կարող դրվել հարցականիտակ: Հայաստանն անշուշտ ձգտելու է ավարտին հասցնել Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության գործընթացը'ստանձնելով այդ կառույցում որոշումների կայացման մեխանիզմներում պատասխանատվության իր լիարժեք մասը:

Դա նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանին'արտահանման իր հիմնական շուկաներում մրցակցային առավելությունների մեծացման և արտահանման ծավալների ավելացման, Միության անդամ պետությունների հետ տնտեսական հարաբերություններիառավել ընդլայնման ու խորացման, ինչպես նաև այդ պետություններից Հայաստան ուղղակի ներդրումների խթանման առումով: