«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Զինված ուժերը կանխարգելիչ գործողություններ են իրականացրել. ադրբեջանական կողմն ունի 3 զոհ
Լուրեր.com-ի՝ Պաշտպանության բանակին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, հայկական զինված ուժերը կանխարգելիչ գործողություններ են իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Ըստ տեղեկությունների՝ ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:
Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան:
***
Դիվերսիոն ներթափանցման փորձեր՝ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում. ՊԲ-ն կորուստներ չի ունեցել
Հունվարի 22-ին և լույս 23-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձեր: Այդ մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական հատուկ նշանակության ջոկատայինների առաջխաղացումը և հետ շրտել ելման դիրքեր:
Հակառակորդին դիմագրավելու ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել: Նախնական տվյալներով՝ ադրբեջանական կողմն ունի 3 զոհ:
Նույն ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 320 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82մմ ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերն օպերատիվ մարտավարական իրադրությունը շարունակում են պահել վերահսկողության տակ՝ անհրաժեշտության դեպքում դիմելով պատասխան գործողությունների:
***
Ռոբերտ Քոչարյանը խոսել է Գյումրիի դեպքերի և տնտեսական հարցերի մասին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2rd.am-ին հարցազրույց է տվել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.
Պարոն նախագահ, առաջին հերթին անդրադառնանք Գյումրու ողբերգությանը: Բառացիորեն այն պահից, ինչ մարդասպանին կալանավորեցին, Գյումրիում դժգոհության մեծ ալիք բարձրացավ:
Զգացմունքային ծայրահեղ լարվածության մթնոլորտում բախումներ տեղի ունեցան ոստիկանական ուժերի հետ: Հայտնի է, որ այդ ամենի, ինչպես և հիմա անընդհատ ահագնացող դժգոհության պատճառը երկու անպատասխան հարցերն էին. ո՞ր երկրի օրենքներով պետք է դատվի մարդասպանը և ո՞ր պետության տարածքում պետք է կրի իր պատիժը: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անեին իշխանությունները այդ իրավիճակում:
Գյումրիում կատարված ոճրագործությունը, որ ցնցեց ամբողջ Հայաստանը, ապշեցնում է իր դաժանությամբ: Ակնհայտ էր, որ մարդկանց վրդովմունքը կարող է վերածվել զանգվածային գործողությունների՝ անկանխատեսելի հետևանքներով:Շարունակությունն՝ այստեղ:
***
ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով
ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնել Տավուշի մարզում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելու ժամանակ զոհված երկու զինծառայողների ընտանիքներին' միաժամանակ հայտնելով, որ ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.
«Լիովին կասեցնելով սեփական զինված ուժերին վերաբերվող բացասական և շփման գծում սեփական կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերող տեղեկատվության յուրաքանչյուր հրապարակում' ադրբեջանական կողմը շարունակում է սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները և հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում դիվերսիոն իր մարտավարությունը:Շարունակությունն՝ այստեղ:
***
Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում բախումների ընթացքում վիրավորում ստացած մայորին պարգևատրել է բնակարանով
ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Գյումրիում ցուցարարների հետ բախման ընթացքում վիրավորում ստացած՝ ոստիկանության մայորին պարգևատրել է բնակարանով:
Հիշեցնենք, որ Գյումրիում հունվարի 15-ին տեղի ունեցած բռնությունների հետևանքով Գյումրիի բժշկական կենտրոն էր դիմել 28 հոգի:
Ավելի ուշ, ոստիկանության մայորին Գյումրու բուժկենտրոնից տեղափոխել էին Երևանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոն: Վերջինս գլխուղեղի բաց վնասվածք էր ստացել, վիրահատվել: Ոստիկանին տեղափոխել էին նյարդավիրաբուժական բաժանմունք:
Նշենք նաև, որ Վլադիմիր Գասպարյանն ավելի վաղ այցելել էր հիվանդանոց՝ վիրավոր ոստիկանին տեսության:
***
Սեյրան Օհանյանն ու Արմեն Երիցյանը մեկնել են Տավուշի մարզ
Լուրեր.com-ի աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու Արտակարգ իրավիճակների և տարածքային կառավարման նախարար Արմեն Երիցյանը մեկնել են Տավուշի մարզ:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այսօր առավոտյան ժամը 9:00-ի սահմաններում ադրբեջանական բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները հարձակում են իրականացրել նաև Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի ուղղությամբ:
Հայկական բանակի համապատասխան ստորաբաժանումների կողմից ժամանակին հայտնաբերվելով մարտ է սկսվել, որը տևել է շուրջ կես ժամ: Հակառակորդը կորուստներ կրելով և մարտական խնդիրը չկատարելով հետ է շպրտվել, սակայն, ցավոք, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ:
Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:
***
Դոնբասի աշխարհազորը հարձակողական գործողություններ Է ծավալել շփման գծի ողջ երկայնքով
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարել Է, որ աշխարհազորը մտադիր Է հարձակվել ընդհուպ մինչեւ մարզի վարչական սահմաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Մենք հարձակվելու ենք մինչեւ Դոնեցկի մարզի սահմաններ, բայց եթե ես սպառնալիք տեսնեմ նաեւ այլ կողմերից, կվերացնենք»,-ասել Է Զախարչենկոն:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նաեւ ընդգծել Է, որ ԴԺՀ-ն այլեւս փորձեր չի ձեռնարկի ուկրաիանական կողմի հետ խոսել զինադադարի մասին: «Այժմ մենք կտեսնենք, թե ինչպես Է արձագանքելու Կիեւը: Կիեւն այժմ չի հասկանում, որ մենք կարող ենք հարձակվել միաժամանակ երեք ուղղություններով»,-հավելել Է ժողովրդական հանրապետության ղեկավարը:
Դոնբասում վերսկսվել են լայնածավալ մարտական գործողությունները: Ինչպես պատմել Է Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսանդր Տուրչինովը, աշխարհազորայիններն ակտիվ հարձակողական գործողությունների են անցնում շփման գծի ամբողջ երկայնքով, հաղորդում Է «Ուկրաինա 112»-ը:
***
«Ադրբեջանը վճարում է իր երիտասարդների արյունով՝ գնալով նոր սադրանքների». Շավարշ Քոչարյան
ԱԳ Նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը News.am տեղեկատվական կայքի հարցին
Հարց. Ամանորից սկսած Ադրբեջանի արկածախնդիր գործողությունների հետևանքով շարունակում է սրվել իրավիճակը Հայաստանի հետ սահմանին և Արցախի հետ շփման գծում, ինչը զոհերի պատճառ է դարձել։ Ի՞նչ շարժառիթներով է դա արվում։
Շավարշ Քոչարյան. Խորապես ցավակցում ենք զոհված զինվորների հարազատներին և մերձավորներին։ Հայկական կողմերի յուրաքանչյուր կորուստ խորը ցավ է մեզ համար։
Իսկ Ադրբեջանի ղեկավարությունը թաքցնում է իր սադրանքների արդյունքում ունեցած տասնյակ զոհերի մասին տեղեկատվությունը։
Բաքվի ռեժիմը ամեն գնով իր իշխանությունը երկարաձգելու և Ադրբեջանի ժողովրդի հաշվին կուտակվող սեփական հարստությունը բազմապատկելու համար՝ վճարում է իր երիտասարդ զինվորների արյունով՝ գնալով նորանոր արկածախնդիր սադրանքների։
Նմանատիպ սադրանքներով Բաքվի ռեժիմը միայն նպաստում է միջազգային հանրության կողմից իրեն հասցեագրված՝ իրերն իրենց անունով կոչելու սկիզբ առած գործընթացին։