ՀՀ պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնել Տավուշի մարզում հակառակորդի դիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելու ժամանակ զոհված երկու զինծառայողների ընտանիքներին' միաժամանակ հայտնելով, որ ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշված է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.
«Լիովին կասեցնելով սեփական զինված ուժերին վերաբերվող բացասական և շփման գծում սեփական կորուստներով ուղեկցվող ձախողումներին վերաբերող տեղեկատվության յուրաքանչյուր հրապարակում' ադրբեջանական կողմը շարունակում է սահմանային իրավիճակն ապակայունացնող գործողությունները և հայ-ադրբեջանական սահմանագոտու տարբեր հատվածներում դիվերսիոն իր մարտավարությունը:
Անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահմանման ռեժիմը սահմանագոտու տարբեր հատվածներում' կիրառելով հրաձգային, այդ թվում' խոշոր տրամաչափի զինատեսակներ: Հունվարի 23-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձեր են ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների զգոնության և աչալրջության շնորհիվ դիվերսիոն խմբավորումերի հերթական փորձերը ձախողվել են: Ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսիոն խմբերի առաջխաղացումը կասեցվել է և հակառակորդը հետ է շպրտվել: ՀՀ զինված ուժերը վստահորեն վերահսկում են սահմանային իրավիճակը շփման գծի ամբողջ երկայնքով:
Ծավալված գործողությունների արդյունքում, ցավոք, հայկական կողմն ունի կորուստներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունն է հայտնում զոհվածների ընտանիքներին ու հարազատներին»: