Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը՝ Սուրբ Ծննդյան օրը հրադադարի ռեժիմ սահմանել շփման գծի ամբողջ երկայնքով։ Զելենսկին դա անվանել է «քողարկում», որի նպատակն է ամրապնդել ռուսական դիրքերն առաջնագծում։ Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի նախագահի երեկոյան ուղերձը։
«Այժմ նրանք ցանկանում են Սուրբ Ծնունդն օգտագործել՝ որպես քողարկում, որպեսզի թեկուզ որոշ ժամանակով կասեցնեն մեր տղաների առաջխաղացումը Դոնբասում և տեխնիկան, զինամթերքն ու զորակոչված զինծառայողներին մոտեցնեն մեր դիրքերին», - ասել է Զելենսկին՝ հավելելով, որ Կրեմլը պատերազմում դադարն օգտագործում է, որպեսզի պատերազմը շարունակի նոր թափով։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր «Արմենպրես»-ը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի պաշտպանության նախարարին կարգադրել էր Ուկրաինայում հրադադար սահմանել հունվարի 6-ի ժամը 12.00-ից մինչև հունվարի 7-ի ժամը 24.00-ն՝ հաշվի առնելով Սրբազան Կիրիլ Պատրիարքի դիմումը։ Պուտինն ուկրաինական կողմին կոչ էր արել հրադադարի ռեժիմ հայտարարել և մարտական գործողությունների շրջաններում ապրող ուղղափառություն դավանող քաղաքացիներին հնարավորություն տալ մասնակցելու Ճրագալույցի , ինչպես նաև՝ Սուրբ Ծննդյան պատարագներին։