«Mediamall.am»  լրատվականն ամփոփում է անցնող օրը.














Շփման գծում, նախորդ օրերի համեմատ, լարվածությունը նվազել է. ԼՂՀ ՊՆ

 

 

Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, նախորդ օրերի համեմատ, նկատվել է լարվածության նվազման միտում:

 

Այսպես, նշված ժամակահատվածում արձանագրվել է հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման մոտ 180 խախտում, ինչի արդյունքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 1700 կրակոց:

 

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են պահպանել շուրջօրյա զգոնություն և աչալրջություն' օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով մշտական վերահսկողության տակ:

 

 

***

 

 

Հայ ծաղրանկարիչը «բախտի բերմամբ» է փրկվել Charlie Hebdo-ի ահաբեկչության զոհը դառնալուց

 

 

Ֆրանսիական Huffington Post-ը տեղեկացնում է, որ Charlie Hebdo-ի ծաղրանկարիչներից մեկը՝ Մատիե Մադենյանը, խմբագրության վրա կատարված հարձակման ընթացքում աշխատանքից բացակայել է՝ այդպիսով փրկվելով մահից: Այս մասին հայտնում է «Ասպարեզը»:

 

Այդ չարաբաստիկ օրվա առավոտյան Մադենյանը զանգահարել է Charlie Hebdo-ի խմբագրություն և տեղեկացրել, որ ինքն աշխատանքի չի գնալու: Մադենյանն իր գործընկերներին կատակով հայտնել է, որ խմբագրություն գնալու ժամանակ իր հետ սուրբծննդյան պատկերով տորթ է տանելու: Post-ի լրագրողը, արձագանքելով այս տեղեկությունը, Մադենյանին հայտնել է, որ նրան փրկողը սուրբծննդյան պատկերն է եղել. «քեզ մոգերը փրկեցին»,- ասել է լրագրողը:

 

«Անհավատալի է: Մայրս քանիցս զանգահարում էր և հարցնում, թե ուր եմ: Ես միայն մահացածների մասին էի մտածում»,- ասել է Մադենյանը:

 

 

***

 

 

Հարուցվել է քրեական գործ թուրք լրագրողին Երևանում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ

 

 

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ' Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարիին Երևանում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ:

 

2014թ. դեկտեմբերի 26-ին' ժամը 05:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում' թիվ 42 Ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկվել հետիոտն' Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարին, և մարմնական վնասվածքներով տեղափոխվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ:

 

2015թվականի հունվարի 5-ին հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասով և 244-րդ հոդվածով: Կատարվում է նախաքննություն:

 

2015 թվականին հունվարի 7-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկություն է ստացել, որ նույն օրը' ժամը 01:30-ի սահմաններում, Գայե Ջոշարը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում գիտակցության չգալով, մահացել է: Նույն օրը նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

 

Նախաքննության շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է վրաերթ կատարած վարորդի ինքնությունը: Հանձնարարություն է տրվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնին' վարորդին և վրաերթ կատարած ավտոմեքենան հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

 

Հարցաքննվել են մի շարք անձինք, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացուն մինչ վրաերթի պահն ընկերակցած անձինք:

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ նախաքննությունը շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքների օբյեկտիվ, բազմակողմանի հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 

 

***

 

 

Charlie Hebdo-ի խմբագրության վրա ահաբեկչական հարձակում իրականացրած կասկածյալներից մեկը վերապատրաստվել է Եմենում. ԶԼՄ-ներ

 

 

Ֆրանսիական Charlie Hebdo թերթի խմբագրության վրա ահաբեկչական հարձակում իրականացրած կասկածյալներից մեկը վերապատրաստվել է Եմենում տեղակայված «Ալ-Քաիդայի» ճամբարում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The New York Times թերթին:

 

Ամերիկյան պաշտոնյայի խոսքով՝ 2011-ին 34-ամյա Սաիդ Քուաշին մի քանի ամիս վերապատրաստում է անցել ահաբեկչական բազաներից մեկում Ֆրանսիա վերադառնալուց առաջ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սաիդ Քուաշին և նրա եղբայր Շերիֆը գրանցված էին ԱՄՆ ահաբեկիչների մասին կառավարության տվյալների բազայում, ինչպես նաև ներառված են եղել այն անձանց ցուցակում, ում արգելված է ԱՄՆ կամ ԱՄՆ-ից թռչող ինքնաթիռների վայրէջքը:

 

 

***

 

 

Charlie Hebdo-ի վրա հարձակվողներն ու ոստիկանին սպանողը ծանոթ են եղել. Փարիզում տեղի ունեցած հրաձգության հետևանքով կան զոհեր

 

 

Առնվազն երկու մարդ է վիրավորվել Փարիզի արևելքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, որտեղ անհայտ անձինք պահում են պատանդներին, հաղորդում է France 24-ը:

Նախնական տվյալներով՝ պատանդներին վերցրել են նույն տղամարդիկ, ովքեր մեկ օր առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքի ծայրամասում կրակել են ոստիկան կնոջը:

 

 

Ահաբեկիչները պատանդ են վերցրել չորսից վեց մարդու: Նրանց թվում կան կանայք և երեխաներ:

Ֆրանսիայի ոստիկանության աշխատակիցները հայտարարել են, որ Charlie Hebdo ամսագրի խմբագրության վրա հարձակման և ոստիկանի սպանության մեջ կասկածվողները ծանոթ են եղել միմյանց հետ:

 

Նրանք բոլորը պատկանել են ջիհադիստների միևնույն կազմակերպությանը, որը գործել է Փարիզի հյուսիս-արևելքում:

Դամարտեն-ան-Գոել քաղաքում գործող մի քանի դպրոցից մարդիկ տարհանվել են:

 

Դամարտենի խոսնակ Օդրի Տաուպենասն Associated Press գործակալությանը հայտնել է, որ պաշտոնյաները հեռախոսային կապ են հաստատել կասկածյալների հետ, որպեսզի նրանց հետ բանակցեն մոտակայքում գտնվող դպրոցի անվտանգ տարհանման վերաբերյալ: Նրա խոսքով՝ կասկածյալները համաձայնել են:

 

 

***

 

 

 

Charlie Hebdo-ի վրա հարձակված Քուաշի եղբայրները սպանվել են

 

 

Քիչ առաջ սպանվել են ֆրանսիական Charlie Hebdo երգիծական հանդեսի խմբագրությունում սպանդի իրականացման մեջ կասկածվող Քուաշի եղբայրները:

 

Գործողությունն իրականացրել են Ֆրանսիայի հատուկ ծառայությունները, դեպքի վայրում ուղղաթիռներ են շրջել: Բացի այդ' մի քանի պայթյուն է գրանցվել:

 

Սայիդ և Շերիֆ քուաշիների կողմից վերցված պատանդը փրկվել է: