«Mediamall.am»-ը ներկայացնում է օրվա գլխավոր իրադարձությունները.


Վթար «Երևանյան լճի» մոտակայքում. կա տուժած

 

Օգոստոսի 1-ին, ժամը 02.15-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի «Երևանյան լճի» մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Սեբաստիա փողոցում' «Եռաբլուր» պանթեոնի մոտակայքում, դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2121» մակնիշի 35 VT 134 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսսան» մակնիշի 34 PQ 330 և «Օպել» մակնիշի 35 ՍԼ 892 պետհամարանիշերով ավտոմեքենաներին, ինչի հետևանքով «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան շրջվել է:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը' «ՎԱԶ-2121»-ի ուղևոր՝ 1990 թ. ծնված Մ. Գ.-ը հոսպիտալացվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել և գազազրկել են ավտոմեքենաները:

 

***

 

Ադրբեջանը խոստովանել է վերջին դիվերսիոն գործողությունների ժամանակ 8 զինծառայողի զոհվելու փաստը

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ը մի քանի ուղղություններով ԼՂՀ եւ ՀՀ դեմ դիվերսիոն գործողությունների ընթացքում փոխհրաձգության ժամանակ զոհվել են ադրբեջանական բանակի 8 զինծառայողներ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով APA լրատվական գործակալությունը, Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը նաեւ նշել է, որ հուլիսի 31-ին տեղական ժամանակով ժամը 20:00-ին Ղազախի շրջանի ադրբեջանա-հայկական սահմանում հրազենային կրակոցից զոհվել է զինված ուժերի ենթասպա Իսա Զիյադ Օղլու Ալմազովը (ծնվ.1977 թ.): Ի. Ալմազովը զինծառայության էր կանչվել Ղազախի շրջանից:
APA-ն հուլիսի 31-ին հայտնել էր, որ Աղդամի Չիրաղլը գյուղի մերձակայքում հրազենային վիրավորումից զոհվել է ադրբեջանական բանակի զինծառայող Գարյաղլը Էլդար Օղլու Ահմեդովը:
Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են նաեւ, որ դիվերսիոն գործողությունների ժամանակ բազմաթիվ զինծառայողներ վիրավորվել են: Մասնավորապես' minval.az-ը հայտնում է, որ 4 վիրավոր զինծառայողներ տարվել են Շամքորի զինվորական հոսպիտալ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն, 2014 թվականի սկզբից մինչեւ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 62 զինծառայող, որոնցից 42-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 102 զինծառայողներ էլ վիրավորվել են:

 

***

 

Գազի պայթյուններ Թայվանում. զոհվել Է առնվազն 24 մարդ

 

Թայվանի հարավի Գաոսյուն քաղաքում գազի մի քանի հուժկու պայթյունների հետեւանքով զոհվել է 24 մարդ, շուրջ 270-ը վիրավորվել է, հաղորդել են երկրի իշխանությունները, տեղեկացնում է «Արմենպերս»-ը:
Զոհվածների թվում չորսը հրշեջներ են: Պատահարի վայրում արված լուսանկարներում երեւում են պայթյուններից առաջացած վիթխարի բոցը, շրջված ավտոմեքենաներ, տապալված ծառեր, ճանապարհի մեջտեղում գոյացած ձագարափոսեր:
Թայվանի վարչապետ Ցզյան Իհուան հայտարարել է, որ տեղի Է ունեցել հինգ պայթյուն: Վարչապետի խոսքով՝ բազմաթիվ պայթյունների պատճառը գազի արտահոսն է կոյուղու համակարգում:
Մերձակա շրջաններում մարդկանց տարահանել են դպրոցներ, հաղորդում են տեղական իշխանությունները:
«Ես ճանապարհին ամենուրեք տեսա բազմաթիվ շրջված ավտոմոբիլներ եւ մոտոցիկլետներ եւ բժիշկների, որոնք ստուգում Էին պառկած մարդկանց՝ մեռած են նրանք, թե ողջ»,- BBC-ին պատմել Է պայթյունների ականատեսներից մեկը:
Նրա խոսքով՝ պայթյունները գոյացրել են հսկայական փոս՝ նման վիթխարի չափերի քարանձավի:

 

***

 

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով սպանված 20-ամյա Արարատը ընտանիքի միակ տղան էր, 4 ամսից վերադառնալու էր. Shamshyan.com

 

Ադրբեջանական դիվերսիայի հետեւանքով հուլիսի 31-ին զոհված ժամկետային զինծառայող Արարատ Խանոյանը ընտանիքի միակ տղան էր։ Այս մասինSHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը: Նա ասաց, որ Արարատին 4 ամիս էր մնում ծառայությունը ավարտելու համար: «Ջոկի հրամանատար, շատ լավ ծառայող էր: Հայրը ուրիշ կնոջից մի տղա էլ ունի, ով Ռուսաստանում է եւ տեղեկանալով այդ մասին՝ արդեն վերադառնում է: Այս կնոջից միայն Արարատն էր եւ իրենից փոքր մեկ քույր ունի: Արարատը հոր արհեստով էր զբաղվում. մեքենաներ էր վերանորոգում եւ ծառայությունից վերադառնալուց հետո որոշել էր այդ արհեստով զբաղվել: Փոքրուց էր այդ արհեստով աշխատում»,- ներկայացրեց գյուղապետը:

Շարունակությունը՝ այստեղ:

 

 

***

 

Շուրջ 40 տարի առաջ ստորագրվեց փաստաթուղթ, որի գլխավոր սկզբունքներից մեկը ազգերի ինքնորոշումն է

 

 

Ուղիղ 39 տարի առաջ հենց օգոստոսի 1-ին Հելսինկիում ստորագրվեց ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտն ու հետագա չորս տասնամյակների ընթացքում հակամարտություններն ու վեճերը կարգավորվում են այս փաստաթղթի համաձայն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Հելսինկյան Եզրափակիչ ակտում սահմանվում են տարբեր, այդ թվում, նաև տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Հելսինկյան եզրափակիչ ակտը կարևորագույն միջազգային փաստաթուղթ է: Այն կազմված է 10 սկզբունքներից, որոնք այդ ակտը ստորագրած երկրները պարտավորվում են հարգել, կատարել, պաշտպանել և գործել դրանց համաձայն, քանի որ այդ սկզբունքները համակարգում են նրանց միջև հարաբերությունները:

Հելսինկյան եզրափակիչ ակտը դարձավ ազգերի ինքնորոշման կարեւորագույն փաստաթղթղերից մեկը, ինչի հիման վրա բազմաթիվ ժողովուրդներ կարողացան ձեռք բերել ազատություն եւ անկախություն: Ակտի ստորագրումից անցել է շուրջ 40 տարի, սակայն ակտի դրույթներն այսօր էլ արդիական են: Հենց այս փաստաթղթի հիման վրա է կարգավորվել սերբական հակամարտությունն ու Կոսովոն ստացել է անկախություն: Այսօր աշխարհը խոսում է ինքնորոշում ստանալ ցանկացող երկու սուբյեկտնների' Կատալոնիայի եւ Շոտլանդիայի մասին: Երկուսի դիրքորոշումն էլ հենվում է վերոնշյալ փաստաթղթի սկզբունքնե րի հիման վրա:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները եւս հիմնվում են Հեըսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների վրա' ազգերի ինքնորոշում, ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառում եւ տարածքային ամբողջականություն: Հակամարտության կարգավորումը հիմնականում հենված է վերոնշյալ երեք սկզբունքների պահպանման, համաձայնեցման եւ կատարման շուրջ:

Ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառումը ցանկացած հակամարտության կարգավորման կարեւորագույն նախապայման է. նախ պետք է հաստատվի գոնե ժամանակավոր խաղաղություն, ինչը պետք է նպաստի բանակցությունների սկսմանն ու հակամարտության կարգավորմանը: 1994թ. մայիսից, երբ ստորագրվեց զինադադարն ու մեկնարկեց ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը, վերոնշյալ սկզբունքի պահպանումը բազմիցս խախտվել է: Ադրբեջանը պետական մակարդակով բազմիցս դիմել է ռազմական հռետորաբանության: Անգամ Ալիեւ կրտսերի ամանորյա շնորհավորանքներում առկա էր ուժի սպառնալիք: Շատ հաճախ ուժի սպառնալիքը վերածվում է կիրառման ու հակառակորդը խախտում է զինադադարն ու գնդակոծում սահմանամերձ հայկական գյուղերը: Կարելի է ասել, որ ուժի սպառնալիք է նաեւ այն փաստը, որ միջազգային կազմակերպությունների, դիտորդների եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող պետությունների ղեկավարների հորդորներին ի պատասխան Ադրբեջանը հրաժարվում է հայ-ադրբեջանական սահմանից եւ շփման գծից հեռացնել դիպուկահարներին եւ շատ հաճախ հենց դիպուկահարների միջոցով լարվածություն առաջացնում սահմանին:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովուրդն իրականացրել է հանրաքվե եւ ազգերի ինքնորոշման իրավունքի միջազգային բոլոր ստանդարտներին համապատասխան կողմ արտահայտվել անկախությանը: Դա ամրագրված փաստ է, ինչը պետք է ոչ միայն հաշվի առնվի, այլեւ բացառի երկակի ստանդարտների կիրառումը: Ժողովրդի կամքն ու դիրքորոշումը պետք է վեր դասվի, ինչպես դա եղավ Կոսովոյի հարցում:

Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքին, ապա այս պարագայում անհրաժեշտ է հստակություն մտցնել, թե տարածքային ամբողջականություն ասելով ինչ երկիր եւ ինչ սահմաններ նկատի ունենք: Ադրբեջանի Հանրապետությունը Հելսինկյան եզրափակիչ ակտը ստորագրել է 1992թ.: Այդ ժամանակ արդեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չէր կարող մաս կազմել Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը, այն պարզ պատճառով, որ չէր գտնվում Ադրբեջանի իրավասության ներքո: Բացի այդ, ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանն իրեն հայտարարել է 1918թ. Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդ եւ եթե ուսումնասիրենք փաստերն ու փաստաթղթերը, ապա այդ ժամանակ էլ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում չէր: Ուստի, այս առնչությամբ նույնպես տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի առնչությամբ Ադրբեջանը որեւէ իրավական հիմք չունի ԼՂՀ-ի նկատմամբ:

 

Հասմիկ Հարությունյան



***



Ադրբեջանցի դիվերսանտները վերցրել են փորլուծության դեղերը, սակայն մոռացել են պամպերսները


 

Ադրբեջանցի դիվերսանտների դեղատուփի հինգ դեղերից երեքը նախատեսված են փորլուծության և ստամոքսի խանգարման հետևանքները հաղթահարելու համար: Այս ուշագրավ դետալն ի հայտ է գալիս ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից՝ Ադրբեջանի դիվերսանտներից արգրավված դեղատուփի հրապարակված լուսանկարից: Գրում է «Արմենպրես»-ը:
Ըստ դեղատուփում տեղադրված դեղերի ցանկի՝ հինգ դեղամիջոցներից երեքը նախատեսված են ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների և փորլուծության հետևանքների հաղթահարման համար: Մասնավորապես՝ «Ֆուրազալիդոն» դեղամիջոցն ու ակտիվացված ածուխն օգտակար են փորլուծության, «Ցեռուկալը»' փսխումների եւ աղիքների բորբոքման դեպքում: Մնում է միայն ենթադրել, թե ինչու է ադրբեջանցի դիվերսանտներին որպես առաջին օգնություն անհրաժեշտ եղել կանխել լուծը, եւ հիշել Ցռան Վերգոյի էպիկական կերպարը:

 

 

***

 

 

Հայաստանում մշտական բնակություն ունի 3 մլն 9.8 հազար մարդ

 

 

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 3 մլն 9.8 հազար մարդ: Նրանցից գյուղաբնակ է 1 մլն 97.9 հազարը, իսկ քաղաքաբնակ'1 մլն 911.9 հազարը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, Երևանի բնակչության թվաքանակը կազմել է 1 մլն 69 հազար մարդ:
Հայաստանի մարզերից առավելագույն բնակչությունն ունի Արմավիրի մարզը' 266 հազար մարդ, ապա Արարատի մարզը' 261 հազար մարդ, Կոտայքի մարզը' 253 հազար, Շիրակի մարզը'247.3 հազար, Լոռին' 233.2 մարդ:
Առավել քիչ բնակչություն ունեն Սյունիքը' 140.5 հազար մարդ, Արագածոտնը' 131 հազար և Տավուշը' 126.4 հազար մարդ: Վայոց ձորն ունի ամենաքիչ բնակչությունը' 51.4 հազար մարդ:
Երևանի վարչական շրջաններից ամենաբնակեցվածը Շենգավիթն է, որտեղ ապրում է 138 հազար մարդ, Մալաթիա-Սեբաստիան' 134.6 հազար, Նոր Նորքը' 128.8 հազար և Կենտրոնը' 125.7 հազար մարդ: Երևանի վարչական շրջաններից ամենաքիչ բնակչությունն ունի Նուբարաշենը' 9.7 հազար մարդ:

 

 

***

 

 

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար

 

 

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի' հուլիսի 31-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահայտվել է 9-ը, խարդախության 4 դեպքերը բացահայտվել են: Բացահայտվել է նաև գողության 10 դեպք։
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 18 մարդ ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

***

 

 

Ադրբեջանը հրապարակել է դիվերսիայի ժամանակ սպանված իր զինվորների ցուցակը

 

 

Նրանից հետո, երբ ԼՂՀ պաշտպանության բանակը' ի պատասխան Ադրբեջանի ՊՆ հերքումներին հրապարակել է լուսանկարներ, որոնք վկայում են, որ հայկական կողմը կանխել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի թափանցման փորձը, Ադրբեջանը հրապարակել է հուլիսի 31-ին արցախյան եւ ադրբեջանական ուժերի շփման գծի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական դիրքերի վրա ադրբեջանական կողմի հարձակման ժամանակ զոհված իր զինծառայողների ցուցակը, որ շարունակում է լրացնել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, APA-ն հայտնում է, որ փոխհրաձգության ժամանակ զոհվել են զինծառայողներ Հուսեին Էթիբար օղլու Աբդինովը, Ալի Ռահիմովը, Մուստաֆա Ալիջոշգունովը, Սաֆթար Մամեդովը, Էլնուր Իբրահիմովը, Վյուգար Փոլադովը, պայմանագրային զինծառողներ Էլվին Ասքերովը, Գարյաղդը Էլդար օղլու Ահմեդովը (ծնվ. 1992 թ.), ենթասպա Իսա Զիյադ օղլու Ալմազովը (ծնվ. 1977 թ.): 5 զինծառայողներ էլ վիրավորվել են: Վիրավորվածների անունները ճշտվում են:
Հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ' հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության արդյունքում զոհվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողներ' Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Աշոտ Արթուրի Ասոյանը: Միջադեպի մանրմասները պարզելու համար տարվում է հետաքննություն:
Ներկայում ադրբեջանական կողմից հարձակման ենթարկված տարածքն ամբողջությամբ գտնվում է Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Անցկացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հակառակորդից առգրավվել է մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն եւ տեխնիկական միջոցներ:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 62 զինծառայող, որոնցից 42-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 102 զինծառայողներ էլ վիրավորվել են:

 

 

***

 

 

Ճանաչենք մեր հերոսին. դիվերսիայի հետևանքով զոհված Ազատի զորացրվելուն մնացել էր մի քանի օր (լուսանկարներ)

 

 

Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Նշենք, որ հենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ հետ է շպրտվել:
Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Ազատ Արթուրի Ասոյանը:
Նկարում Ազատ Արթուրի Ասոյանն է, նրա զորացրվելուն մնացել էր ընդամենը 10 օր:

 

 

***

 

 

Աշխարհի եկեղեցիների միությունը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը. թուրք ազգայնական

 

 

Հայոց ցեղասպանության դեմ պայքարող թուրքական, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միություն» (ASIMDER) ամենախոշոր կազմակերպության ղեկավար Գյոքսել Գյուլբեյը հայտարարել է, որ աշխարհի եկեղեցիները Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար միավորվել են Թուրքիայի դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Ռադիկալ» թերթի հետ զրույցում Գյուլբեյն ասել է, որ Աշխարհի եկեղեցիների միությունը 2015 թվականի ապրիլի 24-ին պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ այդ ժամանակ զոհված 1,5 մլն հայերին որակել որպես նահատակ: Նրա խոսքով, օգտագործելով կրոնը, Աշխարհի եկեղեցիների միությունը ցանկանում է ճնշում գործադրել Թուրքիայի վրա:
Թուրք ազգայնականը մտահգություն է հայտնել այն առնչությամբ, որ 2013 թվականի հոկտեմբերի 30-ին տեղի ունեցած Եկեղեցիների համաշխարհային խորհրդի համաժողովում կառույցի նախագահ է ընտրվել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը, եւ որ կառույցը որոշել է 2015 թվականի ապրիլին կազմակերպվելիք բազմաթիվ միջոցառումներին մասնակից դարձնել միության անդամ բոլոր եկեղեցիներին:
Գյուլբեյը հիշեցրել է, որ Եկեղեցիների համաշխարհային միության անդամ են նաեւ Թուրքիայում եւ Ադրբեջանում գտնվող եկեղեցիները եւ այդ երկու երկրների ԱԳՆ-ների ղեկավարներին կոչ է արել համապատասխան զգուշացումներ անել տեղի եկեղեցիների պատասխանատուներին եւ հոգեւոր առաջնորդներին' զերծ մնալ այդ միջոցառումներին մասնակցությունից

 

 

***

 

 

8-ամյա տղան վրաերթի է ենթարկվել

 

Հուլիսի 31-ին, ժամը 18.40-ին, «Մազդա» մակնիշի ավտոմեքենան Երևանի Ա. Մանուկյան փողոցում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն

 

 

***

 

Հուլիսին Իրաքում 1737 մարդ է զոհվել

 

ՄԱԿ-ը հայտարարել է, որ հուլիս ամսվա ընթացքում Իրաքում ահաբեկչությունների և բռնությունների զոհ է դարձել 1737 մարդ, վիրավորվել են մոտ 2 հազարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, զոհերից 1186-ը խաղաղ քաղաքացիներ են, 106-ը՝ ոստիկանության աշխատակիցներ, իսկ 551-ը՝ իրաքյան բա նակի զինվորներ: Վիրավորների մեծամասնությունը կրկին խաղաղ քաղաքացիներ են: Վիճակագրական տվյալների մեջ չեն ընդգրկվել Անբարի մարզի մարդկային կորուստները:
Իրաքում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Նիկոլայ Մլադենովը մտահոգված է հատկապես քաղաքացիական անձանց շրջանում զոհերի թվի աճով: Նա նշել է, որ կանանց, երեխաներին և հիվանդներին առավել մեծ վտանգ է սպառնում:
Մլադենովը հակամարտող կողմերին կոչ է արել պաշտպանել քաղաքացիներին և հարգել մարդու միջազգային իրավունքը: Ինչպես նաև կոչ է ուղղել իրաքցի քաղաքական գործիչներին կազմավորել նոր կառավարություն, որը կկարողանա ճնշել Իրաքում տեղի ունեցող բռնությունները:

 

***

 

Զինվորների կորստի առնչությամբ Ադրբեջանի պաշտպանության նախարարի լռությունը զայրացրել է հասարակությանը

 

Ադրբեջանի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Ալի Աբբասովը ղարաբաղյան ճակատում զոհված զինծառայողների ընտանիքներին ցավակցություն է հայտնել, իսկ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը շարունակում է լռություն պահպանել Ադրբեջանը ցնցած այդ ցավալի իրադարձության առնչությամբ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է virtualaz.org լրատվական կայքը' նշելով, որ Հասանովի այդ պահվածքը զայրացրել է ադրբեջանական հասարակությանը:
Կայքը հայտնում է, որ այն դեպքում, երբ ադրբեջանական կողմը խոսում է 9 զոհ ունենալու մասին, France Presse-ը, հղում կատարելով Հայաստանի ՊՆ բարձրաստիճան աղբյուրին' հայտնում է ադրբեջանական կողմից 14 զինծառայողների զոհվելու մասին:
«Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովից միջադեպի հետ կապված դեռեւս որեւէ բացատրություն եւ հայտարարություն չի արվել: Պաշտպանության նախարարությունը բավարարվել եւ գործն ավարտել է 9 զինծառայողների զոհվելու մասին կարճ հաղորդագրություն տարածելով: Ֆրանսիական գործակալությունը հայտնում է, որ ադրբեջանական բանակի հետախուզական-դիվերսիոն խումբը փորձել է անցնել շփման գիծը, սակայն, շրջապատման մեջ է ընկել: Հայկական աղբյուրները պնդում են, որ մարտական գոտում դեռեւս ադրբեջանցի զինծառայողների դիակներ կան մնացած», -զայրացած հայտնու մ է ադրբեջանական կայքը:
Virtualaz.org-ն անդրադարձել է նաեւ ԼՂՀ հյուսիս-արեւելյան հատվածում ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի վնասազերծման ժամանակ վերջիններից խլված հատուկ սպառազինության եւ տեխնիկական սարքավորումներների լուսանկարները ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից հրապարակելուն եւ նշել, որ Ադրբեջանի ՊՆ-ն դեռեւս չի արձագանքել դրան:
«Տեղական մամուլը զոհված զինծառայողների վերաբերյալ տարբեր թվեր է հրապարակում: Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ այդ մասին դեռեւս պաշտոնական տեղեկատվություն չունի եւ հայտարարությամբ հանդես կգա հստակեցումից հետո», -նշում է կայքը:

 

***

 

Ջեյմս Ուորլիքը անհանգստություն է հայտնել շփման գծում լարվածության մեծացմամբ

 

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն անհանգստություն է հայտնել շփման գծում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ դիվերսիոն գործողությունների հետ կապված: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Twitter-ի իր միկրոբլոգում Ուորլիքը հետևյալ գրառումն է թողել. «Մենք լուրջ անհանգստություններ ունենք շփման գծում տեղի ունեցած բռնությունների, լարվածության մեծացման առնչությամբ: Զինադադարի համաձայնագիրը պետք է խստորեն պահպանվի»:
Հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության' հակառակորդը, կրելով բազմաթիվ կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր: Ցավոք, գործողության հետևանքով զոհվել են ԼՂՀ ՊԲ երկու զինծառայողներ' Արարատ Վաչիկի Խանոյանը եւ Ազատ Արթուրի Ասոյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է հետաքննություն:
Ներկայում ադրբեջանական կողմից հարձակման ենթարկված տարածքն ամբողջությամբ գտնվում է Արցախի ՊԲ վերահսկողության տակ: Անցկացված օպերատիվ միջոցառումների արդյունքում հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն եւ տեխնիկական միջոցներ: Դիվերսիոն գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմը հայտարարել է 9 զոհի մասին, սակայն տեղեկություններ կան 14 զոհի մասին:

 

***

 

Ոստիկանությունը բերման է ենթարկել մի խումբ անձանց

 

Օրերս ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Ռուզաննա Վ.-ին, որը 2000 թ. ապրիլի 14-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով' խարդախությունը, որը կատարվել է խոշոր չափերով:
Խափանման միջոցը' կալանք:
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Հուլիսի 31-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Թումանյան փողոցի թիվ 27 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Սամվել Ա.-ին, որը 2013 թ. դեկտեմբերի 13-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 137 հոդվածի (Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը)1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողներն օրերս Շահումյանի 4-րդ փողոցի թիվ 69 տան մոտից բերման են ենթարկել 1974 թ. ծնված Պարույր Ղ.-ին, որը հունիսի 22-ից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 218 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով' պատանդ վերցնելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից' նախնական համաձայնությամբ:
***
Հուլիսի 31-ին, ժամը 13.55-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել 1984 թ. ծնված Մկրտիչ Է.-ին, որը 2012 թ. փետրվարի 29-ից ոստիկանության Իջևանի բաժնի կողմից հետախուզվում է ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը' կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
***
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ' հուլիսի 31-ին, ժամը 07.50-ին, Երևան քաղաքի Կոնդ թաղամասից բերման է ենթարկվել 1970 թ. ծնված Վարդան Մ.-ն, որը հուլիսի 10-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով:

 

 

***

 

Չեխիայիում ավտովթարից 15 ամերիկահայ է վիրավորվել

 

Պրահայից 38 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Ռակովնիկ շրջանի Ռեվնիչով բնակավայրի մոտակայքում մարդատար ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց տարածք եւ բախվել իտալական ավտոբուսին, որի մեջ են եղել 34 ուղեւորներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Օրեր»-ը, ըստ Չեխիայի Շտապ օգնության մամուլի քարտուղար Պետրա Էֆենբերգովայի, նրանցից 15-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել Կլադնոյի, Ռակովնիկի եւ Պրահայի «Մոտոլ» հիվանդանոցներ։

Ըստ ոստիկանության տեղեկատվության, ավտոբուսի ուղեւորները ԱՄՆ-ից ժամանած հայերի խումբ էին, ովքեր վերադառնալիս են եղել Կարլովի Վարի կատարած էքսկուրսիայից եւ իջեւանել են Պրահայի հյուրանոցներից մեկում։ Վնասվածքների աստիճանները տարբեր են՝ միջին եւ ծանր աստիճանի կոտրվածքներ, ուղեղի ցնցում եւ այլն։ Ավտոմեքենայի վարորդը տեղում մահացել է։

«Մոտոլ» հիվանդանոցի տեղեկատվության բաժնի փոխանցմամբ, իրենց մոտ ընդունված երեք հիվանդները ենթարկվել են բուժզննման եւ դուրս են գրվել: Մյուսների առողջական վիճակի վերաբերյալ տեղեկատվությունը ճշտվում է։ Ոստիկանության ներկայացուցիչ Յարոսլավ Գեբհարտը հայտնել է, որ վիրավորներից մեկի վիճակը շատ ծանր է։ Ոստիկանությունը սկսել է դժբախտ պատահարի հետաքննությունը:

 

***

 

Թուրքիայի դեսպանը ցավակցություն է հայտնում, իսկ Ադրբեջանը երգում եւ պարում է. ադրբեջանական մամուլ

 

Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշգունը ցավակցություն է հայտնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծում ադրբեջանցի զինծառայողների զոհվելու կապակցությամբ, ինչի մասին դիվանագետը գրել է twitter-ի իր էջում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է haqqin.az-ը' դժգոհություն հայտնելով ադրբեջանական հասարակությանը ցնցած այդ մեծաթիվ կորստի մասին մինչ այ ժմ պաշտոնական արձագանքներ չլինելու առթիվ:

«Տեղեկատվություն է գալիս զորքերի շփման գծում մեր ադրբեջանցի եղբայրների զոհվելու մասին: Ես ցավակցություն եմ հայտնում բոլոր զոհվածների ընտանքիներին», -նշել է Թուրքիայի դեսպանը:

«Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը եւ, ընդհանրապես, Պաշտպանության նախարարությունը դեռեւս ոչ մի կերպ չեն արձագանքել 1994 թվականին զինադադարի ռեժիմ հաստատվելուց պահից ի վեր ադրբեջանական բանակի խոշորագույն կորստի մասին տեղեկատվությանը: Դրա հետ միասին' ադրբեջանական հեռուստաալիքները ոչ մի փոփոխություն չեն մտցրել իրենց հաղորդումների ցանցում եւ շարունակում են եթերեային օրը երգերով եւ պարերով», -դժգոհում է haqqin.az-ը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են հուլիսի 31-ին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական բանակի 9 զինծառայողների եւ Ղազախի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանում եւս երկու սպաների զոհվելու մասին:

ԼՂՀ պաշտպանական բանակը հայտնել է, որ հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, կրելով բազմաթիվ կորուստներ' հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր:

 

***

 

Իսրայելա-պաղեստինյան զինադադարը խախտվել է, 30 պաղեստինցիներ են զոհվել

 

Իսրայելական հարձակման հետևանքով Գազայի հատվածում օգոստոսի 1-ին 20 պաղեստինցի է զոհվել, կան նաև տասնյակ վիրավորներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, այսպիսով խախտվել է ՄԱԿ-ի հայտարարած 72-ժամյա զինադադարը, որը ուժի մեջ էր մտել առավոտյան ժամը 8-ից:

Պաղեստինյան կողմը պատասխան կրակ է բացել: Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ իսրայելական ռմբակոծության հետևանքով զոհվել է 30 և վիրավորվել ավելի քան 200 մարդ: Ռմբակոծվել են Ռաֆահ քաղաքի Նասր, Մատար, Բալբիսի, Բույուք թաղամասերը:

Իսրայելական լրատվամիջոցներն իրենց հերթին տեղեկացրել են, որ երեք հրթիռ է արձակվել Աշքուլի ուղղությամբ:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ հուլիսի 31-ի երեկոյան իսրայելցի 5 զինվոր են զոհվել Գազայի հատվածից հրթիռակոծության հետևանքով: Արդեն իսկ իսրայելցի զոհված զինծառայողների թիվը հասել է 61-ի, բացի այդ զոհվել են ևս 3 քաղաքացիական անձ, այդ թվում՝ մեկ Թայլանդի քաղաքացի: Իսրայելը 24 օրվա ընթացքում հարվածել է Գազայի հատվածի 4370 նպատակակետերի ուղղությամբ:

Հուլիսի 8-ից մինչև այժմ պաղեստինցի զոհերի թիվը կազմել է 1437, ևս 8265-ը վիրավորվել են: Իսրայելի' հուլիսի 8-ից սկսած ռազմական գործողությունները Գազայի հատվածում համարվել են ամենաարյունալին: 2008-2009թթ. ռազմական գործողությունների հետևանքով զոհվել էր 1417 և վիրավորվել 5303 մարդ:

 

***

 

«Ոչ թալանին» նախաձեռնությունը 12 կետից բաղկացած պահանջագիր է ներկայացրել իշխանությանը

 

Մատենադարանին հարող տարածքից քիչ առաջ մեկնարկեց Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ «Լուսավորենք խավարը» խորագրով բողոքի երթը: Մեկնարկից առաջ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները ընթերցեցին 12 կետից բաղկացած իշխանությանն ուղղված պահանջագիրը և հայտարարեցին, որ իրենց պահանջները կատարելեու համար իշխանություններին ժամանակ են տալիս մինչև սեպտեմբերի առաջին շաբաթը:

Մասնակիցները երթով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, այնուհետև կգնան Ազատության հրապարակ:

 

***

 

Հայ անզեն զինծառայողը դիմագրավել է թշնամուն և ստիպել վերջիններիս փախուստի դիմել (տեսանյութ)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող Նորայր Քամալյանը անզեն դիմագրավել է ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանումների ուժերին և ստիպել վերջիններիս փախուստի դիմել:«Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ԼՂՀ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

 

Արցախյան հերոսամարտների հերոսներին արժանի լինելու փաստը հայկական բանակի զինծառայաողներն ապացուցում են իրենց իսկ սխրանքներով: Հուլիսի 31-ին հյուսիսային ուղղությամբ մարտական հերթական հերթապահության իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ հակառակորդի ձեռնարկած հարձակման ժամանակ շարքային Նորայր Միքայելի Քամալյանը ամբողջովին անզեն վիճակում կարողացել է խուճապի մատնել հակառակորդին և հետ մղել միջև ատամները զինված ադրբեջանական խմբին:

 

Հայտնվելով հակառակորդի անմիջական խոցման կրակային գոտում ' Քամալյանը հարձակվում է նրանց վրա և բռնվում ձեռնամարտի: Այդ ընթացքում հակառակորդի թշնամու կրակից վիրավորվում է, բայց շարունակում ձեռնամարտը: Թշնամուց խլում մեծ քանակի զենք-զինամթերք և մատնում փախուստի:

 

«Երբ տեսա նրանց, ձեռքիս զենք չկար: Հարձակվեցի և փորձեցի ինչքան հնարավոր է վնաս հասցնել: Միաժամանակ գոռում և փորձում էի օգնության կանչել ընկերներիս: Բռնեցի մեկի կոկորդից և փորձում էի խեղդել: Այդ պահին նա հանեց դանակը և դեմքիս հասցրեց խաչաձև հարվածներ: Ես ինձ չկորցրեցի, չնայած ,դրանից հետո երկաթե «կաստետով» ուժեղ հարված ստացա ծնոտիս շրջանում: Կոտրված ծնոտով նրան կարողացա ձռել գետնին»,- ասել է Քամալյանը:

 

Ապա, հակառակորդն սկսել է կրակել և դիմել է փախուստի: «Ափսոս, որ ձեռքիս անգամ մի դանակ չկար… Եթե փոռքիս որևէ զենք լիներ, ավելի շատ վնաս կհասցնեի»,- հավելում է խիզախ զինվորը: Շարքային Քամալյանն այժմ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Նրա վիճակը գնահատվում է միջին կայուն: Բժիշկները վստահեցնում են, որ կարճ ժամանակահատվածում նա կապաքինվի և կկարողանա վերադառնալ շարք:Տեսանյութն` այստեղ:

 

 

***

 

 Չնայած ստացած արժանի պատասխանին' Ադրբեջանի ՊՆ-ն հանդես է եկել հերթական հռետորաբանությամբ և սպառնալիքներով

 

 

Չնայած և՛ ԼՂՀ, և՛ ՀՀ սահմանների ուղղությամբ իրագործած հետախուզական-դիվերսիոն գործողությունների ժամանակ ստացած արժանի պատասխանին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է հանդես գալ հայկական կողմին ուղղված հռետորաբանությամբ և սպառնալիքներով:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, դիվերսիոն գործողություններին հայկական կողմից ստացած ահավոր պատժից շոկի մեջ հայտնված Ադրբեջանի ՊՆ-ն երկար լռությունից հետո պաշտոնապես խոստովանել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում «երեք օր շարունակվող մարտերում 8 զինծառայողների զոհվելու» փաստը: Միևնույն ժամանակ Ադրբեջանի ՊՆ-ն սպառնացել է, որ զոհված զինծառայողների արյունը «գետնին չի մնա»: Ադրբեջանի ՊՆ-ն ցավակցություն է հայտնել զոհված զինծա ռայողների ընտանքիներին և հարազատներին:

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել են հուլիսի 31-ին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում ադրբեջանական բանակի 9 զինծառայողների և Ղազախի ուղղությամբ Հայաստանի հետ սահմանում ևս երկու սպաների զոհվելու և 4 զինծառայողների ծանր վիրավորվելու մասին:

 

ԼՂՀ պաշտպանական բանակը հայտնել է, որ հակառակորդը հուլիսի 31-ին ձեռնարկել է հարձակում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության և կրելով բազմաթիվ կորուստներ' հակառակորդը հետ է շպրտվել ելման դիրքեր: