«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.
Արժութային շուկայի իրադրությունը «վատ եղանակ Է», որը կանցնի. Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն կոչ Է արել հանգիստ արձագանքել երկրի արժութային շուկայում ստեղծված իրադրությանը. դրան պետք Է վերաբերվել ինչպես «վատ եղանակին», որը կանցնի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Սենատորի կարծիքով՝ այժմ հարկավոր Է զսպել հույզերը եւ չբորբոքել խուճապը:
«Կառավարությունն ակտիվորեն աշխատում Է Կենտրոնական բանկի հետ»՝ մշակելով անհրաժեշտ միջոցառումներ, ասել Է Մատվիենկոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
***
Քաղաքային տրանսպորտը բնականոն հունով աշխատում է. Արթուր Գևորգյան
Այսօր առավոտյան Երևանի Րաֆֆու փողոցում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարևանությամբ, մի շարք երթուղիներ սպասարկող մեքենաների վարորդներ դուրս են եկել գործադուլի: Պատճառը, ինչպես և սպասվում էր, գազի թանկացումն է:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը Լուրեր.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ վարորդներն արդեն անցել են իրենց բնականոն աշխատանքին:
«Առավոտյան եղել է նման դժգոհություն: Դժգոհության հետ կապված քաղաքապետի խորհրդական Ալիկ Գևորգյանը, ով պատասխանատու է տրանսպորտի գծով, հանդիպել է սպասարկողների և վարորդների հետ, բանակցությունները վարվել են, և հիմա՝ այս պահին, քաղաքային տրանսպորտը բնականոն հունով աշխատում է:Շարունակությունն՝ այստեղ:
***
Հայաստանում դրամի գերարժեզրկում է, խուճապային փոխարկումներն անիմաստ են. ԿԲ նախագահ
Հայաստանում դրամի իրական գինը հայտնի կլինի ազգային արժույթի գերարժեզրկման պատճառների վերացումից հետո: Ներկայումս ՀՀ դրամը գերարժեզրկված է, և սպեկուլյացիոն ու անհարկի իրավիճակի վերացումից հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժևորվի: Այս մասին հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:
«Կենտրոնական բանկը բազմիցս նշել է և այս պահին էլ հայտարարում է, որ բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա: Անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն ունի հնարավորություն' տրամադրելու անհրաժեշտ ծավալի իրացվելիություն: Նման խուճապային փոխարկումները պարզապես անիմաստ են: Բանկային համակարգը կայուն է, նրանք վճարունակ են և կարող են սպասարկել քաղաքացիների ավանդներն ու հաշիվները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ' հայտարարեց Ջավադյանը:
Գլխավոր դրամատան նախագահը վստահեցրեց, որ Կենտրոնական բանկի գերնպատակը լինելու է գների կայունությունը և գնաճի զսպումը: «Կենտրոնական բանկը վստահ է, որ տիրապետում է գնաճի զսպման մեխանիզմներին, և մեր գերնպատակը մնում է գների կայունությունը: Գների կարճաժամկետ կայունացման և դոլարիզացիայի մակարդակի կարգավորման համար ԿԲ-ն արդեն իսկ երկու շաբաթ առաջ բարձացրեց լոմբարդային տոկոսադրույքը մինչև 21 տոկոս:
Սա կարճաժամկետ բարձրացում է, և տոկոսադրույքները հնարավոր է նաև արագ նվազեցնել: Բոլոր հանգամանքերը հաշվի առնելուց հետ ԿԲ-ն որոշում կկայացն ի տոկոսասդրույքի և գնաճի հավասարակշռման մասին»,- ասաց Արթուր Ջավադյանը: Նա նշեց, որ իրավիճակից օգտվելով գուցե որոշ տնտեսավարողներ փորձեն արհեստականորեն բարձրացնել գները կամ փորձեն արտարժույթով գնանշումներ անել, որը օրենսդրական լուրջ խախտում է և պատժվելու է:
Կենտրոնական բանկի նախագահը հերթական անգամ հորդորեց մարդկանց զերծ մնալ անհարկի փոխարկումներից: «Պղտոր ջրում ձուկ որսալ փորձողները պատժվելու են»,- վստահեցրեց Ջավադյանը: Նա հայտարարեց, որ հանդիպել է բոլոր բանկերի ղեկավարների հետ և զգուշացրել, որ կպատժվեն այն աշխատակիցները, ովքեր փորձել են խուսափել արտարժույթի փոխարկում կատարելուց:
***
Տուժող կողմը Վարդան Պետրոսյանից 12 միլիոն դրամից ավելի փոխհատուցում է պահանջում
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով դատական հերթական նիստը: Մինչ վիճաբանության փուլին անցնելը՝ տուժող կողմի շահերի պաշտպան Ռուբեն Բալոյանը ներկայացրեց միջնորդություն՝ դատաքննությունը վերսկսելու պահանջով, և դատարանի կողմից այն բավարարելուց հետո, ներկայացրեց տուժած կողմին պատճառած վնասները ու ավտովթարից տուժած անձանց հետագա բուժման և փաստաբանի ծառայության ծախսերը մեղադրյալ կողմից, ընդհանուր առմամբ, 12 միլիոն 611 հազար 13 ՀՀ դրամ հատուցելու հայցադիմում։
Դրանից հետո մեղադրյալ կողմի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը խնդրեց 15 րոպե ընդմիջում՝ ներկայացված հայցադիմումին ծանոթանալու համար, և դատավոր Վաղինակ Մկրտչյանը բավարարելով վերջինիս պահանջը՝ հայտարարեց ընդմիջում մինչև ժամը 16:25-ը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 17-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է դերասան Վարդան Պետրոսյանի գործով հերթական նիստը։
Վարդան Պետրոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի երրորդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ)մեղադրանք էր առաջադրվել այն բանում, որ 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երևան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենան ընդհարվել է հողածածկ կողնակում կանգնած վիճակում գտնվող «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին, որի հետևանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդվարդ և Էդգար Հակոբյանները մահացել են, իսկ ուղևորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաև վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ:
***
Խաղի այս կանոնները ժամանակավոր են. ԿԲ նախագահը խոսել է ֆոնդային բորսայից դուրս գալու որոշման մասին
Կենտրոնական բանկի կողմից իրականացվող դոլարային արճուրդների ծավալը յուրաքանչյուր շաբաթ նվազում է, իսկ հաջորդ շաբաթվա ավարտին գլխավոր դրամատունը դուրս կգա արժութային շուկայից: Այս մասին լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը' խոսելով ֆոնդային բորսայի փոխարեն սեփական հարթակում գործարքներ կատարելու ԿԲ որոշման մասին: «Խաղի այս կանոնները ժամանակավոր են:
Հաջորդ շաբաթվանից հետո մենք այլևս չենք լինի արժույթի շուկայում, իսկ առևտրային բանկերը կարող են իրենց գործարքները կատարել այնտեղ: Այս պահին, հանգամանքերից ելնելով, դրանք ակտիվ չեն բորսայում, սակայն այս կարճ ժաանակահատվածից հետո ամեն ինչ վերադառնալու է իր նախկին վիճակին: Մենք նորից լինելու ենք բորսայում, սակայն ավելի պասիվ, իսկ բանկերն ավեի ակտիվ կլինեն այնտեղ»,- հայտնեց Ջավադյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' Կենտրոնական բանկի նախագահը նշեց, որ այդ գործիքի կիրառումը ուղղված էր ոչ այնքան փոխարժեքի կարգավորմանը, այլ իրական փոխարժեքի բացահայտմանը: «Այս վարժությունը արել են տարբեր երկրներում:
Իրենց մոտ այդ պահին եղել է ավելի մեծ արժեզրկում, սակայն փոխարժեքը հետզհետե կարգավորվել է: Մենք ցանկացած պահի էլ հնարավորություն ունենք ինտերվենցիա անելու, սակայն լավագույն իրավիճակը ինտերվենցիա չանելն է»,- ասաց նա:
ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրել է նոր մոտեցում, որը նպատակ ունի կարգավորելու արժութային շուկայում ստեղծված իրավիճակը, հարթելու փոխարժեքի տատանումները և վերականգնելու արտարժութային շուկայում հավասարակշռությունը:
Ամեն օր սակարկությունների միջոցով իրականացվում են արտարժույթի վաճառքներ' նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ Մինչ դեկտեմբերի 15-ը օրական վաճառքի ծավալը 6 մլն ԱՄՆ դոլար էր, դեկտեմբերի 15-ից' 4 մլն դոլար:
***
ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 7 ուղերձները դրամի արժեզրման վերաբերյալ
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հանդիպում է ունեցել լրատվամիջոցների ներկայացուցիչնրի հետ և ներկայացրել դրամի արժեզրկման հետևանքները և Կենտրոնական բանկի անելիքներն իրավիճակի կարգավորման համար: «Արմենպրես»-ն առանձնացրել է ԿԲ նախագահի ասուլիսի հիմնական ուղերձները:
1.Ներկայումս դոլարը գերարժևորված է, այսինքն՝ այն արժի ավելին, քան նորմալ պայմաններում կարժենար: Մինչդեռ ՀՀ դրամը գերարժեզրկված է:
2. ՀՀ դրամի իրական գինը հայտնի կլինի գերարժեզրկման պատճառների վերանալուց հետո: Սպեկուլյացիոն և անհարկի խուճապային իրավիճակը վերանալուց հետո ՀՀ դրամը զգալիորեն կարժևորվի:
3.Բանկային համակարգում արտարժույթի խնդիր չկա և անհրաժեշտության դեպքում ԿԲ-ն ունի անհրաժեշտ ծավալի իրացվելիություն տրամադրելու հնարավորություն: Նման խուճապով փոխարկումները պարզապես անիմաստ են:
4.ԿԲ-ն իրավիճակը պահում է վերահսկելի և տիրապետում է գնաճի զսպման բոլոր հնարավորություններին: Կենտրոնական բանկի գերնպատակը մնում է գների կայունությունը:Շարունակությունն՝ այստեղ:
***
«Շարունակե՛ք գործադուլը, չենթարկվե՛ք կաշառակերների պարտադրանքին». «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության հայտարարությունը
«Շարունակե՛ք գործադուլը, չենթարկվե՛ք կաշառակերների պարտադրանքին
Երևանի երթուղայինների մի շարք գծերի վարորդներ գործադուլ են սկսել։ Պետպաշտոնյաների, գծատեր-պատգամավոր-օլիգարխների շահույթ ստանալու մոլուցքը հիմա էլ ավելի նեղ վիճակի մեջ է դնում վարորդներին։ Նրանք ցանկանում են հարստանալ թե՛ ուղևորների և թե՛ վարորդների հաշվին, միայն թե իրենց եկամուտը չպակասի։
Մեկ տարի առաջ Երևանի հանրությունը պահանջ դրեց վերացնել Երևանի տրանսպորտի կոռումպացված ցանցը և հեռացնել դրա պատասխանատուներին։ Կրիմինալը ատամներով պաշտպանեց նրանց և մինչև օրս նրանք պաշտոն են զբաղեցնում։ Հենց նրանց գրպանն էլ հոսում է վարորդների վաստակածի ահռելի մասը։
2013 թվականի զանգվածային շարժման արդյունքում 150 դրամ ուղեվարձը նորից դարձավ 100 դրամ։ Քաղաքացիների այդ պայքարի արդյունքում 2013-ի հուլիսից մինչև օրս մենք՝ երևանցիներս խնայել ենք մոտ 20 միլիարդ դրամ կամ 50 միլիոն դոլար։ Այս գումարը մեր գրպաններից շորթած կլիներ քաղաքապետարանը, կոռումպացված ու քրեական տարրերն ու գծատերերը։
Այժմ էլ եկել է վարորդների հետ համերաշխություն ցուցաբերելու ժամանակը։ Մեր շահերը համընկնում են' արդար տրասպորտային համակարգ, վարորդներին՝ արժանապատիվ վարձատրում։
ՀՀ վարչակարգի վարած ապաշնորհ արտաքին և ներքին քաղաքականության արդյունքում բարձրանում է վառելիքի գինը, իսկ ՀՀ դրամը կտրուկ արժեզրկվել է: Օլիգարխները որոշել են իրենց շահույթի պակասը լրացնել հանրային տրանսպորտի, տաքսիների վարորդների և պարզապես մեքենա վարող քաղաքացիների հաշվին' թանկացնելով գազը այն պայմաններում, երբ միջազգային շուկայում համարյա կրկնակի անկում են ապրել էներգակիրների գները:
Մենք մեր աջակցությունն ենք հայտնում վարորդների գործադուլին և համընդհանուր քաղաքացիական սոլիդարության կոչ ենք անում' ընդդեմ օլիգարխների։ Վնասները թող փոխհատուցվեն օլիգարխների գերշահույթների հաշվին: Ստեղծված իրավիճակի մեղավորները նաև ՀՀ կառավարությունն ու վարչակարգն է, որի թողտվությամբ են գործում գնագոյացման մենաշնորհային մեխանիզմները»:
«Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնություն