«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրն՝ ամփոփ.


Իրադրությունն առաջնագծում

 

Հոկտեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ ՌՕՈւ "ՄԻ-24" ուղղաթիռի խոցմամբ պայմանավորված, իրադրությունն առաջնագծում լարվել է:

 

Մասնավորապես, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3000 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

 

***

 

Դավիթ Հարությունյանի սպառիչ պատասխանը Նիկոլ Փաշինյանին 

 

 

Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Սուրիկ Խաչատրյանը չի նշանակվել Սյունիքի մարզպետ, քանի որ քվեարկությունը համապատասխան ընթացակարգով չի արվել:

 

Փաշինյանը նշեց, որ գրավոր հարցում է ուղարկել կառավարություն՝ պարզելու համար, թե սեպտեմբերի 25-ի նիստում, երբ Սուրիկ Խաչատրյանը նշանակվել է Սյունիքի մարզպետ, ինչպես է եղել քվեարկությունը, սակայն կառավարությունը պատգամավորին որեւէ տեղեկատվություն չի տրամադրել, թե ինչպես է անցել այդ հարցի քվեարկությունը՝ ովքեր են կողմ եղել, ովքեր՝ դեմ:

 

Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը հավատացրեց, որ Կառավարության բոլոր որոշումներն էլ քվեարկությամբ են ընդունվում, և յուրաքանչյուր դեպքում վարչապետը հարցնում է, թե ի՞նչ կարծիքներ կան, ո՞վ է դեմ, և եթե որևէ նախարար հայտարարում է, որ դեմ է, ապա դա արձանագրվում է, իսկ եթե նման բան չի լինում, վարչապետը հայտարարում է՝ որոշումն ընդունված է:

 

Հարությունյանը նշեց նաև, որ կառավարությունում, ի տարբերություն Ազգային ժողովի, նախատեսված չէ քվեարկել ձեռնպահ, իսկ կողմ և դեմ քվեարկությունը նախատեսված է և առանց բացառության բոլոր որոշումներն ընդունվում են նույն սկզբունքով:Շարունակությունն՝ այստեղ:

 

***

 

Ադրբեջանը ԼՂՀ օդային տարածքը ոչ թռիչքային գոտի է հայտարարել

 

Ադրբեջանը արգելել է թռիչքները Լեռնային Ղարաբաղի օդային տարածքում այն բանից հետո, երբ հակամարտ գծում Ադրբեջանի կողմից ղարաբաղյան օդուժի ուղղաթիռ է խոցվել: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրություանը:

 

«Ադրբեջանը հայտարարում է ԼՂՀ օդային տարածքները ոչ թռիչքային գոտի և սահմանված կարգով տեղեկացնում է այդ մասին Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության բոլոր անդամներին»,- ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ:

 

***

 

Սեյրան Օհանյանն այցելել է զինվորական հոսպիտալ և հետքրքրվել ժամկետային զինծառայողներ Մ. Ջևրիկյանի և Հ. Սևլիկյանի բուժման ընթացքով

 

Նոյեմբերի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի տարածքում, զրուցել հոսպիտալում բուժվող զինծառայողների հետ: Սեյրան Օհանյանը հետաքրքրվել է հոսպիտալում գտնվող զինծառայողների, մասնավորապես' օրեր առաջ հոսպիտալի վերակենդանացման բաժանմունք տեղափոխված և, բժիշկների գնահատմամբ, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող ժամկետային զինծառայողներ, շարքային Մ. Ջևրիկյանի և շարքային Հ. Սևլիկյանի բուժման ընթացքով:

 

 

***

 

Ադրբեջանը հասցրել է պարգևատրել ՄԻ-24 ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողին

 

Չորեքշաբթի օրը ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը խոցած ադրբեջանցի զինծառայողը պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրամանագրով, առաջադրվել է պարգևատրման: Այս մասին հայտնել է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:

 

Իլքին Մուրադովին առաջադրել են երրորդ աստիճանի «Զինծառայության մեջ աչքի ընկնելու» մեդալի:

 

Հիշեցնենք, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 11-ին, ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

Նախնական տեղեկություններով՝ հայկական կողմն ունի 3 զոհ:

 

 

***

 

 

Բաքուն խախտեց Ֆրանսիային տված խոստումը

 

Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանն Ադրբեջանին կոչ է արել առավել ռացիոնալ և կառուցողական վարքագիծ որդեգրել և վերջ տալ սադրանքներին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով Ֆրանսիա-Ղարաբաղ Բարեկամության շրջանակի պաշտոնական կայքը, Ռոշբլուանը հայտարարել է, որ ադրբեջանական օդուժի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը հերթական սադրանքն է, որն ի չիք է դարձնում Ադրբեջանի կողմից ստանձնած պարտավորությունները:

 

«Հոկտեմբերի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանի իր պաշտոնակցի հետ Ֆրանսիայի նախագահ Օլանդի հետ հանդիպման ընթացքում պարտավորվել էր միջոցներ ձեռք առնել «տեղում լարվածությունը նվազեցնելու համար»: Մենք հույս ունեինք, որ Բաքուն առավել ռացիոնալ և կառուցողական վարքագիծ էր որդեգրելու Փարիզում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած հայ-ադրբեջանական հանդիպումից հետո:

 

Խախտելով ընդամենը մի քանի օր առաջ Ֆրանսիային տրված իր խոստումը՝ ադրբեջանական վարչակազմը դրանով ցույց է տալիս, որ հուսալի գործընկեր չէ տարածաշրջանում»,- ասել է Ֆրանսուա Ռոշբլուանը: Նա շեշտել է, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր է, որը պատասխանատվություն է ստանձնել աջակցել կողմերին ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում քաղաքական լուծում գտնելու նպատակով:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

***

 

 

Ինքնահրկիզում Գյումրիում

 

Նոյեմբերի 13-ին, ժամը 13.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.50-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գործարանային փողոցի թիվ 18 տան բնակչը է հրկիզել է իրեն:

 

Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ թիվ 18 տան բակում 1978թ. ծնված Ա. Հ.-ն հրկիզել է իրեն, ում շտապօգնության աշխատակիցները տեղափոխել են Գյումրու ԲԿ:

 

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

 

 

***

 

Հայաստանի և Արցախի Նախագահները ներկա են եղել ՊԲ ստորաբաժանումների զորավարժություններին

 

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 13-ին Ստեփանակերտի օդանավակայանում դիմավորել է Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին:

 

Նույն օրն Արցախի եւ Հայաստանի նախագահները հանրապետության կենտրոնական հատվածում ներկա են գտնվել Պաշտպանության բանակի ստորաբաժանումների զորավարժություններին:

 

Նախագահները մասնակցել են նաեւ ռազմական մի շարք նոր օբյեկտների բացմանը եւ ծանոթացել զինծառայողների առօրյային:

Միջոցառումներին ներկա են եղել ԼՂՀ եւ ՀՀ պաշտպանության նախարարները, պաշտոնատար այլ անձինք:

 

 

***

 

Ադրրբեջանի ՊՆ-ն' ծիծաղելի վիճակում

 

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում հայկական ուղղաթիռի կործանումից հետո Ադրբեջանում շարունակում են «պատերազմ» մղել' այս անգամ տեղեկատվական մակարդակով:

 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի դադարում մեկը մյուսի հետևից հայտարարություններ անել' նպատակ ունենալով չբարոյալքել իր ժողովրդին և ստիպել հավատալ, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի ներկա փուլում պետությունը գտնվում է շահեկան դիրքերում:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ադրբեջանի պաշտպանության նախարարության հերթական հայտարարության մեջ ասվում է, թե իբր հայկական ուղղաթիռի կործանումից հետո ԼՂՀ-ում դադարեցվել են ցանկացած տեսակի թռիչքները: ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլըն հայտարարել է, թե իբր կործանումից հետո մինչ այժմ ԼՂՀ տարածքում որևէ թռիչք չի գրանցվել: Նա հավելել է նաև, թե ղարաբաղյան օդային տարածքը «Ադրբեջանի օդային ուժերի լիակատար վերահսկողության տակ է»:

 

Ըստ երևույթին, պաշտոնական Բաքուն շարունակում է վարել իր սիրելի «ջայլամային» քաղաքականությունը' ցանկալին իրականության տեղ ներկայացնելով: Մինչ ադրբեջանական պաշտոնական շրջանակները փորձում են համոզել, թե ԼՂՀ տարածքում օդային թիռչքներ չեն իրականացվում, նոյեմբերի 13-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այց է իրականացնում Արցախի Հանրապետություն:

 

Ավելին, նախագահական ուղղաթիռը ժամանել է Ստեփանակերտի օդանավակայան, ինչը ապացուցում է այն, որ ադրբեջանական հերյուրանքները նպատակ ունեն միայն սեփական ժողովրդի աչքերում բարձրացնել իրենց իսկ պետության հեղինակությունն ու պատիվը:

 

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով ժամանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

 

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների և զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը, ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի «Միասնություն-2014» համատեղ օպերատիվ-մարտավարական զորավարժությունների շրջանակներում, կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստականությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին, կդիտի ցուցադրական պարապմունքները:

 

***

 

Եռյակն արտաքին վտանգի դեպքում կանգնած է լինելու ՀՀ և ԼՂՀ անվտանգության պաշտպանության դիրքերում

 

Խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ, անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած են լինելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում։

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ եռյակի անդամ քաղաքական ուժերըհ ամատեղ հայտարարություն են տարածել նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂՀ ռազմաօդային ուժերի ՍԻ-24 ուղղաթիռի խոցման կապակցությամբ։

 

Հայտարարությունում մասնավորապես ասված է. «Նոյեմբերի 12-ին ուսումնավարժական թռիչքի ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից խփվել է ԼՂՀ ռազմաօդային ուժերի Մի-24 ուղղաթիռը։

 

Հրադադարի ողջ ընթացքում սա աննախադեպ մի փաստ է՝ բացահատ սադրանք՝ ուղղված ռազմական գործողությունների էսկալացիայի։ Վտանգավոր և դատապարտելի այդ քայլը անհանգստություն է առաջացրել նաեւ միջազգային ասպարեզում, տարբեր երկրների ու միջազգային կառույցների կողմից եղել են զգուշացնող եւ դատապարտող արձագանքներ։

 

Խորհրդարանական երեք ընդդիմադիր ուժերը այս առիթով եւս մեկ անգամ հայտարարում են, որ, անկախ ներքաղաքական խնդիրներից, արտաքին վտանգի դեպքում անվերապահորեն կանգնած են լինելու Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի անվտանգության պաշտպանության դիրքերում։

 

Եռյակը իր խոր վիշտն է հայտնում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների՝ Սերգեյ Սահակյանի, Ազատ Սահակյանի և Սարգիս Նազարյանի մահվան առթիվ եւ ցավակցում նրանց ծառայակիցներին, հարազատներին ու մտերիմներին։

 

***

 

ԺԿ-ն միանում է «Եռյակին»

 

Ժողովրդական կուսակցությունը մտահոգված է երկրում տիրող իրավիճակից, ողջունում և համագործակցության ձեռք է մեկնում «Եռյակին»' համոզված լինելով,որ համաժողովրդական հզոր շարժումը կլուծի մեր երկիրի զարգացման ուղին, դրա համար հարկավոր է յուրաքանչյուրիս քաղաքացիական ակտիվությունը, սերն ու նվիրումը առ մեր հայրենիք, հավատը մեր ժողովրդի ստեղծագործ ներուժի նկատմամբ:

 

Օր առաջ պետք է այս իշխանությունը հեռանա, որպեսզի նոր ուժը կարողանա տեղ տալ նոր համազգային ներուժի ապահովման, ծրագրերի մշակման և այն կյանքի կոչելուն:

 

Ազգովի պետք է որոշենք ապրելու, ստեղծագործելու, հզորանալու, արդար երկրում ապրելու առաքելությունը:

 

 

***

 

ՀՀ Վարչապետը դատապարտում և ոճրագործություն է համարում հայկական ուղղաթիռի խոցումը

 

Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հայկական ուղղաթիռի խոցումը դատապարտում և համարում է ոճրագործություն: «Ուղղաթիռը խոցելը ես համարում եմ ոճրագործություն, և դատապարտում եմ: Իրենք միշտ բարձր մակարդակով հանդիպումներից առաջ կամ հետո որևէ մի նման սադրանք են անում:

 

Սա հերթականն էր, ինչը խաթարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով ընթացող բանակցությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի պետական համալսարանում լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետը:

 

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը, կառույցները ևս պետք է դատապարտեն տեղի ունեցածը և հայտնեն իրենց դիրքորոշումն այդ կապակցությամբ:

 

Լրագրողների հարցին, թե տեղի ունեցածում արդյոք չի տեսնում օգոստոսյան իրադարձությունների կրկնությունը, վարչապետը նշեց, որ չի ցանկանա տեսնել, կանխատեսել նման սցենար, որովհետև դա ընդհանրապես որևէ մեկին ձեռնտու չէ:

 

Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում, ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:

 

Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ: Ավելի ուշ Ստեփանակերտից հաստատեցին, որ նախնական տվյալներով կա երեք զոհ: Անձնակազմի հրամանատարն է եղել մայոր Սերգեյ Սահակյանը: Մահացած մյուս երկու զինծառայողներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը եւ ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտել է, որ հայկական ուղղաթիռը ռազմական գործողությունների համար չի եղել, ուղղաթիռում չի եղել զինամթերք, եւ ադրբեջանական օդուժն այն խոցել է թիկունքից:

 

Նոյեմբերի 12-ին կատարվածի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խումբը հաղորդագրություն էր տարածել ու դատապարտել կատարվածը: Եվրամիությունը, դատապարտելով կատարվածը, կոչ արել միջադեպի մանրամասները պարզելու համար անհապաղ սկսել հետաքննություն եւ արդյունքները ներկայացնել միջազգային հանրությանը: