«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Շարմ էլ Շեյխ-Սանկտ-Պետերբուրգ կործանված ինքնաթիռի մասերը գտնվել են Սինայի թերակղզում. ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ (լրացված)
Շարմ էլ Շեյխ-Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող Airbus-321 ինքնաթիռը հոկտեմբերի 31-ի առավոտյան կորել է ռադարների էկրանից: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն, Ռուսական ավիացիայի աղբյուրը հայտնել է, որ ինքնաթիռում եղել է 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամ:
Ինքնաթիռն անհետացել է Կիպրոսի տարածքում' թռիչքից 23 րոպե անց: PressTV-ն հաղորդել է, որ Sky News Arabia-ի տվյալներով' ինքնաքթիռը կործանվել է: Հաղորդվում է, որ ինքնաթիռը պատկանել է «Կոգալիմավիա» ավիաընկերությանը:
Ռուսական ուղևորափոխադրող ինքնաթիռի մասերը հայտնաբերվել են Եգիպտոսի Սինայի թերակեղզու կենտրոնում: Այս մասին տեղեկացնում է« Յոում7» պորտալը:
Պորտալի տեղեկություններով' Եգիպտոսի անվտանգության ուժերը շրջափակման են առել ինքնաթիռի կործանման վայրը, Սինայի հյուսիսում գտնվող էլ-Արիշ քաղաքից դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության 20 մեքենա:
Եգիպտական ՄԵՆԱ-ի հաղորդմամբ' Եգիպտոսի վարչապետ Շերիֆ Իսմայիլը չեղյալ է հայտարարել բոլոր ծրագրված այցերը Սինայի թերակղզում ռուսական քաղաքացիական ինքնաթիռի կործանման հետ կապված: Նա հայտնել է, որ իրադրությունը վերցնում է իր անձնական վերահսկողության տակ:
***
Մահվան ելքով վրաերթ' Երևանի Պռոշյան փողոցում
Հոկտեմբերի 30-ին, ժամը 19.20-ին, Երևանի Պռոշյան փողոցի թիվ 27 հասցեի դիմաց «Բիդ» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 1965 թ. ծնված Արմեն Մալխասյանին, ով անգիտակից վիճակում տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 20.25-ին գիտակցության չգալով՝ մահացել է:
Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:
***
7 օր առաջնագծում. հակառակորդը կիրառել է ականանետ և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հոկտեմբերի 25-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 8000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը պահպանում են լիակատար վերահսկողություն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն