«Mediamall.am» լրատվականն առանձնացրել է օրվա կարևորագույն նորությունները.
Հակառակորդը մեկ օրում 40 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը. ԼՂՀ ՊՆ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն' օգոստոսի 26-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 40 անգամ' տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 400 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ մնալով հրադադարի պահպանման ռեժիմին, վստահորեն իրականացրել են մարտական հերթապահություն:
***
Պուտինը Պորոշենկոյի հետ կայացած բանակցությունները գնահատել է որպես դրական
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դրական Է համարել ուկրաինացի պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյի հետ կայացած բանակցությունները: «Ամեն ինչ գնահատում ենք դրականորեն»,- ասել Է Պուտինը լրագրողներին՝ ամփոփելով Մինսկում կայացած հանդիպման արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Պետության ղեկավարը նշել է, որ նման ձեւաչափով հանդիպումն օգտակար էր:
«Ես իրոք չգիտեմ, թե դա ինչով կվերջանա: Բայց համենայն դեպս, մենք հնարավորություն ունեցանք մեկ անգամ եւս ձեւակերպելու մեր մտահոգությունները, եւ մենք համաձայնության եկանք, որ կինտեսիվացենենք եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքը՝ Ռուսաստան-Ուկրաինա-Եվրամիություն կազմով եւ կջանանք մինչեւ սեպտեմբերի 12-ը ձեւակերպել, եթե կարողանանք, առաջարկությունները»,-ասել Է նախագահը, հաղորդել Է ՌԻԱ «Նովոստին»:
***
Կալիֆորնիայի սենատը միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության ուսուցման բանաձևը
ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի սենատը օգոստոսի 26-ի երեկոյան 36 կողմ, առանց դեմ ձայների, ընդունել է Հայոց ցեղասպանության ուսուցումը Կալիֆորնիայի դպրոցների ուսումնական ծրագրերում ներառելու մասին AB-659 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ասպարեզ» պարբերականը, Կալիֆորնիա նահանգի վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանի հեղինակած բանաձևը հիմնված է 1985 թվականին ընդունված AB 1273 օրինագծի վրա, որը Հայոց ցեղասպանության ուսուցումը ներառել է սոցիալական գիտությունների ուսումնական ծրագրում:
Ապրիլին AB-659 բանաձևը միաձայն ընդունվել էր Կալիֆորնիայի Նահանգային վեհաժողովի կողմից և փոխանցվել Սենատ: Այժմ այն կներկայացվի նահանգապետի ստորագրմանը, որով էլ օրենքի ուժ կստանա:
«Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի արևելյան ափի գրասենյակը ողջունում է Կալիֆորնիայի նահանգային սենատին' այս վճռորոշ ուսումնական բանաձի ընդունմանն ուղղված իրենց պատրաստակամության և աջակցության համար, ինչպես նաև' սենատորներ Դե Լեոնին և Մարկ Ուիլանդին, բանաձևի համահեղինակներ Ադրի Նազարյանին և Խաչո Աչաջյանին իրենց անսասան նվիրվածության և առաջնորդության համար»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևելյան ափի նախագահ Նորա Հովսեփյանը:
AB-659 բանաձևը նախատեսում է Հայոց ցեղասպանության մասին ուսումնական նյութեր ներառել Կալիֆորնիայի հասարակական դպրոցների «Պատմություն» առարկայի ծրագրերում, ընդլայնել հայերի, Կամբոջայի, Դարֆուրի և Ռուանդայի ցեղասպանությունների, Հոլոքոստի մասին պատմող բանավոր վկայությունների մատուցումը:
***
Լճի ափին 27-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել
Օգոստոսի 26-ին, ժամը 23.27-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Տանձուտ և Ջանֆիդա գյուղերի միջակայքում գտնվող արհեստական լճի ափին նկատվել է երիտասարդ տղամարդու դի. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն:
Ափամերձ տարածքում հայտնաբերվել է Ս. Խ.-ի (գ. Մրգաշատ, ծնվ. 1987 թ.) դին:
Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել է շտապօգնության ավտոմեքենային:
***
Ոստիկանը մեղադրվում է նախկին ընկերուհուն առևանգելու մեջ. ՀՔԾ
Քաղաքացի Մոնիկա Ս.-ն ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Մարաշի բաժանմունքում հաղորդում է տվել այն մասին, որ նախկին ընկերը, ով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան է, բռնություն գործադրելով և սպառնալիքներ տալով, 2014թ. հուլիսի 26-ին իրեն առևանգել է, տարել հյուրանոց և իր կամքին հակառակ' շուրջ մեկ ժամ պահել այնտեղ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:
***
Թուրքիայից ահաբեկիչներ են անցել Ադրբեջան
Թուրքիայից 21 իսլամիստ ահաբեկիչներ գաղտնի անցել են Ադրբեջան: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Զաման» թերթը:
Թերթին հայտնի է դարձել, որ Ադրբեջան անցած իսլամիստ ահաբեկիչները Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Բարեւ մենաստվածական սուրբ բանակ» կազմակերպության անդամներ են: Իսլամիստներն Ադրբեջան են անցել եւ այդ երկրում թաքնվում են ուրիշի անուններով:
Նշվում է, որ այդ կազմակերպության նպատակը Թուրքիայում եւ Ադրբեջանում շարիաթի պետություն ստեղծելն է:
***
Հրդեհներ խոտածածկ տարածքներում
Օգոստոսի 26-27-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևանի Ա-1 թաղամասում այրվել է 600 քմ, Ֆուչիկի փողոցում' 25 քմ, Աճառյան փողոցում' 800 քմ, Նոր Նորքի 9-րդ զանգվածում' 6 քմ, Գայի պողոտայում' 800 քմ, Արարատի մարզի Մասիս քաղաքում' 300 քմ, Դալար գյուղում' 100 քմ, Արմավիրի մարզի Հացիկ գյուղում' 250 հակ, Խանջյան գյուղում' 1200 հակ, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում' 1100 քմ, Հրազդան քաղաքում' 20 հա, Բյուրեղավան քաղաքում 1000 քմ, Նուռնուս գյուղում' 1000 քմ, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում' 20 հա, Վարդաքար գյուղում' 500 հակ և 100 քմ, Սյունիքի մարզի Կարմրաքար գյուղում' 25 հա, Կապան-Կարմրաքար ավտոճանապարհին' 2 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:
***
Դանակահարություն' հյուրասիրության ժամանակ
Օրերս ոստիկանության Արթիկի բաժին է դիմել 1966 թ. ծնված Գևորգ Պ.-ն և հաղորդում տվել, որ նախօրեին, ժամը 18.00-ի սահմաններում, գնացել է 1971 թ. ծնված Գայանե Հ.-ի տուն որպես հյուր: Հյուրասիրության ժամանակ վիճաբանել են, որի ընթացքում Գայանե Հ.-ն սուր կտրող ծակող գործիքով հարվածել է Գևորգ Պ.-ի որովայնին և դեմքին' պատճառելով վնասվածքներ:
Գայանե Հ.-ն ներկայացվել է բաժին:
Դեպքի վայրից վերցվել է երկու դանակ և մեկ մկրատ:
Կատարվում է նախաքննություն:
***
Այսպիսի տղաների շնորհիվ՝ ոչ ոք երբեք չի կարող խախտել հայոց երկրի անդորրը. Բագրատ եպիսկոպոս Գալստանյան
Եկեղեցին անտարբեր չի կարող լինել իր զավակների նկատմամբ, ինչ աստիճանի պաշտոն էլ նրանք ունենան' հատկապես նրանց նկատմամբ, ովքեր իրենց կյանքից առավել ուրիշների կյանքի համար են պայքարում, ուրիշների կյանքն է իրենց կյանքից մեծ դրված զոհասեղանի կամ սեղանի վրա: Այս մասին Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց Մայր Աթոռի Հայեցակարգային գրասենյակի ղեկավար, Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը:
«Մայր Աթոռն ունի ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը, և մենք շնորհակալ ենք իրենց աջակցության և քաջալերանքի համար՝ այս ուխտագնացությունը կազմակերպելու: Բնականաբար, մեզ համար շատ կարևոր էր տեսնել, թե հոգևոր աստիճանի վրա մեր զինվորներն ինչպես են իրենց զգում: Սպայական կազմը, բոլոր նրանք, ովքեր այս օրերին անընդհատ գտնվել են մեր զինվորի կողքին, նրանք բոլորը հիացմունքով են արտահայտվում մեր զինվորների դրսևորած հոգու և ոգու մասին, և մեր հոգևոր սպասավորներն էլ, հոգևոր ծառայողներն էլ, գիշեր, թե ցերեկ, գտնվում են իրենց եղբայրների կողքին»,- նշեց Բագրատ Սրբազանը:
Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր ծնողներին, որ նման քաջ և առյուծ զավակներ են աշխարհ բերել և դաստիարակել:
«Զինվորների ծնողներին մաղթում եմ երբեք արցունք չունենան իրենց աչքերին, իրենց զավակներին կարողանան ջերմությամբ դիմավորել իրենց տներում, օջախներում, որպեսզի պատերազմի շունչը հեռու գնա մեր երկրից»,- ասաց նա և հավելեց. «Մեր դիմաց ընդհանուր հակառակորդ է կանգնած, որն ամեն վայրկյան փորձում է տագնապի մատնել մեր ժողովրդին, բայց այսպիսի տղաների շնորհիվ՝ ոչ ոք երբեք չի կարող խախտել հայոց երկրի անդորրը»:
Նշենք, որ լրագրողների այցը Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կազմակերպել էր Մայր Աթոռ սուրբ Էջմիածինը՝ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ և World Vision Հայաստանի աջակցությամբ:
***
Սևանա լճից ոչ մի խմ ջուր առանց հաշվառման բաց չի թողնվում. ԱԻՆ
Սևանա լճից բաց թողնվող ջրի քանակը գրանցվում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության Գեղամավան դիտակետում: Ինչպես բոլոր ջրաչափական դիտակետերում, այնպես էլ այս դիտակետում դիտարկումներն իրականացվում են միջազգային ստանդարտներին համապատասխան: Ջրի մակարդակները բերվում են մեկ պայմանական հարթության՝ զրոյական նիշի, որի բարձրության նիշը հաստատուն է մնում դիտակետի ողջ գոյության ընթացքում: Գեղամավան դիտակետում մակարդակի դիտարկումները կատարվում են հասարակ, ինքնագրային և հեռակառավարվող մեթոդներով:
Դիտակետում տեղադրված է ջրաչափական չափաձող, որի բարձրության նիշը որոշված է 4-րդ դասի նիվելիրացմամբ և ամերիկյան գերժամանակակից «Stevens» ինքնագիր (դրանք կովկասյան տարածաշրջանում երկուսն են և տեղադրված են Սևանա լճի ավազանում), որը գրանցում է տվյալները միլիմետրային ցանցի վրա, միևնույն ժամանակ 15 րոպե հաճախականությամբ, արբանյակային կապի միջոցով, ծածկագրված տվյալներն ուղարկում է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության (այսուհետ՝ ծառայություն) համապատասխան բաժնին:
Դիտակետի համար գործում է ջրի մակարդակի (H) և ջրի ելքի (Q) կախվածության կապի աստիճանավորման աղյուսակ՝ յուրաքանչյուր միավորի համար: Դիտակետում ջրի մակարդակի դիտված արժեքով որոշվում է ջրի ելքը՝ «արագություն-մակերես» մեթոդի կիրառմամբ, որն ամենատարածված մեթոդն է հիդրոմետրիայում: Հոսքի լայնակի կտրվածքի մակերեսը որոշվում է խորության չափման արդյունքներով, իսկ ջրանցքի կենդանի կտրվածքի առանձին կետերում արագությունները չափվում են ջրաչափական պտուտանով:
Ջրի հոսքի արագության չափման համար օգտագործվում են ГР-21м; ИСП-1м մոդելների ջրաչափա կան պտուտաններ, որոնք կիրառվում են տարբեր երկրների հիդրոլոգիական ծառայությունների կողմից:
Նշված եղանակով Գեղամավան դիտակետում ջրի ելքը չափելիս կասկածից վեր է տվյալների անճշտությունը:
***
Ֆրանսիայում մեղադրանքներ են առաջադրվել ԱՄՀ-ի ղեկավար Քրիստին Լագարդին
Ֆրանսիայի իրավապահ մարմինները մեղադրանքներ են առաջադրել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) կարգադրիչ-տնօրեն Քրիստին Լագարդին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա հաղորդել է France-Presse գործակալությանը:
Վերջինիս տվյալներով՝ ԱՄՀ-ի ղեկավարը մտադիր չէ պաշտոնաթող լինել:
«Ես Վաշինգտոն եմ վերադառնում այսօր օրվա երկրորդ կեսին»,- մեջբերում Է AFP-ն Լագարդին:
Խոսքը վերաբերում Է այսպես կոչված «Տապիի գործին»՝ վաղեմի դատավեճին ֆրանսիացի գործարար Բեռնար Տապիի եւ «Լիոնյան վարկ» բանկի միջեւ: Քրիստին Լագարդը դարձել Է այս գործի հանգուցային ֆիգուրանտներից մեկը եւ արդեն բազմիցս ցուցմունքներ է տվել Ֆրանսիայի Հանրապետական դատարանում: Ըստ առկա տեղեկատվության՝ ԱՄՀ-ի՝ հետաքննության ենթակա ղեկավարին այժմ առաջադրվում Է «հանցավոր անփութության» մեղադրանք, հաղորդել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
***
Թուրքական թերթը' Էդվարդ Նալբանդյանի Թուրքիա այցի ու ուղերձների հնարավոր փոխանակման մասին
Թուրքական մամուլում լայներոն քննարկվում է նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մասնակցության եւ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի արարողություններին մասնակցելու ՀՀ նախագահի կողմից Էրդողանին արված պաշտոնական հրավեր-նամակը վերջինիս փոխանցելու հարցը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մասնավորապես' թուրքական «Սթար» թերթը հայտնում է, որ Նալբանդյանը Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցելու է գալիս 2015 թվականի ապրիլի 24-ին Երեւանում անցկացվելիք արարողություններին մասնակցելու մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նամակ-հրավերը նրան հանձնելու համար:
Ըստ թերթի, եթե Նալբանդյանի հետ որեւէ պաշտոնական հանդիպում Անկարայում տեղի չունենա, ապա սպասվում է, որ Էրդողանն էլ կհղի «անհրաժեշտ է երկու երկրների միջեւ հարաբերությունները նորմալացնելու համար առանց նախապայմանների բանակցություններ սկսել եւ սառնարանից հանել ստորագրված արձանագրությունները» բովանդակությամբ ուղերձ:
***
Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականները իրենց համեմատում են 1915 թվականի հայերի հետ
Սիրիայում ընթացող պատերազմական իրադրության հետևանքով Թուրքիայում հաստատված սիրիացի փախստականների մի մասը բնակվում է նախկին հայկական բնակավայրերում: Այդպիսի շրջաններից է Այնթապի Շահինբեյ գավառի Թեփեբաշը թաղամասը, որի Քուրթուլուշ անունը կրող մզկիթը նախկինում եղել է Մարիամ Աստվածածին հայկական տաճարը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Ակոս» պարբերականը գրում է, որ մի ժամանակ հարուստ հայկական ընտանիքների կողմից բնակեցված տներում այսօր սիրիացի փախստականները բնակվում են գորգերով փակված պատուհաններով և դռներով:
Սելամի ընտանիքը սիրիացի փախստական ընտանիքներից մեկն է: Ընտանիքի անդամները վախենում են լուսանկարվել, ի ցույց դնել իրենց ինքնությունը, միայն թույլ են տալիս, որպեսզի երեք երեխաները ժպտան ֆոտոխցիկի առաջ: Տան ավագ երկու երեխաներն էլ աշխատանքի են: Հայերի պատմությունն այս ընտանիքին խորթ չէ: Սելամի ընտանիքի հայրը'Հոսսամը, հայերի մասին պատմում է. «Երբ նրանք եկան մեր երկիր, նույն այն վիճակում էին, ինչ մենք հիմա: Այսօր մենք էլ այլևս ոչինչ չունենք: Պատերազմը մեզնից ամեն բան խլեց-տարավ' այնպես, ինչպես հարյուր տարի առաջ տեղի ունեցավ հայերի հետ: Սա էլ մեր 1915 թվականն է»:
Սիրիացիների ընտանիքի ամենամեծ վախն այն է, որ հակասիրիական տրամադրությունները կարող են աճել և վերածվել ջարդերի: Հոսսամի կինը' Շերիֆեն, ցավով հայտնում է, որ իրենք մշտապես ենթարկվում են խտրականության, վիրավորանքների: «Մեր միակ ցանկությունը ողջ մնալն է»,- վշտով նշել է Շերիֆեն:
***
Դանակահարություն՝ Գեղարքունիքի մարզում
Օգոստոսի 24-ին ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում էր ստացվել 1988 թ. ծնված Ռուբեն Ա.-ի կողմից 1974 թ. ծնված Ավետիք Մ.-ին դանակահարելու մասին:
Ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ' Ռուբեն Ա.-ն ներկայացել է բաժին և խոստովանել, որ օգոստոսի 24-ին, ժամը 04.00-ի սահմաններում, Վարդենիս-Շատվան ճանապարհին վիճաբանել է Ավետիք Մ.-ի հետ և ծալովի դանակով հարվածել նրա կրծքավանդակին և աջ նախաբազկին:
Ձեռնարկվում են միջոցառումներ դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
***
Արարատի մարզում մահվան ելքով պատահար է արձանագրվել
Ոստիկանության Արտաշատի բաժնում օգոստոսի 26-ին' ժամը 07.00-ին, հաղորդում է ստացվել, որ Նորաշեն-Քաղցրաշեն ճանապարհին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է վթարվել, և սրահում դիակ կա:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, պարզվել է, որ օգոստոսի 25-ին' ժամը 23.30-ից 24.00-ն ընկած ժամանակահատվածում, 1983թ. ծնված Ավետ Ֆախուրյանի վարած հիշյալ ավտոմեքենան Նորաշեն-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ծառերի, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
***
Ադրբեջանում սոցիալական պայթյուն է սպասվում. Բաքվի շուկաները դատարկվում են
Արևմտյան երկրների դեմ Ռուսաստանի պատժամիջոցներն Ադրբեջանին կանգնեցրել են սոցիալական պայթյունի առաջ: Շուկաներում պտուղ-բանջարեղենի գներն այնքան են աճել, որ կարող է երկրում սոցիալական պայթյունի պատճառ դառնալ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ենի Մուսավաթ» թերթը:
Թերթի թղթակցի կողմից Բաքվի շուկաներում վերջին մեկ շաբաթվա ընթացքում անցկացված հետազոտության արդյունքում պարզվել է, որ ադրբեջանցի մատակարարների կողմից ապրանքները ռուսական շուկաներ ուղղորդելու պատճառով Բաքվի միրգ-բանջարեղենի շուկաներում գները վերահսկողությունից դուրս են եկել, որոշ շուկաներ իսպառ դատարկվել են, հերթը հասել է մսին և կաթնամթերքին:
Թերթի թղթակիցը պարզել է, որ Բաքվի շուկաներում պտուղ-բանջարեղենի գները 1,5-2,5 անգամ աճել են, ապրանքների խիստ պակաս է զգացվում: Շուկաների առևտրականները խիստ դժգոհ են, որ իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում խնդիրը կագավորելու համար:
Փորձագետ Վահիդ Մառամովը թերթին հայտնել է, որ արդեն ուշ է ստեղծված իրավիճակը կարգավորելու ուղղությամբ որևէ միջոցառում ձեռնարկեու համար: Նրա խոսքով, սպասվող սոցիալական 77պայթյունից խուսափելու համար իշխանությունը պետք է շտապ միջոցներ ձեռնարկի արտասահմանից սննդամթերք, միրգ-բանջարեղեն ներկրելու համար»,- ասել է նա:
***
Փորձագետները ենթադրում են, որ ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի գլխատման տեսանյութում երկու զինյալ է եղել. CNN
Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման կողմից վերջերս սպանված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոլիի գլխատման ահասարսուռ տեսանյութը բազմաթիվ հետաքննությունների առարկա է դարձել, որոնց նպատակն է պարզելը, թե ով է սպանել լրագրողին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' CNN-ը զրուցել է մի շարք մասնագետների հետ, ովքեր, վերլուծելով ահաբեկակչական խմբավորման տարածած տեսանյութը, հանգել են այն կարծիքին, որ մեկի փոխարեն երկու զինյալ է եղել տեսանյութում:
Ձայնի փորձագետ Մարտին Բերիի դիտարկմամբ' տեսանությում ելույթ ունեցող անձնավորությունը Լոնդոնի որոշակի շրջանին բնորոշ ձևով է խոսում: «Զրուցողը խոսում է այն անգլերենով, որը հայտնի է որպես լոնդոնյան բազմամշակութային թաղամասի խոսելաձև և որով խոսում են Լոնդոնի' բազմաէթնիկ շրջաններում: Միայն մեկ մարդու ձայն է լսվել տեսանյութում»,- ասել է նա
Սակայն դատական փորձագետ Ռոս Փաթելն այլ կարծիքի է: Նա հավատացած է, որ տեսնայութում մեկ ուրիշ մարդ էլ կա, ով էլ կարող լինել իրական մարդասպանը: «Փոքր, սակայն նկատելի արտաքնային փոփոխություններ կան նրանց կառուցվածքում»,- նկատել է փոձագետը:
Առաջին ապացույցը դանակներն են. դանակը, որ ձեռքում բռնել էր տեսանյութում խոսող մարդը և այն մեկը, որն ընկած էր Ֆոլիի մարմնի ձախ կողմում, իրենց չափով և ձևով փոքր-ինչ տարբերվում էին իրարից: Պարզել' արդյոք բրիտանական խոսելաձև ունեցող անձնավորությունը նաև մարդասպանն է, թե' ոչ, օգնում է նաև ատրճանակի պատյան ի տեղադրությունը:
Տեսնայութի առաջին հատվածում այն տեղակայված է խոսող զինյալի ձախ թևատակին, որը հարմար է աջ ձեռքով ատրճանակը վերցնելու համար, այնինչ' տեսանյութում պարզ երևում է, որ դահիճը ձախլիկ է: Իսկ բլոգեր Էլիոք Հիգինսը, ուսումնասիրելով տեսանյութի ետին պլանի տեսարանը, եզրակացնում է, որ այն նկարահանվել է Սիրիայի Ռաքքա քաղաքից հարավ ընկած հատվածում:
***
Սեպտեմբերի 1-ից Երևանի Նաիրի Զարյան փողոցում կգործարկվի նոր արագաչափ սարք' երկու ուղղություններով
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից կգործարկվի Երևան քաղաքի Նաիրի Զարյան փողոցում՝ N 51 դպրոցի մոտակա ճանապարհահատվածում, տեղադրված արագաչափ սարքը (երկու ուղղություններով)' 40 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:
Առավելագույն թույլատրելի արագության 40 կմ/ժ սահմանափակումը գործելու է միայն աշխատանքային օրերին' 08:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում: