«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն նորությունները.
Նախիջևանում տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ
ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 25-ին' ժամը 03.10-ին, ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 02.24-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում՝ Նախիջևան քաղաքից 21 կմ հյուսիս-արևելք, տեղի է ունեցել 3 մագնիտուդով երկրաշարժ:
Երկրաշարժի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 39.38 աստիճան և արևելյան երկայնության 45.53 աստիճան: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Զոհեր և ավերածություններ չկան:
***
Արագած լեռան մոտ արշավախմբի անդամներ են մոլորվել
ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 24-ին' ժամը 21.11-ին, ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիասային հատվածում' Քարի լճի մոտակայքում, արշավի դուրս եկած քաղաքացիները մոլորվել են. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել Արագածոտնի ՄՓՎ օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները մոլորված երեք քաղաքացիներին և արշավախմբի մնացած 12 անդամներին ուղեկցել են մոտակա բնակավայր:
***
Հակառակորդն անցած 2 օրում հրադադարը խախտել է շուրջ 80 անգամ. ԼՂՀ ՊՆ
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 23-ին և 24-ին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 650 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմն ականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների դիմել միայն խիստ անհրաժեշտության դեպքում:
***
ՃՏՊ' Էրեբունու փողոցում. 3 տուժածներից 2-ի վիճակը միջին ծանրության է
ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 24-ին' ժամը 20.29-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունու փողոցի թիվ 32 շենքի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վոլկսվագեն» մակնիշի 34 VT 454 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին: Հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: Տուժածները' 1993թ. ծնված Ա. Մ.-ը, 1991թ. ծնված Ժ. Բ.-ը և 1990թ. ծնված Վ. Վ.-ը, հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները Ա. Մ.- և Ժ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Վ. Վ.-ը ստանալով համապատասխան բուժօգնություն' դուրս է գրվել:
***
Գարեգին Երկրորդը դատապարտել է Իրաքի եզդիների նկատմամբ իրականացվող բռնությունները
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը զորակցության գիր է հղել համայն եզդիների հոգևոր առաջնորդ Նորին Սուրբ Մեծություն Միրե-Միրա Թահսիմ Բեգին, որը վերջինիս փոխանցվել է Իրաքի հայոց թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանի միջոցով: Վեհափառ Հայրապետի գրության մեջ ասված է.
«Համայն հայության հոգևոր կենտրոն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցություններն ենք հղում Ձեզ այս օրերին Իրաքում եզդի ազգաբնակչության նկատմամբ տեղի ունեցող զանգվածային կոտորածների կապակցությամբ: Մենք խորապես անհանգստացած ենք Իրաքի հյուսիսային շրջաններում իրականացվող անմարդկային բռնությունների և դրանց հետևանքով բազմաթիվ զոհերի առնչությամբ»:
Խստորեն դատապարտելով եզդի ժողովրդի դեմ իրագործվող ջարդերն ու բռնությունները' Ամենայն Հայոց կաթողիկոսը վստահություն է հայտնել, որ բազմադարյա պատմություն ունեցող եզդի ժողովուրդը կտոկա և կհաղթահարի իր առջև ծառացած այս փորձությունը: Նորին Սրբությունը նաև կոչ է արել միջազգային հանրությանն ու կազմակերպություններին անհապաղ քայլեր ձեռնարկել դադարեցնելու համար եզդիների ջարդերը Իրաքում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթել է, որպեսզի վերահաստատվի խաղաղությունը Իրաքում և Իրաքի աստվածասեր ժողովուրդը շարունակի իր խաղաղ կյանքը հայրենի օջախներում:
***
Կալիֆոռնիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվն աճել է մինչեւ 172
Կալիֆոռնիայի հյուսիսում օգոստոսի 24-ին տեղի ունեցած՝ 6 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով տուժածների թիվն աճել է մինչեւ 172: Այս մասին հաղորդել է Նապա քաղաքի հիվանդանոցի ներկայացուցիչը, քաղաք, որի մերձակայքում էլ գտնվում է ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գործնականում բոլոր տուժածներն օգնություն ցույց տալուց հետո դուրս են գրվել: Մի քանի վիրավորներ ստացել են կոտրվածքներ, գրանցվել են շնչառության եւ սրտի հետ կաված խնդիրներ: Մնացածները, բժիշկների տվյալներով՝ ստացել են հիմնականում տարբեր վերքեր եւ վնասվածքներ: Ճշգրտված տվյալներով՝ օրհասական վիճակում Է մեկ մարդ, բուժհիմնարկում մնացածներից եւս 12-ի կյանքին վտանգ չի սպառնում:
Հաղորդվել Է 115 շենքերի զգալի վնասվածքների մասին, որոնք այլեւս պիտանի չեն բնակության համար: Այս պահին Նապայի 7,3 հազար բնակիչներ մնում են առանց Էլեկտրականության, Սան Ֆրանցիկոյի ծոցի մարզ ագլոմերիացիայի 30 հազար բնակիչների տներին Էլեկտրականություն մատակարարվում Է ընդհատումներով: Նահանգում գործում Է արտակարգ իրադրության ռեժիմ:
Օգոստոսի 24-ին տեղական ժամանակով 03:20-ին (Երեւանի ժամանակով 14:20-ին) գրանցված ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Նապայից 9 կիլոմետր դեպի հարավ - արեւմուտք: Երկրաշարժի օջախն ընկած Է եղել 10,8 կիլոմետր խորությունում: Սեյսմոլոգների տվյալներով՝ այն ուղեկցվել Է 3,6 մագնիտուդով 30 կրկնական ցնցումներով:
Դիտորդները նշում են, որ այն տվյալ շրջանում ամենահուժկու երկրարաշարժն Է վերջին 25 տարում: 1989 թվականին տարածաշրջանում գրանցվել են 6,9 մագնիտուդով ստորգենյա ցնցումներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍը:
***
Ֆրանսիայի կառավարությունը հրաժարական է տվել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի կարգադրությամբ՝ վարչապետ Մանուել Վալսի կառավարությունը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը:
Փոխանցվում է, որ հրաժարականը հետևել է վարչապետի և Էկոնոմիկայի նախարարի՝ կառավարության քաղաքականության վերաբերյալ տարաձայնությանը:
Կառավարության նոր կազմը հայտնի կդառնա երեքշաբթի՝ օգոստոսի 26-ին:
***
Արթիկ-Ալագյազ ճանապարհին շրջված «Լեքսուս»-ի վարորդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Արթիկ-Ալագյազ ճանապարհի 3-րդ կմ-ին օգոստոսի 24-ին' ժամը 16.15-ի սահմաններում, «Լեքսուս RX 300» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել:
Պատահարի հետևանքով ուղևորը' 1987թ. ծնված Հովիկ Բասամբակյանը, հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ադրբեջանի նախագահն ու արտգործնախարարը չեն մասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը: Հետաքրքիր է, որ պաշտոնական Բաքուն եղբայրական Թուրքիա կներկայանա ընդամենը մեջլիսի նախագահի մակարդակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական Hurriyet Daily News-ը նշում է, որ խորհրդարանի նախագահի մակարդակով երդմնակալության արարողությանը Ադրբեջանից զատ ներկա կգտնվի միայն Կոտ դ’Իվուարը:
Ռուսաստանից ներկա կգտնվի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Գերմանիայից' ներքին գործերի նախարար Թոմաս Մայզիրեն, Իրանից' արտգործնախարար Ջավադ Զարիֆը: Միացյալ Նահանգները դեռևս չի հայտնել, թե Վաշինգտոնն ով կներկայացնի երդմնակալության արարողությանը:
Օգոստոսի 28-ին Թուրքիայի նախագահի երդմնակալության արարողությանը կմասնակցեն նաև Թուրքմենստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Տոգոյի, Բուլղարիայի, Մոլդովայի, Մակեդոնիայի, Ալբանիայի, Սոմալիի, Կոսովոյի, Եթովպիայի, Բենինի նախագահները:
***
Էրդողանի այցը Բաքու կարող է լուրջ խնդիր առաջացնել որոշ պաշտոնյաների համար
Ադրբեջանում համոզված են, որ Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու կարող է լուրջ խնդիր առաջացնել որոշ պաշտոնյաների համար, քանի որ նա Ադրբեջան է ժամանում նուրսիստների (արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի շարժում) հարցին վերջ դնելու նպատակով: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է «Ազադլըգ» թերթը' նշելով, որ Էրդողանի Բաքու այց ի շեմին Ադրբեջանում իշխանությունը նոր հարձակումներ է սկսել նուրսիստների դեմ:
Թերթը պատահական չի համարում այն, որ նուրսիստների դեմ հարձակումներն իշխանությունը սկսել է իր վերահսկողության տակ գտնվող մամուլի էջերում, քանի որ Էրդողանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի միջեւ հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեմաներից մեկը դարձյալ լինելու են նուրսիստների նկատմամբ ճնշումները:
«Ավելի ճիշտ, Էրդողանը Ալիեւից պահանջելու է այդ հարցին վերջնական լուծում տալ: Այդ հարցը Էրդողանի եւ Ալիեւի միջեւ լրջորեն քննարկվել էր դեռեւս Թուրքիայի վարչապետի պաշտոնում Էրդողանի Բաքու կատարած այցի ժամանակ: Նուրսիստների դեմ ճնշումներն Ադրբեջանում սկսվեցին հենց այդ այցից հետո: Փակվեցին նուրսիստներին պատկանող դպրոցները, նուրսիստների հետ կապեր ունեցող իշխանության որոշ ներկայացուցիչներ պաշտոնանկ արվեցին: Սակայն, երեւում է, Էրդողանին այդ արդյունքները չեն բավարարում: Նա Ալիեւից պահանջում է «հարվածել» նաեւ Ադրբեջանում բիզնես ունեցող եւ այդ ցանցի հետ կասկածելի կապերի մեջ գտնվող չինովնիկներին: Այդ չինովնիկների մրցակիցները, օգտվելով Էրդողանի այցից, հարցը կրկին օարակարգ են բերել: Ներկայում նրանց հիմնական թիրախը Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR)-ի ղեկավար Ռովմագ Աբդուլլաեւն է: Ենթադրվում է, որ Էրդողանի այցը մի քանի պաշտոնյայի, այդ թվում' Ռովնագ Աբդուլլաեւի համար լուրջ խնդիր կարող է ստեղծել», -գրում է «Ազադլըգ»-ը:
Էրդողանը ծրագրել է Թուրքիայի նախագահի պաշտոնում Բաքու այցելել սեպտեմբերի 3-ին:
2014 թվականի ապրիլին Էրդողանի Բաքու այցից առաջ Ալիեւը աշխատանքից ազատել էր իր աշխատակազմի բաժիններից մեկի ղեկավար Էլնուր Ասլանովին, ում նա կասկածում է նուրսիստների հետ կապեր ունենալու մեջ:
«Ենի Մուսավաթ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Թուրքիայի պաշտոնական շրջանակները Ադրբեջանի կառավարությանն են ներկայացրել նախագահ Իլհամ Ալիեւի աշխատակազմում եւ ադրբեջանական կառավարությունում բարձրաստիճան անձանց ցուցակը, որոնք նուրսիստների կրոնական աղանդի անդամներ են կամ կապեր ունեն դրա հետ: Ֆեթուլլահ Գյուլենի աղանդի կողմից «հավաքագրված» չինովնիկների ցուցակում նշված են նաեւ Ադրբեջանի պետական նավթային ընկերության (SOCAR) նախագահ Ռովնագ Աբդուլլաեւի, փոխնախագահ Խալիգ Մամեդովի, կրոնական կառույցների հետ աշխատանքների գծով Պետկոմիտեի նախագահ Էլշադ Իսքենդերովի, նրա տեղակալ Գյունդուզ Իսմայիլովի, Երիտասարդության եւ սպորտի նախարար Ազադ Ռահիմովի, փոխնախարար Ինթիգամ Բաբաեւի, պատգամավորներ Գանիրա Փաշաեւայի, Նիամի Ջաֆարովի, Ջեյհուն Օսմանլըի, AzTV-ի ղեկավար Արիֆ Ալըշանովի, Ադրբեջանի նախագահի աշխատակազմին կից Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովի, Երիտասարդական հիմնադրամի նախագահ Ֆարհադ Հաջիեւի անունները:
Դեկտեմբերի կեսերին Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալից հետո, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում' վարչապետի, նրա որդու, փեսայի եւ դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները, Էրդողանը հայտարարել էր, որ դրա հետեւում կանգնած են գյուլենական համայնքի հետեւորդները, որոնք ցանկանում են տապալել իր կառավարությունը:
«Հիզմեթ Հարեքեթի» ազդեցիկ կրոնական կազմակերպության առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենի շարժումը, որը համարվում է նաեւ նուրսիստների (նուրչուլար) շարժում, արդի իսլամ քարոզող հզոր շարժում է: Գյուլենական շարժումը քարոզում է իսլամական չափավորություն, հանդուրժողականություն, միջկրոնական երկխոսություն, իսլամի եւ ժողովրդավարության համատեղելիություն: Գյուլենի համայնքը Թուրքիայում, Ադրբեջանում եւ մի շարք երկրներում ունի դպրոցներ, թերթեր, ֆինանսական կառույցներ, հասարակական կազմակերպություններ: Թուրքիայի եւ Ադրբեջանի կառավարություններ ը որոշել են այս տարվա սեպտեմբերի 1-ից փակել իրենց երկրներում գործող գյուլենական բոլոր ուսումնական հաստատությունները:
***
Հայաստանը ՄԻԵԴ հայտ է ներկայացրել եւ կներգրավվի որպես երրորդ կողմ Դողու Փերինչեքի գործում
Հայաստանի կառավարությունը պաշտոնական հայտ է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի որպես երրորդ կողմ ներգրավվի թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի գործում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանն ասաց, որ հայտ ներկայացնելու ժամկետը մինչեւ օգոստոսի 26-ն է, եւ Հայաստանն, օգտագործելով իր իրավունքը, համապատասխան փաստաթղթերն արդեն ուղարկել է Ստրասբուրգ:
Հուլիսի 15-ին Հրազդանում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն ասել էր, որ հայկական կողմը տրամադրված է լուրջ և վճռական, ու ամենայն հավանականությամբ, կստեղծվի փաստաբանական խումբ' գործում հաջողության հասնելու համար:
2007 թվականի մարտի 9-ին շվեյցարական դատարանը Քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածով դատապարտել էր թուրք ազգայնական Դողու Փերինչեքին՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար' ենթարկելով ինչպես ֆինանսական, այնպես էլ քրեական պատասխանատվության: Վուդիկանտոնի վերաքննիչ դատարանը և Դաշնային գերագույն դատարանը մերժել էին մարտի 9-ի դատավճռի դեմ ներկայացված բողոքը:
2013 թվականի դեկտեմբերի 17-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իրավասու պալատը դատավճիռ է կայացրել, ըստ որի' շվեյցարական դատարանները խախտել են բողոքարկողի՝ Փերինչեքի խոսքի ազատության իրավունքը: Շվեյցարիայի արդարադատության դաշնային գրասենյակը մարտի 11-ին հաղորդել էր, որ Շվեյցարիան պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ Դողու Փերինչեքի գործը Գերագույն պալատի կողմից վերանայելու պահանջով: ՄԻԵԴ-ը գործը Գերագույն պալատ ուղղել էր մինչև մարտի 17-ը: Ենթադրվում է, որ Փերինչեքի գործով առաջին դատական նիստը տեղի կ ունենա այս տարվա նոյեմբերի 5-ին:
***
Ադրբեջանում գյուղացին սպանել է ենթասպային
Ադրբեջանի զինված ուժերի 28-ամյա ենթասպա Էլշան Թազախան օղլու Աստանովին արձակուրդի ժամանակ սպանվել է իր համագյուղացին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, միջադեպը տեղի է ունեցել Ադրբեջանի հարավում' Բիլյասուվարի շրջանի Չայլու գյուղում: Գյուղի 24-ամյա բնակիչ Քյամրան Հուսեյնլին դանակահարելով սպանել է ենթասպային' անձական հողի վրա ծագած վիճաբանության հետեւանքով: Վերջինս հիվանդանոցի ճանապարհին մահացել է մեծ քանակությամբ արյան կորստից:
Քյամրան Հուսեյնլին ձերբակալվել է: Բիլյասուվարի շրջանային դատախազությունում «կանխամտածված սպանություն» հոդվածով քրեական գործ է հարուցվել:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն, 2014 թ-ի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակում կորուստը կազմել է 89 զինծառայող, որոնցից 48-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում:
Ադրբեջանի պետական մարմինները խոստովանել են տարվա սկզբից սեփական բանակի 74 զինծառայողների զոհվելու փաստը, որոնցից 43-ը մահացել են ոչ մարտական պայմաններում, այդ թվում' 12 ադրբեջանցի զինծառայողներ ինքնասպանություն են գործել, 8-ը մահացել են հիվանդությունից, 8-ը զոհվել են ճանապարհատրանսպորտային պատահարներից, նվազագույնը եւս 6 զինծառայող սպանվել են ծառայակիցների կողմից, 3-ը խեղդվել են ջրում եւ այլն:
***
Արցախի ԶՈՒ-ն հերթական անգամ ապացուցեցին մարտունակության բարձր մակարդակը. Բակո Սահակյան
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 25-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, օրակարգում ընգրկված էին սույն թվականի հուլիս-օգոստոսին Շահումյանի շրջանում եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի բարելավման ուղղությամբ ձեռնարկված միջոցների, իրականացված աշխատանքների, դրանց արդյունքների ու հետագա անելիքների մասին եւ ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների նախապատրաստման ընթացքի մասին հարցերը:
Նիստին զեկույցներով հանդես են եկել ԼՂՀ պաշտպանության նախարարը, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարները:
Անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջերս տեղի ունեցած միջադեպերին' երկրի ղեկավարն ընդգծել է, որ համակարգված աշխատանքի, Արցախի պաշտպանության բանակի եւ համապատասխան կառույցների համատեղ գործողությունների շնորհիվ հակառակորդի կողմից ձեռնարկված բոլոր ոտնձգություներն արդյունավետորեն կասեցվել են' նրան պատճառելով մեծ կորուստներ:
Նախագահի բնութագրմամբ' հայկական կողմի պատասխան գործողությունները մեկ անգամ եւս ցույց տվեցին Արցախի զինված ուժերի մարտունակության բարձր մակարդակը, զինվորների անսասան ոգին եւ հայրենասիրությունը, հասարակության համախմբվածությունն արտաքին վտանգի դեմ եւ նրանց պատրաստակամությունը պաշտպանելու մեր երկրի անկախությունը, անվտանգությունն ու արժանապատվությունը:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի հրամանատարությանը եւ ողջ անձնակազմին, Արցախի ազատամարտիկներին, համապատասխան կառույցների ստորաբաժանումների ծառայողներին, մեր ժողովրդին եւ իշխանություններին՝ ցանկացած ոտնձգություն համախմբված եւ արդյունավետորեն կասեցնելու ունակությունների ու կարողությունների համար' դա համարելով պրոֆեսիոնալիզմի եւ հայրենասիրության լավագույն դրսեւորում:
Խոսելով դրականի մասին' Նախագահը միեւնույն ժամանակ նշել է, որ մենք ի վիճակի ենք տեսնել նաեւ թերություններն ու թույլ կողմերը եւ անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել դրանց շտկման ուղղությամբ: Նախագահը համոզմունք է հայտնել, որ ե'ւ զինված ուժերի հրամանատարությունը, ե'ւ համապատասխան ուժային կառույցների ղեկավարները մասնագիտորեն կուսումնասիրեն եւ կքննարկեն այս հարցերը:
Անդրադառնալով ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպմանը' Նախագահ Սահակյանը կարեւորել է նախատեսված բոլոր միջոցառումների կազմակերպված եւ բարձր մակարդակով անցկացումը:
Օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ երկրի ղեկավարը կոնկրետ հանձարարականներ է տվել ԼՂՀ կառավարությանը եւ համապատասխան կառույցներին՝ աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:
***
Ազնավուրն անհանգստացած է Միջին Արևելքի քրիստոնյաների և փոքրամասնությունների ճակատագրով
Ֆրանսահայ լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրն անհանգստացած է Միջին Արևելքի քրիստոնյաների և փոքրամասնությունների ճակատագրով: Շառլ Ազնավուրը խախտել է իր լռությունը և այսօր հարցազրույց տվել «Եվրոպա 1» մեդիաընկերությանը:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով europe1.fr կայքը, լեգենդար երգիչը խոսել է Իրաքի և Սիրիայի քրիստ ոնյաների և փոքրամասնությունների ողբերգական վիճակի մասին:
«Ես վաղուց եմ խախտել լռությունս: Բայց ոչ ոք չի լսում, ոչ ոք չի պատասխանում: Մենք չենք կարող ապրել եսասիրաբար: Վերցրեք մի բնակարան, օգնեք նրանց գնալ ինչ-որ տեղ: Գտեք նրանց համար բնակարան»,- նշել է Ազնավուրը՝ կոչ անելով օգնել այդ մարդկանց: Նա փաստել է, որ այսօր մենք ապրում ենք տառապանքի աշխարհում:
Ֆրանսիական երգի լեգենդը կարծում է, որ Ֆրանսիայի լքված գյուղերը կարող են վերաբնակեցվել այս եղանակով:
Երգիչն այնուհետև խոսել է այն մասին, որ 40 իրաքցի քրիստոնյաներ Ֆրանսիա են ժամանել նախորդ հինգշաբթի: «Ես ողջունում եմ դա: Ես հավատում եմ, որ պարոն Ֆաբիուսը (Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը) արել է դա ի խորոց սրտի: Դա քաղաքական քայլ չէ: Այդ ընտանիքները կարող են օգնել իրենց երեխաներին, մեծացնել նրանց, աշխատել և ապրել արժանապատիվ»,- նշել է Ազնավուրը: