«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն իրադարձությունները.













Շիրակում ՃՏՊ հետևանքով 9 տարեկան երեխա է մահացել. կան տուժածներ

 

 

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 2-ին' ժամը 00.18-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հոռոմ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ջրանցքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ «ՎԱԶ-2109» մակնիշի 05LU059 պետհամարանիշի (վարորդ՝ Ա. Գ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից, ընկել ջրանցքը (դատարկ), ինչից 2006թ. ծնված Մ. Գ.-ն տեղում մահացել է, 1974թ. ծնված Ա. Գ.-ն, 1984թ. ծնված Ս. Զ-ն տեղափոխվել են Գյումրու քաղաքային ԲԿ, իսկ 2005թ. ծնված Ա. Գ.-ն՝ Ավստրիական մանկական հիվանդանոց: Բժիշկները Ա. (ծնված 2005թ.) և Ա. (ծնված 1974թ.) Գ.-երի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Ս. Զ.-ինը (ծնված 1984թ.)՝ ծանր:

 

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

 

 

***

 

 

 

Մահվան ելքով վրաերթ' Երևանի Սարկավագի փողոցում

 

 

 

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 2-ին' ժամը 07.53-ին, ահազանգ է ստացվել, որ Սարկավագի և Ֆանարջյան փողոցների խաչմերուկի մոտակայքում իր ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մոտ 60 տարեկան տղամարդու. անհրաժեշտ է շտապօգնություն:

 

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

 

Դեռևս չբացահայտված հանագամանքներում Սարկավագի փողոցի թիվ 85 տան դիմաց «Օպել» մակնիշի 24 ՏՏ 214 պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Բ.-ը (ծնված 1983թ.) վրաերթի է ենթարկել Ռ. Ե.-ին (ծնված 1962թ.), ով ստացված վնասվածքներից մահացել է:

 

 

 

***

 

 

 

Հայկական կողմը հերքում է Ղազախի շրջանում վեց հայ զինծառայողի զոհվելու լուրը

 

 

 

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հերթական անգամ դիմել է տեղեկատվության խեղաթյուրմանը' հայտարարելով, որ փետրվարի 1-ին Ղազախի շրջանում ոչնչացվել են վեց հայ զինծառայողներ:

 

Տեղեկատվությունը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանինն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը բացարձակ սուտ որակեց Ադրբեջանի ՊՆ հայտարարությունը. «Արդեն անգամ զարմանալի չեն Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունները: Դրանք իրականությունից կտրված են ու բացարձակապես սուտ»:

 

Անդրադառնալով սահմանում տիրող իրավիճակին' Հովհաննիսյանն ասաց, որ լարվածությունը թուլացել է: Իհարկե, ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը, սակայն կրակոցներն ավելի թույլ են ու ավելի քիչ:

 

Ադրբեջանի ՊՆ-ն փետրվարի 1-ին հայտարարություն էր տարածել այն մասին, թե Ղազախի շրջանում ադրբեջանական զինուժը ոչնչացրել է վեց հայ զինծառայողների:

 

 

 

***

 

 

Խուլիգանական դրդումներով համածառայակցին սպանելու համար մեղադրանք է առաջադրվել 4 զինվորի

 

 

 

Երևանում տեղակայված N զորամասի զինծառայող Հայկազ Արկադիի Բարսեղյանին սպանելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 4 համածառայակցի։

 

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ նույն զորամասի զինծառայողներ Վաչե Սահակյանին, Մովսես Ազարյանին, Գնել Թևոսյանին և Նորիկ Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 10-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով սպանության համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությունը շարունակվում է։

Քրեական գործի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքների բացահայտման, բազմակողմանի հետազոտման ուղղությամբ։

 

 

 

***

 

 

 

Հակառակորդը շարունակում է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը. ԼՂՀ ՊՆ

 

 

 

Առաջնագծի ողջ երկայնքով հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հունվարի 31-ին և փետրվարի 1-ին հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 500 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 10 000 կրակոց:

 

ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն՝ անհրաժեշտության դեպքում դիմելով համապատասխան գործողությունների:

 

 

 

***

 

 

 

Ամոթ մեզ. Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձը

 

 

Րաֆֆի Հովհաննիսյանի քաղաքացիական ուղերձը.

«Ցեղասպանության և Մեծ հայրենազրկման հարյուրերորդ տարելիցի նախաշեմին՝ ամոթ մեզ:

Արդարությանն անպայման հասնելու ենք, բայց մեզանից սկսելու նախապայմանով:

 

Հարգանքով հանդերձ՝ և ի հեճուկս դրան, Սերժ Սարգսյանն ու Բակո Սահակյանը պետք է հրաժարական տան հանուն Հայրենիքի, հանուն արդարության, հանուն ապագայի և հայոց զինվորի:

 

Ապաև՝ նախապատրաստական համալիր փոփոխություններից հետո՝ արժե ազգովի ընտրել միացյալ Հայաստանի առաջին նախագահին: Բոլորովին նոր մեկը՝ ժողովրդին և պետությանն ամբողջանվեր ծառայելու ունակ:

Փետրվարը բարով բացվի»:

 

 

 

***

 

 

 

Վարչապետն՝ ԱԺ-ում. ամեն ինչ անելու ենք, որպեսզի ժողովրդի համար լավ լինի

 

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը գնացել էր Ազգային ժողով՝ քննարկելու «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ առաջացած խնդիրները:

 

Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ մի քանի րոպե տևած քննարկումից հետո, վարչապետը չցանկացավ մեկնաբանել, թե ինչ է քննարկվել, սակայն ասաց, որ ամեն ինչ անելու են, որպեսզի ժողովրդի համար լավ լինի:

 

Ազգային ժողովում ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրացրել էր «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող քաղաքացիների խնդիրը և առաջարկել, որպեսզի կառավարությունից ներկայացուցիչներ հրավիրվեն՝ ընդդիմության կողմից կառուցողական առաջարկները քննարկելու համար:

 

 

 

***

 

 

 

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, ձերբակալել են

 

 

 

ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանին՝ Ճոյտին, ձերբակալել են:

Նախկին պատգամավորի նկատմամբ քրեական գործ են հարուցել Ֆինանսների նախարարության հարկային ծառայության քննչական մարմինները:

 

 

 

***

 

 

 

Հովիկ Աբրահամյանն ընդունել է տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին

 

 

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացածի համաձայն ընդունել է տարբեր տոնավաճառներում գործունեություն ծավալող տնտեսվարողներին:

 

Վարչապետը նշել է, որ ՀՀ նախագահի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում որոշվել է հետաձգել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված ապրանքների ձեռքբերման, փաստաթղթավորման պահանջի գործողությունը մինչև հուլիսի 1-ը: Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ կառավարությունը քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և շահագրգիռ բոլոր մարմինների հետ քննարկելու է «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը, բոլորի համար ընդունելի որոշում կայացնելու նպատակով:

 

Վարչապետը շեշտել է, որ հաշվի են առնվելու ներկայացվելիք կարծիքներն ու առաջարկությունները՝ օրենքի շուրջ առկա խնդիրները հնարավորինս արագ լուծելու համար: Վարչապետն ընդգծել է, որ կառավարության նպատակը բիզնես միջավայրում հավասար պայմանների ստեղծումն է և գործադիրն անելու է ամեն ինչ, որպեսզի փոքր և միջին բիզնեսը կայանա ու զարգանա:

 

Հանդիպմանը մասնակից տնտեսվարողները և հասարակական կազմակեպությունների ներկայացուցիչները ողջունել են կառավարության դիրքորոշումները և նշել, որ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների հետ կապված վարչապետի ներկայացրած առաջարկն ընդունելի է իրենց համար: ՓՄՁ-ների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին՝ կրկին անգամ ընդունելու և իրենց խնդիրներն ու հարցադրումները լսելու համար: