«Mediamall.am» լրատվականն ամփոփում է անցնող օրը.
Անցնող շաբաթ 350 անգամ խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, մայիսի 3-ից 9-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են իրադրությանն առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
***
70 տարի առաջ այս օրը խաղաղության ավետիսը հնչեց աշխարհին. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրության օրվա առթիվ: Շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք հղում բարեպաշտ մեր ժողովրդին' Հաղթանակի և խաղաղության տոնի և Շուշիի ազատագրման օրվա լուսավոր առիթով:
Մայիսի 9-ի պանծալի խորհուրդն այսօր մենք դիմավորում ենք մեր Հայրենիքի ու ողջ ժողովրդի նոր կյանքի հույսերով ու ազգային իղձերի իրականացման պայծառ ձգտումներով:
70 տարի առաջ այս օրը խաղաղության ավետիսը հնչեց աշխարհին' ուրախությամբ համակելով և լուսավորելով հոգիները նաև մեր ժողովրդի զավակների, ովքեր հերոսական մասնակցություն ունեցան ֆաշիզմի դեմ պայքարում և հաղթանակի կերտման գործում: Հայրենասիրության նույն անվեհեր ոգով ծնունդ առավ և հաղթանակով պսակվեց նաև Արցախի ազատամարտը' դառնալով հերոսական ու փառապանծ հաղթանակի նոր էջը մեր պատմության:
Տոնական այս օրը Մեր աղոթքն է, որ Տերը խաղաղության Իր շնորհների ներքո անվրդով պահպանի հայրենի մեր երկիրը և օրհնի աստվածասեր մեր ժողովրդին' պարգևելով ապահով ու բարօր կյանք:
Թող մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը և խաղաղությունը լինեն ամենքիս հետ: Ամեն»:
***
Ժամկետային զինծառայողի մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Հարություն Համբարյանի մահվան դեպքի առթիվ։
2015 թվականի մայիսի 8-ին՝ ժամը 15:15-ի սահմաններում, ՊԲ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Հարություն Հրայրի Համբարյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգից իր գլխի ճակատային հատվածում արձակված կրակոցի հետևանքով ստացած հրազենային վիրավորումից տեղում մահացել է:
Դեպքի առթիվ Զինվորական քննչական գլխավոր վարչության երրորդ կայազորային քննչական բաժնում մայիսի 8-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, կազմվել է քննչական խումբ:
Նույն օրը կատարվել է դեպքի վայրի զննություն, Հ.Համբարյանի դիակի արտաքին զննություն, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական և դատավարական միջոցառումներ՝ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
***
Շքերթ, ցուցադրական թռիչքներ, տոնական համազարկ. Երևանում մեկնարկել են Հաղթանակի 70-ամյակի միջոցառումները
Հաղթանակի զբոսայգում մեծ հանդիսավորությամբ մեկնարկել է Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, վետերաններին շնորհավորելու են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նախարարները, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, հյուրեր արտասահմանից:
Միջոցառման մեկնարկին ծաղիկներ դրվեցին անհայտ զինվորի հուշարձանին, այնուհետև Երևանում տեղակայված Էրեբունի ռուսական ավիացիոն ռազմաբազայի օդաչուները հանդես եկան ցուցադրական թռիչքներով: Նախ, ուղղաթիռները երկնքով մեկ տարան Հայրենական մեծ պատերազմում հաղթանակ տարած Հայաստանի և Ռուսաստանի դրոշները, այնուհետև հանդես եկան ցուցադրական թռիչքներով: Միջոցառման ավարտին հյուրերն այցելեցին հարևանությամբ գտնվող զինվորական վրաններ և վետերանների հետ նշեցին Հաղթանակի օրը:
«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց, որ Հայրենական պատերազմում տարած հաղթանակով հայ ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց, որ դժվարություններից չի կոտրվում և պատրաստ է պայքարել հանուն համամարդկային արժեքների:
Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինն էլ հավելեց, որ հաղթանակը ԽՍՀՄ ժողովուրդներինն է, որոնք գրանցեցին մեծ նվիրվածություն և կարողացան կամքի ուժ ցուցաբերելով հաղթել ֆաշիստական Գերմանիային: «Հայ ժողովուրդը ցուցաբերել է մեծ խիզախություն և Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի լիիրավ կրողն է: Շնորհավորում եմ ձեզ այս տոնի կապակցությամբ և մաղթում բարեկեցություն»,- ասաց Հայաստանում ՌԴ դեսպանը:
Նախատեսվում է տոնակատարության մասնակիցների, պատերազմի վետերանների կողմից Մեծ հաղթանակին վերաբերվող նորացված ցուցադրությունների դիտում «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում, ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաների մասնակցությամբ Հայրենական Մեծ պատերազմի վետերանների պատվին զինվորական տոնական հյուրասիրություն ՌԴ 102-րդ բազայի և ՀՀ ԶՈՒ կողմից կազմակերպված զինվորական վրաններում:
Հաղթանակի զբոսայգում տոնակատարությունը կշարունակվի հայրենասիրական երգերով, քայլերգերով' ՊՆ նվագախմբի, ՀՀ ՊՆ Երևանի կայազորի Սպայի տան Զորական ու Սարդարապատ համույթների և ճանաչված մենակատարների մասնակցությամբ:
Տոնական օրը կեզրափակվի Երեւանում տոնական հրավառությամբ եւ 70 համազարկով: