«Mediamall.am»-ը ներկայացնում է անցնող օրվա կարևորագույն նորությունները.
Ադրբեջանական բանակի հերթական զինվորը մահացել է սեփական զենքի կրակոցից
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին հայտարարել է հերթական զինվորի մահվան մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, ադրբեջանական բանակի զինվոր Թահմազլի Ֆարիդ Ասլանօղլուն մահացել է սեփական հրազենից արձակված կրակոցից:
Դեպքը գրանցվել է Արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկում: Դեռևս հայտնի չեն զինվորի մահվան մանրամասները: Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, տարվում է քննություն:
***
ԱՄՆ-ի հետ գործընկերությունը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկն է. Ղարիբաշվիլի
ԱՄՆ-ի հետ գործընկերությունը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայնություններից մեկն է, հայտարարել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բաթումում կայացած հանդիսավոր ընդունելության ժամանակ, որը տեղի է ունեցել ամերիկյան Vella Gulf հածանավում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«ԱՄՆ-ի հետ գործընկերությունը մեր երկրի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայություններից մեկն Է… ԱՄՆ-ի հովանավորությամբ այսօր մեզ մոտ ստեղծված են լավագույն զինվորական ստորաբաժանումները, որոնք իրենց ավանդն են ներդնում Աֆղանստանում միջազգային խաղաղաղության հաստատման գործում»,- հայտարարել Է Ղարիբաշվիլին:
ԱՄՆ-ի ռազմածովային նավատորմի Vella Gulf հրթիռակիր հածանավը Բաթումի նավահանգիստ Է ժամանել օգոստոսի 18-ին: Բարեկամական այցի նպատակն Է, այց, որը կտեւի մինչեւ օգոստոսի 20-ը, պրոֆեսիոնալ եւ մարդկային հարաբերությունների խորացումն ԱՄՆ-ի եւ նրա դաշնակից եւ գործընկեր երկրների հետ, հաղորդել Է Նովոստի-Գրուզիան:
***
Թուրքիայում մի քանի տասնյակ ոստիկան է ձերբակալվել
Թուրքիայի Իզմիր քաղաքում «զինվորական լրտեսություն» իրականացնող ոստիկանների նկատմամբ ձերբակալություններ են սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Haberler.com-ը, գործողությունների արդյունքում Իզմիրում և դրա հարակից շրջաններում ձերբակալվել է 32 ոստիկան:
Ձերբակալվածները մեղադրվում են կաշառակերության, ոչ օրինական գործարքներ իրականացնելու մեջ: Նրանք արդեն տարվել են բաժանմունքներ համապատասխան ցուցմունք տալու համար: Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ կասկածյալների շարքում է նաև Թուրքիայի կապի և հաղորդակցության նախարար Բինալի Յըլդըրըմի կնոջ քրոջ ամուսինը:
***
Չինաստանի արևելքում տեղի է ունեցել գազի պայթյուն հանքահորում, որտեղ եղել է 39 հանքագործ
Չինաստանի Անհոյի արեւելյան նահանգի հանքահորում տեղի ունեցած՝ գազի պայթյունի հետեւանքով փլվածքների տակ է մնացել 29 հանքագործ: Այս մասին օգոստոսի 19-ին հաղորդել է «Սինհուա» գործակալությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Վթարը տեղի Է ունեցել օգոստոսի 19-ին տեղական ժամանակով ժամը 05:00-ին (Երեւանի ժամանակով 01:00-ին) Հուայնան քաղաքի շրջանում՝ «Դունֆան» ընկերության ածխի հանքահորում: Պայթյունի պահին գետնի տակ եղել Է 39 մարդ, նրանցից 10-ը կարողացել է դուրս գալ փրկարարների օգնությամբ, մեկ հանքափոր հոսպիտալացվել Է: Մնացած հանքագործների ճակատագիրն առայժմ անհայտ է:
Նախնական տվյալների համաձայն՝ հանքահորի ղեկավարությունն անտեսել Է ձեռնարկության գործունեության դադարեցման մասին՝ նահանգի կառավարության հրամանը հուլիսին տեղի ունեցած հեղեղման կապակցությամբ, ինչը կարող Էր դառնալ սարքավորման շարքից դուրս գալու պատճառ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
***
ԱՄՆ-ում հային 12 և ավելի տարվա ազատազրկման են դատապարտել. ՀԴԲ
«Armenian Power» հանցավոր խմբին հարող Անդրանիկ Ալոյանը, որ զբաղվել էր ավազակային դավադրության և տարեց անձանց անձնական և բանկային ֆինանսական տվյալները գողանալով, նրանցից 25 մլն դոլար շորթելու համար օգոստոսի 18-ին Լոս Անջելեսում դատապարտվել է 160 ամիս բանտարկության: «Արմենպրես»- ի հաղորդմամբ' այս մասին հայտնում է Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոն:
Լոս Անջելեսում բնակվող 41-ամյա Ալոյանը մեղավոր էր ճանաչվել դաշնային դատավորների կողմից 2014 թվականի փետրվարի 11-ին: Դատարանում ներկայացված ապացույցների համաձայն' Ալոյանը գողացել է ավելի քան 75' հիմնականում տարեց մարդկանց անձնական և բանկային ֆինանսական տվյալները: Կողոպտված գումարի ընդհանուր արժեքը գերազանցել է 25 մլն դոլարը:
160 ամիս ազատազրկումից բացի, Ալոյանը պետք է ևս երեք տարի լինի ոստիկանների վերահսկողության տակ և 3 մլն 516 հազար 711 դոլարի փոխհատուց վճարի տուժողներին:
Դատական փաստաթղթերի համաձայն' «Armenian Power» փողոցային հանցավոր խմբավորումը ստեղծվել է Լոս Անջելեսի Արևելյան Հոլիվուդ շրջանում 1980-ականներին: Բանդայի անդամները հիմնականում հայկական, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության այլ երկրների ծագում ունեն:
Կալիֆոռնիայի նահանգային օրենքի համաձայն' «Armenian Power»-ը ճանաչվել է փողոցային հանցավոր խմբավորում: Ենթադրվում է, որ այն ունի ավելի քան 250 փաստագրված անդամ, ինչպես նաև հարյուրավոր համախոհներ:
Բանդայի անդամները պարբերաբար իրականացրել են բռնի քրեական գործողություններ, այդ թվում' սպանություններ, մահափորձեր, մարդկանց առևանգումներ, ավազակություն, շորթում և վկաների ահաբեկում:
***
Էրդողանի դեմ դատական գործ է հարուցվել
Թուրքիայի Աքդենիզի համալսարանի իրավաբանության ֆակուլտետի պրոֆեսոր Հայրեթթին Օքչեսիզը դատարանում հայց է ներկայացրել Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ: Դատական գործ հարուցելու պատճառն Էրդողանի' Թուրքիայի նախագահի պաշտոնում պաշտոնապես ընտրվելուց հետո էլ վարչապետի և «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի լիազորությունները շարունակելն է: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական Demokrathaber.net-ը:
Իր քայլը պրոֆեսորը հիմնավորել է նրանով, որ Էրդողանը, նախագահ ընտրվելուց հետո, իրավաբանորեն կորցրել է Մեջլիսի պատգամավորի լիազորությունները, հետևաբար կառավարության աշխատանքի կամ կուսակցական գործունեության հետ որևէ կապ ունենալը համարվում է նրա կողմից անկողմնակալության սկզբունքի խախտում: Օգոստոսի 15-ը նշելով որպես հանցանք գործելու սկիզբ' Օքչեսիզը իբրև վկա է ներկայացրել Էրդողանի գործողություններին հետևած Թուրքիայի բոլոր քաղաքացիներին:
***
Ֆինանսների նախարարության ՆՀՎ-ը բացահայտել է մաքսային կանոնների խախտման մի շարք դեպքեր
Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունն ընթացիկ տարվա առաջին կիսամյակում մաքսային կանոնների խախտման բազմաթիվ դեպքեր է բացահայտել, այդ թվում' թմրամիջոցի և հոգեմետ դեղորայքի ապօրինի տեղափոխման հետ կապված: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Բագրատաշենի մաքսակետում մանրակրկիտ զննության ենթարկելով կասկածելի վարք ցուցաբերած ՀՀ քաղաքացու ավտոմեքենան՝ բեռնախցիկում տեղադրված գազաբալոնի միջից հայտնաբերվել է շուրջ 4.5կգ դեղորայք, 21.5 կգ բիոհավելումներ, ինչպես նաև 65 հատ տարբեր մոդելների բջջային հեռախոսներ:
Մեկ այլ դեպքով, վարչության աշխատակիցները մեր երկրի քաղաքացու մեքենայի հետևի նստատեղից և բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի արանքից հայտնաբերել են 21 կգ ընդհանուր քաշով տարբեր երկրների արտադրության դեղորայք, որը ձեռք էր բերվել Վրաստանում: Օրեր անց, շարունակելով բացահայտումների հաջող պրակտիկան, նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննության են ենթարկել Հայաստանից Ռուսաստան ուղևորվող ավտոբուսը՝ հայտնաբերվելով չհայտարարագրված ավելի քան 28 հազար տուփ հայկական արտադրության ծխախոտ, սիգարներ և 1 կգ ծխախոտի թութուն:
Մեկ այլ դեպքով, «Opel Kombo» մեքենայի բեռնախցիկի հատակն է ծառայել որպես թաքստոց: Այդտեղից հայտնաբերվել են 107.5 կգ տարբեր տեսակի լվացքի փոշիներ և հեղուկներ:
Հաջորդ բացահայտումները վերաբերում են բջջային հեռախոսներին. դրանցից 20-ը հայտնաբերվել է «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում տեղադրված գազի բալոնի հետնամասից և սրահի առջևի մասի գրպանից, իսկ 30-ը' մեկ այլ ավտոմեքենայի սրահից: Տարբեր տեսակի 30 բջջային հեռախոս էլ վարչության աշխատակիցները հայտնաբերել են Վրաստանից Հայաստան ուղևորվող մեքենայի հետևի նստատեղի թաքստոցից: Իսկ մեկ այլ բացահայտմամբ էլ «Mazda» մակնիշի մեքենայից առգրավվել է մաքսային հսկողությունից թաքցված 189 հատ բջջային հեռախոս:
ՆՀՎ աշխատակիցների ուշադրությունից չեն վրիպել նաև Վրաստանից մեր երկիր ժամանած ավտոմեքենայում թաքցված կոսմետիկ միջոցները: Ավտոմեքենաների հետ կապված օրինախախտման փորձը ևս չի շրջանցել ՆՀՎ աշխատակիցների սուր աչքից. կանխվել է արտասահմանյան համարները տեղականով փոխարինելու հնարքով առանց հայտարարարագրման ավտոմեքենա ներմուծելու փորձը: ՆՀՎ աշխատակիցները բացահայտել են նաև մաքսային ապահովման միջոցի վնասման և բեռի թերհայտարարագրման մի շարք դեպքեր:
***
Ինչպես սահմանում ենք միասին եղել, այնպես էլ աղետների ժամանակ կլինենք համախմբված՝ մեր երկիրը հզորացնելու համար. Մանվել Գրիգորյան
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը և Երկրապահ կամավորականների միությունը կսերտացնեն համագործակցությունը: Օգոստոսի 19-ին երկու կողմերի ղեկավարները՝ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ, Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ԱԻՆ-ում կնքեցին համագործակցության հուշագիր:
Հուշագրի ստորագրման արարողության մեկնարկին գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ծաղկեպսակ դրեց ԱՒՆ «Փրկության նվիրյալների» հուշարձանին: Այնուհետև պարգևատրվեցին ԱԻՆ և ԵԿՄ մի շարք աշխատակիցներ: Բացի այդ, Արմեն Երիցյանը ԵԿՄ-ի կողմից պարգևատրվեց Վազգեն Սարգսյանի անվան հուշամեդալով, իսկ Մանվել Գրիգորյանին ԱԻՆ-ը հանձնեց «Փառքի խաչ» մեդալ: Այնուհետև նրանք մասնակցեցին ցուցադրական ուսումնավարժության, ինչպես նաև շինհրապարակում դիտեցին հրշեջ, փրկարարական և հատուկ ավտոմեքենաներն ու տեխնիկան:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը հուշագրի ստորագրման մեկնարկին ներկայացրեց ՀՀ ԱԻՆ անցած ճանապարհը:
«ՀՀ ԱԻՆ-ը Հայաստանի ամենաերիտասարդ նախարարություններից է: Նախարարությունն ակտիվ գործունեություն է ծավալում: Օրինակ, ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում մենք ամեն օր ստանում ենք 6-8 հազար տարբեր զանգեր: Մենք պետք է կատարենք մեր առջև դրված բոլոր խնդիրները»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նշեց Արմեն Երիցյանը:
Երիցյանի խոսքով, ԱԻՆ-ը և ԵԿՄ-ն անելիքներ շատ ունեն: «Պետք է միասին կարողանանք կատարել տարատեսակ աշխատանքներ: Դասընթացներ կկազմակերպենք, ինչպես նաև բոլոր ուղղություններով աշխատանքներ կտանենք»,-նշեց նա:
Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը կարևորեց համագործակցությունը: «Մենք հպարտ ենք, որ մեր երկրում նման կայացած կառույց կա: Ձեր կառույցի աշխատակիցները պետության կառուցման, սահմանների պաշտպանության, Արցախի ազատագրման գործում ներդրում ունեցած մարդիկ են: Ինչպես սահմանում ենք միասին եղել, այնպես էլ աղետների ժամանակ կլինենք համախմբված՝ մեր երկիրը հզորացնելու համար»,-նշեց Գրիգորյանը:
Հուշագրի ստորագրման արարողությունից հետո ԱԻՆ նախարարը տեսակամուրջի միջոցով լսեց Ստեփանակերտի, Սյունիքի, Լոռու, Վայոց Ձորի, Տավուշի, Կոտայքի, Արարատի, Շիրակի, Գեղարքունիքի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչների զեկույցները իրավիճակի և պատահարների վերաբերյալ: Ցուցադրվեցին նաև տեսահոլովակներ նախարարության գործունեության մասին:
***
Մխչյան-Դիտակ ճանապարհին մահվան ելքով պատահար է գրանցվել
«ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մխչյան-Դիտակ ճանապարհի 1-ին կմ-ին օգոստոսի 18-ին' ժամը 20.40-ի սահմաններում, վրաերթի է ենթարկել 1948թ. Արփիար Պետրոսյանին: «ՎԱԶ-21214» -ի վարորդը իր ավտոմեքենայով կնոջը տեղափոխել հիվանդանոց. տուժողը ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
***
Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսից մահացած մարդկանց թիվը հասել Է 1229-ի. ԱՀԿ
Արեւմտյան Աֆրիկայում Էբոլա վիրուսի հարուցած հիվանդության բռնկման հետեւանքով մահացած մարդկանց թիվը հասել է 1229-ի, 2240-ն ախտահարված է:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Առողջապահության համաշխարհային կազմակարեպության (ԱՀԿ) տարածած տվյալներով՝ հիվանդության բռնկումը շարունակում Է թափ հավաքել Գվինեայում, Սիեռա Լեոնեում, Լիբերիայում եւ Նիգերիայում: Օգոստոսի 14-ից մինչեւ 16-ն այս երկրներում ախտահարվել է 113 մարդ: Գվինեայում, Սիեռա Լեոնեում, Լիբերիայում 84 մարդ մահացել է:
Ընդհանուր առմամբ անցյալ տարվա դեկտեմբերից, երբ սկսվել Է հիվանդության բռնկումը, Լիբերիայում, դրանից մահացելԷ 466 մարդ, Գվինեայում՝ 394, Սիեռա Լեոնեում՝ 365, Նիգեիրայում՝ 4 մարդ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
***
Հայկական կողմը պահանջում է Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձ՝ առանց նախապայմանի, բայց պատրաստ է նաև այլ սցենարի
Ադրբեջանական գերության մեջ սպանված Կարեն Պետրոսյանի դիակի վերադարձի վերաբերյալ ադրբեջանական կողմը որևէ արձագանք չի տվել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները բանակցություններում ներգրավված են որպես միջնորդ. միջազգային այդ կառույցի միջնորդական մանդատն ընդունելի է և Հայաստանի, և Ադրբեջանի իշխանությունների համար: Ու թեև հայկական կողմը հակված է անմիջական բանակցությունների, սակայն ադրբեջանական կողմը 5-6 տարի որևէ ուղղակի կապի մեջ չի մտնում, խուսափում է անմիջական բանակցություններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը վկայակոչեց ոլորտը կարգավորող Ժնևյան կոնվենցիաներն ու դրանց երկու լրացուցիչ արձանագրությունները, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի հիմքն են և դրանցով են կարգավորվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գերիների, պատանդն երի, անհայտ կորածների հարցերը: «Միջազգային մարդասիրական իրավունքն ընդունում է պետության բարի կամքի դրսևորումը, և Ադրբեջանը պետք է հենց առանց նախապայմանների վերադարձներ Կարեն Պետրոսյանի դին, սակայն քանի որ ադրբեջանցիների հետ գործ ունենք, նրանք մշտապես նախապայմանների լեզվով են խոսում: Չենք բացառում, որ այս անգամ էլ նրանք նախապայման կառաջադրեն և փոխանակման մասին կխոսեն: Թեև մենք պահանջել ենք, որ Ադրբեջանն արձագանքի և գործի առանց նախապայմանների, սակայն տարիների փորձը ցույց է տալիս, որ այդ երկիրն ընդունակ չէ բարի կամքի դրսևորման»,-ասաց Կապրիելյանը՝ նշելով, որ միջազգային իրավունքը «փոխանակում» բառը չի ընդունում. ԿԽՄԿ-ն, օրինակ, «միաժամանակյա հանձնում» տերմինն է գործածում:
Ինչևէ, հայկական կողմը չի բացառում փոխանակման տարբերակը: Հայկական կողմի բարի կամքի դրսևորման մասին է վկայում նաև այն, որ, օրինակ, 2010թ. ադրբեջանական գերության մեջ սպանված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի դիակի հանձնման ժամանակ հայկական կողմը հանձնեց Հայաստանի սահմանը ապօրինի հատած ադրբեջանցի Էլդար Թաղիրովին:
Ադրբեջանը ձգձգում է դիակի հանձնման գործընթացը, որպեսզի հնարավորություն չտա հայկական կողմին բացահայտելու Կարեն Պետրոսյանի մահվան իրական հանգամանքները: Առկա տեղեկատվությունը նրա հանդեպ դաժան ու անմարդկային վերաբերմունքի հիմնավոր կասկածներ է ծնում: ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովը պաշտոնապես պահանջել է անկախ միջազգային փորձագետների կողմից դիակի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու համար:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտներին, ապա Արմեն Կապրիելյանը, վկայակոչելով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի խոսքերը, նշեց, որ նրանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կատարել են քրեական մի շարք հանցագործություններ և պետք է իրենց պատիժն ստանան ԼՂՀ քրեական օրենսգրքի ողջ խստությամբ:
***
Գիտեմ, որ ինձ ապրելու քիչ ժամանակ է մնացել. Հռոմի պապ
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջին անգամ մահվան մասին իր խոհերով է կիսվել լայն հանրության հետ: « Գիտեմ, որ ինձ ապրելու քիչ ժամանակ է մնացել. երկու կամ երեք տարի, հետո ես կհայտնվեմ Աստծո տանը»,- ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «ԻՏԱՌ-ՏԱՍՍ» գործակալությունը, Հարավային Կորեայից Վատիկան վերադառնալիս ինքնաթիռում լրագրողներին հայտնել է Ֆրանցիսկոս պապը:
Կաթոլիկ եկեղեցու 77-ամյա առաջնորդը նաև ասել է, որ խորհրդածում է իր գործած մեղքերի, սխալների մասին և փորձում է զերծ մնալ հպարտությունից: Վատիկանի աղբյուրները հաստատել են, որ Պապը նախկինում նույնպես խոսել է իր մահվան մասին, սակայն առաջին անգամն է, որ նա լրագրողներին հայտնել է իր այդ մտքերի մասին:
Ֆրանցիսկոս պապը նշել է նաև գահը թողնելու հավանականության մասին, ինչպես արել էր իր նախորդը' Բենեդիկտոս XVI-ը, եթե նա չկարողանա այլևս կատարել իր պարտականությունները: «60 տարի առաջ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների համար գրեթե անհնար էր հրաժարական տալ, բայց Բենեդիկտոս XVI պապը «դուռ բացեց» մեզ համար», - ասել է հովվապետը:
***
Կոմիտասի պողոտայում 19-ամյա երիտասարդ է դանակահարվել
Հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում օգոստոսի 18-ին' ժամը 06.35-ին, հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի վերին աջ կեսի հետին պատի և որովայնի առաջնային ծակած կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1995թ. ծնված Էդուարդ Օ.-ն:
Վերջինս, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ոստիկանության Արաբկիրի և Քանաքեռ-Զեյթունի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը' ժամը 02.30-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 19 շենքի դիմաց Էդուարդ Օ.-ին դանակով հարվածել և մարմնական վնասվածքներ է պատճառել 1992թ. ծնված Խաչիկ Դ.-ն, որը նույն օրը' ժամը 11.30-ին, բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Խաչիկ Դ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն: