mediamall.am-ն առանձնացրել է օրվա գլխավոր լուրերը.


Հրազդան ջրանցքում տղամարդու դի է հայտնաբերվել

 

Հուլիսի 19-ին, ժամը 07.09-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Արագած գյուղում՝ ջրանցքում, առկա է ջրահեղձված տղամարդու դի, որը դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ստորին Հրազդան ջրանցքից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:

 

***

 

Կիևը ԵԱՀԿ-ին չի թողել մշակել Boieng 777-ի կործանման պատճառների մասին փաստաթուղթ

 

ԵԱՀԿ արտակարգ հանդիպումը, որը գումարվել էր Դոնեցկում մալայզիական Boieng 777 օդանավի կործանման պատճառով, հետաձգվել է, քանի որ մասնակիցներին չի հաջողվել մշակել ամփոփիչ փաստաթուղթ: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

«Հայտարարության տեքստը չի հաջողվել համաձայնեցնել՝ ուկրաինական կողմի դիրքորոշման պատճառով, քանի որ Կիևը պահանջել է փաստաթղթում ներառել ահաբեկիչներին դատապարտող կետ»,- հայտնել է պատվիրակության ներկայացուցիչներից մեկը:

Այդ առաջարկն աջակցել է միայն ամերիկյան պատվիրակությունը, իսկ մյուս երկրների ներկայացուցիչները դեմ են եղել նման նախաձեռնությանը:

 

***

 

Թուրքիայում շարունակվում են ստորգետնյա ցնցումները

 

Թուրքիայում շարունակվում են վերջին շրջանում ակտիվացած ստորգետնյա ցնցումները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, անցած գիշերվա ընթացքում Թուրքիայի Իզմիրի նահանգի Ուրլայի շրջանում իրար հաջորդող 2,4, 2,3 եւ 2,6 բալ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաեւ Իզմիրի կենտրոնում:

Այսօր առավոտյան Վանում եւս 4,1 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ինչը խուճապ է առաջացրել բնակչության շրջանում: Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

Երեկ առավոտյան ժամերին Իզմիրի Ուրլայի շրջանում 4,0 բալ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել: Վերջին շաբաթներին սեյսմիկ ակտվիությունը Էգեյան ծովի շրջանում աճել է:

 

***

 

Հրապարակվել է Boeing 777-ի բոլոր զոհերի քաղաքացիությունը հաստատող ցուցակը

 

Malaysia Airlines ավիաընկերությունը հրապարակել է հուլիսի 17-ի երեկոյան Ուկրաինայում կործանված Boeing 777 օդանավի բոլոր զոհերի քաղաքացիությունը հաստատող ցուցակը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ օդանավում եղել է Նիդեռլանդների 192 քաղաքացի, Մալայզիայի 44 քաղաքացի, ներառյալ՝ անձնակազմի 15 անդամներն ու 2 երեխա, Ավստրալիայի 27 քաղաքացի, Ինդոնեզիայի 12, ներառյալ՝ 1 երեխա, Մեծ Բրիտանիայի 10, Բելգիայի 4, Գերմանիայի 4, Ֆիլիպինների 3, Կանադայի և Նոր Զելանդիայի մեկական քաղաքացի:

Ավիաաղետի հետևանքով զոհվել է 298 մարդ:

 

***

 

Վահաբիները վերջնագիր են ներկայացրել քրիստոնյաներին

 

Իրաքի հյուսիսային շրջաններում «Իսլամական պետություն» (ԻՊ) հռչակած վահաբիները (իսլամի սունի սալաֆի ծայրահեղականներ) Մոսուլի քրիստոնյաներին վերջնագիր են ներկայացրել' պահանջելով մինչեւ հուլիսի 19-ը կամ իսլամ ընդունել, կամ շնչին ամսական 250 դոլար հարկ վճարել, կամ էլ' հեռանալ տարածաշրջանից, ինչի պատճառով քիստոնյաները զանգվածաբար լքում են Իրաքի հյուսիսի ամենամեծ քաղաքը, որտեղ բնակվել են հազարամյակներ: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Al-Arabia հեռուստաալիքը:

Մոսուլի խալդի կաթոլիկ եկեղեցու պատրիարք Լուիս Ռաֆայել Սակո Առաջինը հեռուստաալիքին հայտնել է. «Քրիստոնյա ընտանիքները ներկա պահին գտնվում են Դոհուք եւ Էրբիլ (իրաքյան Քուրդիստան) քաղաքների ճանապարհին: Իրաքի պատմության մեջ առաջին անգամ այժմ Մոսուլում քրիստոնյա չկա»:

Հեռուստաալիքը հայտնում է, որ քաղաքը լքելու մասին պահանջը մինչեւ այսօր հեռարձակվել է տեղի մզկիթների բարձրախոսների միջոցով:

Պատրիարքը նաեւ հայտնել է, որ իսլամիստ ահաբեկիչ մարտիկները զատում են քրիստոնյաների տները' նրանց վրա արաբերենով գրելով «քրիստոնյա»: Վահաբիները հայտարարել են, որ քրիստոյաների տներն այսուհետեւ պետք է համարվեն իրենց սեփականությունը: 

 

***

 

Յոթ օր առաջնագծում. հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 500 անգամ

 

ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն' հուլիսի 13-ից 19-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 500 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկարությամբ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:

 

***

 

Վանք գյուղի բնակիչները բաց նամակ են տարածել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի

 

ԼՂՀ Վանք գյուղի 1005 բնակիչներ բաց նամակ են հղել հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանին: Գործարարի ֆեյսբուքյան էջում մասնավորապես ասված է.

«Ակնհայտ է, որ թշնամին փորձում է իրականացնել իր վաղեմի նպատակը. չխնայելով նավթադոլարները՝ փորձում է կոտրել Ձեզ:

Մենք կասկած չունենք, որ Ձեր ձերբակալությունը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Ձեր ձերբակալությունն ահազանգ է ողջ հայությանը: Կոչ ենք անում ողջ աշխարհի և հատկապես ՌԴ-ում ապրող հայությանը թե' առանձին, թե' համախմբված դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին: Այս հարցում կարևոր դեր պետք է ունենան Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայերը՝ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Դանիել Խաչատուրովը, Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները և այլք: Եկել է մեր ժամանակը՝ Ձեզ սատարելու, թանկագին Լևոն Հայրապետյան, այնպես, ինչպես Դուք եք այս տարիների ընթացքում ամեն վայրկյան ամբողջ սրտով կիսել մեր փոքրիկ հայրենիքի ամեն մի հաջողոթյուն և ձախողում: Չկորցնեք ոգու ամրությունը, թանկագին Լևոն Հայրապետյան: Ձեզ հետ են Աստված, Արցախը և Հայաստանը»,- ասված է նամակում, որն ստորագրել են գյուղի բոլոր բնակիչները:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանյան դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել:

 

***

 

Խորտակված հարավկորեական «Սևոլ» լաստանավի զոհերի թիվը հասել է 294-ի

 

Հարավկորեացի փրկարարները կնոջ մարմին են հանել խորտակված «Սևոլ» լաստանավի ճաշարանից: Այսպիսով, զոհերի թիվը հասել է 294-ի, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

476 ուղևորների փոխադրող «Սևոլը», որոնց մեծ մասը դպրոցականներ էին, խորտակվել է ապրիլի 16-ին Հարավային Կորեայի ափերի մոտ: Մինչ այժմ 20 մարդ համարվում է անհայտ կորած:

Ողբերգության գլխավոր պատճառը համարում են պաշտոնատար անձանց անփութությունը և կոռուպցիան:

Լաստանավի հրամանատարի և անձնակազմի 14 անդամների նկատմամբ դատավարությունը շարունակվում է:

 

***

 

Յացենյուկը ծրագրում է խզել Ռուսաստանի հետ բոլոր առևտրային կապերը

 

Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը չի բացառել, որ կարող է վերջ տրվել Ռուսաստանի հետ առևտրային երկկողմ կապերի համագործակցությանը: Այս մասին հայտնում է interfax.ua-ն:

«Երբ արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանում ՌԴ-ի նկատմամբ՝ սահմանափակելով երկկողմ առևտուրը՝ միաժամանակ կրելով համապատասխան կորուստներ, այնքան էլ ճիշտ չէ, որ ուկրաինական կողմը շարունակի Ռուսաստանի հետ առևտրային երկկողմ կապերը»,-հայտնել է Յացենյուկը:

Ուկրաինայի վարչապետը նշել է նաև, որ գիտակցում է դրա տնտեսական բոլոր բարդ հետևանքները, սակայն հասկանում է նաև, որ ՌԴ-ն տնտեսական միակ շուկան չէ աշխարհում, ուր կարելի է արտահանել ուկրաինական արտադրանքը:

 

***

 

Վրաստանի խորհրդարանը վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը

 

Վրաստանի խորհրդարանը երեկ վավերացրել է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը. այն ընդունվել է միաձայն՝ 123 քվեով: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն պատգամավորներին իրազեկել է այդ համաձայնագրի էության ու հիմնական ասպեկտների մասին:

Վրաստանը ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն ստորագրել է հունիսի 27-ին, Բրյուսելում: Ավելի վաղ հաղորդվել էր, թե Ասոցացման համաձայնագիրը կսկսի գործել արդեն սեպտեմբերից:

 

***

 

Կիևը Boeing-ի կործանումից հետո տարօրինակ անգործության է մատնվել․ ՌԴ ՊՆ

 

Ինչպես տեղեկացնում է kommersant.ru-ն, պաշտոնական Կիևն անգործության է մատնվել՝ Ուկրաինայի տարածքում մալայզիական Boeing 777 օդանավի կործանման պատճառները պարզելու համար միջազգային հանձնաժողով ստեղծելու հարցում: Այս մասին հայտարարել է ՌԴ-ի պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը:

«Ի՞նչն է պատճառը, որ ուկրաինական իշխանությունները չեն ստեղծում միջազգային հանձնաժողով, ե՞րբ է այն սկսելու իր աշխատանքը, չէ՞ որ սպասում է ողջ միջազգային հանրությունը»,- ասել է Անտոնովը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Ուկրաինայի Դոնեցկի շրջանում կործանվել է Malaysia Airlines ավիաընկերության Boeing 777 ինքնաթիռը, որում եղել է 298 մարդ:

 

***

 

Կնոջ ծննդյան արարողությունը եզրափակվեց ծեծկռտուքով և դանակահարությամբ (տեսանյութ)

 

Առաջարկում ենք դիտել ՀՀ ոստիկանության պատրաստած' «Կնոջ ծննդյան արարողությունը եզրափակվեց ծեծկռտուքով և դանակահարությամբ» վերտառությամբ տեսանյութը:

Տեսանյութն այստեղ:

 

***

 

Մահվան ելքով վրաերթ կատարած «Մերսեդես Բենց»-ի վարորդը ներկայացել է ոստիկանություն

 

Հուլիսի 18-ին, ժամը 13.45-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի, առանց պետհամարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 32 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 1977 թ. ծնված Սարգիս Ռաֆայելյանին, որը ուժգին հարվածից շպրտվել և ընկել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վրա:

Ա. Ռաֆայելյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

Նույն օրը, ժամը 16.30-ին, ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին է ներկայացել 1969 թ. ծնված Կարեն Պ.-ն և հայտնել, որ վրաերթը, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է ինքը:
Կատարվում է քննություն:

 

***

 

Հանգուցյալ ամուսնիների պահած զենք-զինամթերքը կանայք հանձնել են ոստիկանություն

 

Երևանում և Արարատում ոստիկանության բաժին են դիմել կանայք, ովքեր մի դեպքում' հանձնել, մյուս դեպքում' հայտնել են հանգուցյալ ամուսնու պահած զենք-զինամթերքի մասին: Հուլիսի 18-ին ոստիկանության Արարատի բաժին է ներկայացել մի կին և կամավոր հանձնել հանգուցյալ ամուսնուն պատ կանող մեկ ողորկ փողով որսորդական հրացանը, ինքնաձիգի 7,62 մմ տրամաչափի 4 և 5,45 մմ տրամաչափի 31 փամփուշտ:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Հուլիսի 18-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Ավանեսովի փողոցի մի բնակչուհի և հայտնել, որ հուլիսի 9-ին մահացած ամուսինը մինչև մահանալն իրեն հայտնել է, որ իրենց ավտոտնակում զինամթերք կա:

Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը' ՀՀ արտակարգ իրավիճակների և պաշտպանության նախարարությունների համապատասխան մասնագետների մասնակցությամբ, Ավանեսովի 2-րդ նրբանցքի թիվ 4 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի հատակի սալիկները քանդելով' հողի տակից հայտնաբերել է հակատանկային ականի 6 պայթուցիչ, հակատանկային 8 ական, արկի 4 մարտագլխիկ, ինքնաձիգի լիցքավորված 1 պահունակ, «Ֆ-1» տիպի 1 նռնակ' առանց պայթուցիչի, 74 տուփ տրոտիլ, դետոնատորներով 35 քուղ' յուրաքանչյուրը 26 սմ երկարության, 5,45 մմ տրամաչափի' 60, 7,62 մմ տրամաչափի' 42 և 9 մմ տրամաչափի 27 փամփուշտ, ազդանշանային 1 փամփուշտ, որսորդական հրացանի 37 պարկուճ, ատրճանակի 1 պատյան և 1 փաթեթ /8 հատ/ ամունալ:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:

 

***

 

Էրդողանը հայտարարել է, որ մալայզիական ինքնաթիռը խփել են ռուսները

 

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն կարծիքին է, որ Ուկրաինայի տարածքում մալայզիական ինքնաթիռը խփվել է Ռուսաստանի կողմից արձակված հրթիռով: Այս մասին հայտնում է apa.az-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրրիյեթ» թերթի կայքը:

«Եվ ի՞նչ կար այդ ինքնաթիռում, ի՞նչ կասեք: Խփվում է Նիդեռլանդներից Մալայզիա թռչող ինքնաթիռը, որում 160 հոլանդացի կար: Սա ի՞նչ մոտեցում է, երբ պատրաստվում էին խաղաղություն հաստատել ողջ աշխարհում»,- ասել է Էրդողանը:

Նշենք, որ Ուկրաինայի արևելքում Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ինքնաթիռի կործանվելու հետևանքով զոհվել է 298 մարդ:

 

***

 

Մալայզիան պահանջում է Boeing-777-ի սև արկղերը. Կիևը հայտնում է, որ դրանք չեն գտնվել

 

Մալայզիան Ուկրաինայից խնդրել է ավիավթարի ենթարկված Boeing-777 օդնավի սև արկղերը: Այս մասին հայտնել է Մալայզիայի տրանսպորտի նախարար Լիոու Թիոնգ Լայան, հայտնում է vesti.ru-ն։

Սև արկղերն ստանալու համար Մալայզիան Ուկրաինա է ուղարկել իր փորձագետներին, սակայն Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության ներկայացուցիչները հայտնել են, որ սև արկղերը դեռ չեն գտել:

Նշենք, որ հուլիսի 18-ին ուկրաինական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի արտգործնախարար Պավել Կլիմկինին, հաղորդել են, որ Ուկրաինայի տարածքում վթարի ենթարկված մալայզիական ինքնաթիռի «սև արկղերը» գտնվում են ուկրաինացի մասնագետների մոտ։

Մալայզիան պահանջում է սև արկղերի գտնվելու կամ չգտնվելու մասին ստույգ պատասխան ստանալ:

 

***

 

Ագրարային համալսարանը մտահոգված է իրենց տարածքում ՕԵԿ-ի ապօրինի շինարարությամբ

 

«Օրինաց երկիր» կուսակցությանը դատարանի որոշմամբ արգելվել է Տերյան 74 հասցեում շինարարական աշխատանքներ իրականացնել, սակայն կուսակցությունը հետ չի կանգնում իր մտադրությունից:

ՀՀ Ազգային ագրարային համալսարանին պատկանող տարածքում, որը տեղակայված է ՕԵԿ-ի գլխավոր գրասենյակի հետնամասում, փորձել են վերսկսել շինարարական աշխատանքները, որոնք դատարանի 2014 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ արգելվել էին: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում համալսարանի ընդհանուր հարցերով պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը տեղեկացրեց, որ դատարանը որոշման օրինակները ուղարկել է երկու կողմերին էլ' և' համալսարանին, և «Օրինաց երկիր» կուսակցությանը:

«Չենթարկվելով դատարանի որոշմանը'«Օրինաց երկրի» աշ խատողները գիշերը շինարարական աշխատանքներ են սկսել այս տարածքում: ՕԵԿ-ը մեկնաբանում է, որ տարածքում ջրամատակարաման համակարգ են ցանկանում անցկացնել, որի պատճառով էլ բերել են անհրաժեշտ տեխնիական: Սակայն շինարարական աշխատանքների ընթացը ցույց է տալիս, որ նրանք պատրաստվում են հիմնասյուներ տեղադրել' հետագայում շինարարությանն ընթացք տալու համար»,- ասաց Պարույր Էֆենդյանը:

Պրոռեկտորը պնդում է, որ կուսակցությունը ցանկանում է այդ տարածքն օգտագործել Երևան հեռուստաընկերության նկարահանման ստուդիաները տեղակայելու համար:

Երբ այս հարցով համալսարանի անձնակազմը դիմել է կուսակցության ղեկավարությանը, նրանցից հնչել է հետևյալ պատասխանը. «Անելու ենք այն, ինչ ցանկանում ենք»:

Պարույր Էֆենդյանի հավաստմամբ' կան բոլոր փաստաթղթերն առ այն, որ տարածքը պատկանում է Ագրարային համալսարանին: Նա նաև ներկայացրեց «Գուգլ» որոնողական համակարգի քարտեզի նկարը, որտեղ երևում է, որ ՕԵԿ-ի գլխավոր շտաբի շենքը կառուցվել է շատ ավելի ուշ, քան Ագրարային համալսարանին պատկանող շինությունը:

Նշենք, որ այդ շինությունում է գործում համալսարանի լաբորատորիաներից մեկը, որտեղ տեղակայված են գյուղատնտեսական տարբեր սարքավորումներ:

Նախկին Գյուղատնտեսական ինստիտուտի անասնաբուծական, անասնաբուժական ֆակուլտետների միավորման հենքի վրա ստեղծված բուհը' 1994 թվականի վերանվանելով Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, ժառանգել էր «Գյուղինստիտուտ»-ի ողջ գույքը, և երբ 2012-ին դարձավ ՊՈԱԿ, Կառավարության 471 որոշմամբ՝ ամբողջ շենք-շինությունները և հարակից տարածքը պետության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրվեց բուհին, որով էլ այդ ամենը ստացավ պետական գրանցում:

 

***

 

Հրդեհ Վերիշեն գյուղում

 

Հուլիսի 19-ին, ժամը 14.16-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի «Էլոլա» ՓԲԸ-ում (նախկին Գորիսի պանրի գործարան):
Ըստ ԱԻՆ կայքի տված տեղեկատվության' դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.20-ին, մարվել՝ 16.10-ին: Այրվել է երկհարկանի կաթսայատնից 300 քմ հատված:

 

***

 

Լիոնում կբացվի Ֆրանսիայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը

 

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 21-ին Լիոնում ներկա կգտնվի ՀՀ գլխավոր հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությանը։

Հուլիսի 22-ին նախարար Նալբանդյանը Բրյուսելում կմասնակցի Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը։

Բրյուսելում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

 

***

 

Զորի Բալայանը համոզված է, որ Լևոն Հայրապետյանի գործով մի շարք փաստեր չեն համապատասխանում իրականությանը 


Հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանը Մոսկվա մեկնելուց մի քանի օր առաջ լյարդի ծանր վիրահատություն է տարել եւ դեռեւս չի հասցրել ապաքինվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայրապետյանի ընկերներից գրող եւ հրապարակախոս Զորի Բալայանն ասաց, որ Հայրապետյանի առողջական վիճակը շատ վատ է, քանի որ շաքարային դիաբետի պատճառով նրա առողջությունը քայքայվել է, իսկ վերջերս տարած լյարդի վիրահատութ յունից էլ դեռ չի հասցրել կազդուրվել:

 

«Իմ միակ անհանգստությունն այն է, որ նա ողջ մնա: Նա գրեթե մահամերձ վիճակում է, ես չեմ չափազանցնում, նրա առողջական վիճակն, իրոք, շատ վատ է եւ գլխավոր հարցը, որ պետք է բարձրացնել այն է, որ կալանավայրում նրան հսկի բժիշկը: Հաշվի առնելով նրա առողջական վիճակը, նրան ընդհանրապես չպետք է ձերբակալեին:

 

Նա պետք է կազդուրվի, իսկ եթե վախենում էին, որ Լեւոնը կփախչի, թող տանկ տեղադրեին նրա հիվանդասենյակի առաջ»,- ասաց Բալայանը' հավելելով, որ Հայրապետյանի դեմ հարուցված գործն ու այս ամբողջ պատմությունը շատ խճճված է եւ մի շարք փաստեր չեն համապատասխանում իրականությանը:

 

Բալայանը շեշտեց, որ նա ոչ թե Մոնակոյից է վերադարձել Մոսկվա, այլ Երեւանից: Թե ինչու են Ռուսաստանում սխալ տեղեկատվություն տարածում' Բալայանը չպատասխանեց: «Եթե լրատվամիջոցները ցանկանում են օգնել Լեւոնին, ապա պետք է շատ խոսեն նրա առողջական վիճակի մասին, մնացած հարցերում իրեն ոչ ոք չի կարող օգնել: Միայն Լեւոնը կարող է իր հարցերը կարգավորել»,- ասաց Բալայանը:

 

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին' «Դոմոդեդովո» օդանավակայանում' Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանյան դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

 

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է:

 

Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն , կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: