«Mediamall.am»   լրատվականն ամփոփում է անցնող օրը.













Արմեն Երիցյանը Մեղրի և Ագարակի բնակիչների հետ քննարկել է համայնքների խնդիրները

 

 

 

Շարունակելով աշխատանքային այցը Սյունիքի մարզ՝ ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Մեղրի և Ագարակ քաղաքներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, Մեղրիում ՏԿԱԻ նախարարը խորհրդակցություն է անցկացրել Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի, Ագարակի քաղաքապետ Մխիթար Զաքարյանի, Մեղրիի զինկոմիսար ի, ոստիկանության և ռուսական սահմանապահ զորքերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

 

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ոռոգման նպատակով Մեղրիում 5 միլիոն խորանարդ մետր տարողությամբ ջրամբարի կառուցման հարցը, համայնքին աղբատար մեքենայի տրամադրման, մշակույթի տան, մանկապարտեզի և զբոսայգու տարածքից արտեզյան ջրի հեռացման խնդիրները: Քննարկվել է նաև տարածաշրջանում անտառային հրդեհները մարելու նպատակով տեղի հրշեջ-փրկարարական ծառայությանը մեծ տարողությամբ հրշեջ մեքենայի տրամադրման հարցը: Խորհրդակցության աշխատանքային խումբն անդրադարձել է նաև նոր տրանսֆորմատորային կայանի կառուցման խնդրին:Շարունակությունն՝ այստեղ

 

 

 

 

***

 

 

 

Հայաստանում ընդդիմության առաջնորդ չկա. հարցում

 

 

 

Mediamall.am-ն իր ընթերցողների շրջանում հարցում էր անցկացնում հետևյալ հարցադրմամբ. «Նշված քաղաքական գործիչներից ո՞ւմ եք տեսնում ընդդիմության առաջնորդի դերում»:

Հարցման մասնակիցների մեծամասնությունը՝ 43%-ը (1520 ձայն) ընդդիմության առաջնորդի դերում նշված մասնակիցներից և ոչ մեկին չի տեսնում:

 

 

Հարցվածների 32%-ը (1116 ձայն) ընդդիմության առաջնորդ է համարում Նիկոլ Փաշինյանին, 12%-ը (442 ձայն)՝ Լևոն Տեր-Պետրոսյանին, 11%-ը (414 ձայն)՝ Րաֆֆի Հովհաննիսյանին:

1-ական տոկոսի համար ընդդիմության առաջնորդի դերում է հանդես գալիս Արթուր Բաղդասարյանը (53 ձայն) կամ Վարդան Օսկանյանը (51 ձայն):

Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցել է 3596 մարդ:

 

 

 

***

 

 

 

Մարտակերտում մայրը հայտնաբերել է 19-ամյա դստեր դին՝ գլխին կտրած-ծակած վերքերով

 

 

 

Մարտի 30-ին Մարտակերտ քաղաքի Ավթանդիլյան փողոցի N տան բնակչուհի, 1970թ. ծնված Ռ. Օ-ն հեռախոսով ոստիկանության շրջբաժնի հերթապահ մաս է հաղորդել այն մասին, որ իրենց տան բակում հայտնաբերել է դստերը մահացած վիճակում:

 

 

Մեկնած օպերատիվ քննչական խումբը նշված տան բակում հայտնաբերել է Դիանա Բաղրյանի (ծնված 1996թ., բն. էր նույն հասցեում) դիակը' գլխի ծոծրակային և ճակատային շրջաններում կտրած-ծակած վերքերով:

Հարուցվել է քրեական գործ ԼՂՀ քր. օր-ի 103 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 

 

 

***

 

 

 

Orange-ը 20 գյուղերի երեխաներին հնարավորություն է տալիս նկարչության մասնագիտական դասեր ստանալ

 

 

 

Այսօր Orange-ը հայտարարեց «Նկարիր քո երազանքը» հատուկ նախագծի մեկնարկը: Նախագծի շրջանակներում գերմանահայ նկարիչ Միսակ Այունցը կայցելի Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց Ձորի մարզերի 20 գյուղեր և նկարչության դասեր կտա 3-10 տարեկան երեխաներին: Այցելությունների ընթացքում յուրաքանչյուր գյուղում կկազմակերպվի լավագույն նկարների ցուցահանդես, իսկ ընտրված լավագույն նկարները կցուցադրվեն հունիսի 1-ին Երևանում կայանալիք ցուցահանդեսում:

 

 

«Շատ ուրախ ենք այսօր հայտարարել այս գեղեցիկ նախաձեռնության մեկնարկը, որը նպատակ ունի գյուղական համայնքների երեխաներին նկարչության հիմունքներ ստանալու հնարավորություն ընձեռել և բացահայտել վաղվա հնարավոր սարյաններին ու պիկասոներին: Կարծում ենք, որ պրոֆեսիոնալ նկարչի ուղղորդումն ու անհատական մոտեցումը թույլ կտան ոչ միայն բացահայտել երեխաների ստեղծագործական ներուժը, այլ նաև խրախուսել նրանց շարունակել զարգացնել իրենց տաղանդը», - ասաց Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը:

 

 

Այցելություններն արդեն մեկնարկել են և այսօր Միսակն Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում է, որտեղի մանկապարտեզի և դպրոցի սաների համար արդեն մեկնարկել են նկարչության դասերը:

 

 

 

***

 

 

 

Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 18 դեպք

 

 

 

Հանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 7 պատահարի հետևանքով 2 մարդ է զոհվել, 9-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ' ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մարտի 31-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպքից բացահատվել է 11-ը: Բացահայտվել է գողության 18, խարդախության 2 և խուլիգանության 1 դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 1 և գողության 2 դեպք: