«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա կարևորագուն նորությունները.


Փլուզում Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին. դադարեցվել է դեպի Հայաստան գազամատակարարումը

 

ՀՀ ԱԻՆ-ում օգոստոսի 20-ին' ժամը 22.30-ին, Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից տեղեկություն է ստացվել, որ փլուզման հետևանքով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է:

Ժամը 23:45-ից գազամատակարարումը դեպի Հայաստան դադարեցվել է:

 

***

 

ՀՀ սպառողների գազամատակարարումը կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին

 

Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ին' ժամը 23:45-ից, ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը:

Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմա նափակումների:

 

***

 

Հակառակորդն անցած գիշեր կրկին խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 20-ի օրվա ընթացքում և 21-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 400 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և վստահորեն վերահսկել իրենց պահպանության ներքո գտնվող դիրքերը:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

***

 

Ռազմավիրական ճանապարհին կրկին սողանք է իջել, տրանսպորտի երթեւեկությունը դադարեցված է

 

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 20-ի երեկոյան սողանք է իջել, հաղորդել են հանրապետության զանգվածային լրատվամիջոցները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Նախնական տվյալներով՝ զոհեր չկան»,- ասել է Կազբեկի մունիցիպալիտետի վարչակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին: Նրա խոսքով՝ սողանքն իջել Է հենց այն նույն վայրում, որտեղ իջել Էր նաեւ մայիսին, արդեն պատահարի վայրում են գտնվում մասնագետները: Ռազմավիրական ճանապարհը չորեքշաբթի օրվա 22.45-ից փակ է ավտոտրանսպորտի երթեւեկության համար՝ Վրաստանի տարածքում մայրուղու վրա սելավի հոսքի վտանգի պատճառով, հաղորդել է Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայության ղեկավար Յուլյա Ստարչենկոն:

Նրա խոսքով՝ երթեւեկությունը փակ է Վերին Լարս սահմանային անցակետով, որը գտնվում Է Ռուսաստանի եւ Վրաստանի պետական սահմանի Հյուսիսային Օսիայի հատվածում, հաղորդել Է Նովոստի-Գրուզիան:

 

***

 

Որևէ երկիր առայժմ պատրաստակամություն չի հայտնել Հակոբ Ինջիղուլյանին ընդունելու

 

Հայաստանի Հանրապետությունը պայքարում է, որ ադրբեջանական կողմում գերի ընկած Հակոբ Ինջիղուլյանը վերադառնա հայրենիք: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը' ընդգծելով, սակայն, որ Ադրբեջանի վարքագիծն այդ հարց ում եւս ապակառուցողական է: Նրանք առաջին իսկ օրից սկսեցին ներկայացնել իբր Հակոբ Ինջիղուլյանն ինքնակամ է հանձնվել եւ ցանկանում է տեղափոխվել երրորդ երկիր:

 

«Այդ կերպ նրանք նպատակաուղղված ցանկանում են ստվեր գցել հայկական բանակի ու Հայաստանի իշխանությունների հեղինակության վրա: Սակայն իրականությունն այլ է. զինծառայողը ադրբեջանական կողմում հայտնվել տեղանքում չկողմնորոշվելու պատճառով: Մենք պայքարում ենք Հակոբին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ, սակայն եթե Ադրբեջանի իշխանություններն այդ կամքը չեն դրսեւորում, կարծում ենք, որ ավելի լավ է Հակոբ Ինջիղուլյանը տեղափոխվի երրորդ երկիր, քան մնա ադրբեջանցիների մոտ»,-ասաց Կապրիելյանը: Այդուհանդերձ, որեւէ երկիր առայժմ պատրաստակամություն չի հայտնել Հակոբ Ինջիղուլյանին ընդունելու:

 

Ոլորտը կարգավորվում է Ժնեւյան կոնվենցիաներով ու դրանց երկու լրացուցիչ արձանագրություններով, որոնք միջազգային մարդասիրական իրավունքի հիմքն են եւ դրանցով են կարգավորվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում գերիների, պատանդների, անհայտ կորածների հարցերը: Միջազգային մարդասիրական իրավունքն ընդունում է պետության բարի կամքի դրսեւորումը, եւ Ադրբեջանը պետք է վերադարձներ Հակոբ Ինջիղուլյանին կամ առանց ձգձգումների հանձներ երրորդ երկրի, ինչպես դա արեց Հայաստանը նախորդ տարի օգոստոսի 30-ին' երրորդ երկրի հանձնելով Ֆիրուզ Ֆարաջևին, ով իր ե րկրում անմարդկային ճնշումների ու խոշտանգումների ենթարկվելու պատճառով 2012թ․ հուլիսին փախուստի էր դիմել ու հատել Հայաստանի սահմանը: Ի դեպ, Ֆարաջեւը հանձնվել է հենց այն ժամանակ, երբ Ինջիղուլյանը գերության մեջ էր, սակայն ՀՀ իշխանությունները բարի կամքի դրսեւորմամբ նրան առանց նախապայմանների հանձնել են երրորդ երկրի:

 

2013 օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 03:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով Հակոբ Ինջիղուլյանը, հատելով արցախա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում։ Մեկ օր անց նրան Բաքու են տարել:

 

***

 

Կրկին փակ է Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային ճանապարհը

 

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վրացական լրատվամիջոցները տեղեկացնում են, որ նախնական տվյալներով սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Դեպքի վայրում արդեն աշխատում են մասնագետները:

Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Յուլիա Ստարչենկոն տեղեկացրել է, որ հաշվի առնելով սողանքից բխող վտանգները, Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Ստարչենկոն նշել է, որ Ռուսաստան-Վրաստան սահմանային շրջանում գտնվող Վերին Լարսի անցակետը փակ է:

Մայիսի 17-ի առավոտյան Վրաստանի տարածքում տեղի էր ունեցել սառցախառը սելավ, որը փակել Էր Ռազմավիրական ճանապարհը եւ Թերեք գետի հունը: Դարիալի կիրճում «Կազբեկ» (Վրաստան) - «Վերին Լարս» (Ռուսաստան) սահմանապահ անցակետի աշխատանքը դադարեցված Էր' ինչպես վրացական, այնպես Էլ ռուսական կողմից: Բավական երկար ժամանակ պահանջվեց երթեւեկությունն այդ հատվածով կազմակերպելու համար:

 

***

 

Կառավարությունը Մարզահամերգային համալիրը հանձնեց Պաշտպանության նախարարությանը

 

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը ՀՀ կառավարությունը պարտքի դիմաց հանձնեց Պաշտպանության նախարարության հաշվեկշռին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ՀՀ կառավարության'օգոստոսի 21-ի նիստում Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ ԴԱՀԿ-ի կողմից առաջարկվել է պարտքի դիմաց ընդունել համալիրի գույքը եւ նրա սեփականության իրավունքը գրանցել ՊՆ-ի հաշվե կշռին:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հիշեցրեց, որ մարզահամերգային համալիրի պարտքը պետությանը կազմում է շուրջ 10 միլիարդ 400 միլիոն դրամ:

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրը արդեն 7 անգամ հանվել է աճուրդի, սակայն գնորդ չի գտնվել: Համալիրը 6-րդ անգամ աճուրդի էր հանվել 11 մլրդ 425 մլն 981. 5 դրամով, իսկ 7-րդ՝ 10 % զեղչով: Յուրաքանչյուր չկայացած աճուրդից հետո գինը նվազում է 10 տոկոսով:

 

***

 

Ոստիկանները բռնություն են գործադրել կալանավորի նկատմամբ. ՀՔԾ

 

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Վրեժ Մ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Բյուրեղավանի բաժնի աշխատակիցը քրեական պատասխանատվությունից իրեն ազատելու համար որպես կաշառք պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափի գումար:

Վրեժ Մ.-ն տեղեկացրել է նաև, որ 2014թ. հունվարին խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով ՀՀ ոստիկանության Բյուրեղավա նի բաժնի մի խումբ աշխատակիցներ (ինչպես նաև քննիչը) իրեն ծեծի են ենթարկել:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

 

***

 

Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ ողբերգական ավտովթարի զոհ դարձած Նորին Սրբության հարազատների՝ եղբորորդու կնոջ և նրա երկու անչափահաս զավակների մահվան կապակցությամբ:

Նախագահի հեռագրում ասված է.

«Ձեր ընտանիքի անդամների անդառնալի կորստյան կապակցությամբ անկեղծորեն ցավակցում եմ Ձեզ, կիսում Ձեր վիշտը և միանում Ձեր աղոթքին առ Աստված՝ ի լուսավորություն նրանց հոգիների»:

 

***

 

Գերմանիան գաղտնալսում է ողջ Թուրքիայի տարածքում. «Հուրիեթ»

 

Գերմանական հետախուզությունն ամբողջությամբ գաղտնալսում է Թուրքիային: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Հուրիեթ» պարբերականը գրում է, որ այս մասին լրատվամիջոցին հայտնի է դարձել գերմանական հետախուզական շրջանակներից:

Լրատվամիջոցը գրում է, որ գերմանական հետախուզության թիրախում ոչ թե Թուրքիայի այս կամ այն մասն է, այլ ողջ երկիրը: «Այո, Թուրքիան գաղտնալսվում է: Այն գաղտնալսվող միակ ՆԱՏՕ-ի անդամ երկիրն է: Եվ թիրախը ոչ թե երկրի մի մասն է, այլ Թուրքիան ամբողջությամբ»,- գրում է թուրքական «Հուրիեթ»-ը:

Գերմանական լրատվամիջոցներում տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Գերմանիայի արտաքին հետախուզական ծառայությունները 2009 թվականից գաղտնալսում են Թուրքիային: Այս տեղեկատվությունը լրջորեն անհանգստացրել էր թուրքական կողմին: Անկարայում Գերմանիայի դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ: Ավելի ուշ հայտարարությամբ հանդես եկավ արդեն արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, ով բացատրություն պահանջեց գերմանական իշխանություններից: Այդուհանդերձ, Բեռլինում շարունակում են լռել լուրերի կապակցությամբ' ոչ հերքելով, ոչ էլ հաստատելով տեղեկատվությունը:

 

***

 

Իրակլի Ղարիբաշվիլին ժամանեց Հայաստան

 

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը ժամանեց Հայաստան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Զվարթնոց» օդանավակայանում Վրաստանի իր գործընկերոջը դիմավորեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Դիմավորման արարողակարգի համաձայն' վարչապետները ողջունեցին միմյանց պատվիրակությունների կազմերին: Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությ ան կազմում են արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն, Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Կախա Կալաձեն, այլք:

Այցի շրջանակում նախատեսված են Վրաստանի վարչապետի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ղեկավարների առանձնազրույցին կհետևի ընդլայնված կազմով հանդիպումը:

Իրակլի Ղարիբաշվիլին կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, կլինի նաև Մատենադարանում: Ակնկալվում է, որ հենց այսօր Հայաստանի և Վրաստանի վարչապետները ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հանդես կգան հայտարարությամբ:

 

***

 

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է

 

Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարքը և Ամենայն Հայոց կաթողիկոսի ծննդյան տարեդարձն է:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարքը և Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայ առաքելական եկեղեցու 132-րդ կաթողիկոսն է 1999թվականից: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը (ավազանի անունով' Կտրիճ Ներսիսյան) ծնվել է 1951թ. Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղում:

Նախնական կրթությունն ստացել է Ոսկեհատ գյուղում։ 1965թ. ընդունվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան Հոգևոր Ճեմարան։ 1970թ. դեկտեմբերի 25-ին ձեռնադրվել է սարկավագ։ 1971թ. գերազանց առաջադիմությամբ ավարտելով Հոգևոր ճեմարանը՝ նշանակվել է տեսչի օգնական՝ միաժամանակ ճեմարանում դասավանդելով «Նոր Կտակարան»։

1972թ., ձեռամբ Գերաշնորհ Տ. Տիրան արքեպիսկոպոս Ներսոյանի, ձեռնադրվել է կուսակրոն քահանա՝ վերանվանվելով Գարեգին աբեղա։ 1972թ. ուսումը շարունակել է Վիեննայի համալսարանի Աստվածաբանական ֆակուլտետում։ 1975թ. նշանակվել էԳերմանիայի հայ համայնքի հոգևոր հովիվ ու շարունակել է աստվածաբանական ուսումը Բոննի համալսարանում։ 1979թ. ուսանել է Զագորսկիում՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու Հոգևոր Ակադեմիայի ասպիրանտուրայում։

1980թ. նշանակվել է Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդի օգնական, 1983թ. ապրիլին՝ Առաջնորդական Փոխանորդ։ Նույն տարվա հոկտեմբեր ամսին ձեռնադրվել է եպիսկոպոս, իսկ 1992թ. ստացել արքության պատիվ և տիտղոս։

1989 թ. Արարատյան Հայրապետական Թեմի հովանու ներքո Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հիմնել է Սևանի Վազգենյան Դպրանոցը։

1992թ. նրա ջանքերի շնորհիվ մայրաքաղաքում գտնվող նախկին պիոներ-պալատներից երեքը վերակազմավորվել են իբրև Հայորդյաց տներ, որտեղ հազարավոր երեխաներ ստանում են հոգևոր ու գեղագիտական կրթություն։

1990թ. Արարատյան Հայրապետական Թեմում հիմնել է Քրիստոնեական դաստիարակության կենտրոնը, որը համակարգում է Եկեղեցու կողմից թեմի տարածքում իրականացվող քրիստոնեական դաստիարակությունը՝ թվով 56 հանրակրթական դպրոցներում։

1990թ. Նորին Սրբությունը Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ է։

1995թ. կաթողիկոսական ընտրության ժամանակ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանը հավանական թեկնածուներից մեկն էր։ Ընտրության երրորդ փուլում նա հանեց իր թեկնածությունը՝ հօգուտ Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Ա Կաթողիկոսի։

1998թ.Գարեգին Ա Կաթողիկոսի կողմից նշանակվել է Կաթողիկոսական Ընդհանուր փոխանորդ։

1999թ. հոկտեմբերի 27-ին Ազգային-Եկեղեցական սրբագումար ժողովում Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանն ընտրվել է Ծայրագույն Պատրիարք և Կաթողիկոս Ամենայն Հայոց՝ նոյեմբերի 4-ին ստանալով Կաթողիկոսական ձեռնադրություն և օծում։

Վեհափառ Հայրապետը Գևորգյան Հոգևոր Ճեմարանի ուսուցչապետն է։ Ներկայումս Նորին Սրբությունը ճեմարանում դասավանդում է «Քարոզխոսություն» առարկան։

Գարեգին Բ Հայրապետի գահակալությունից հետո նորոգվել և կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ։ Եկեղեցաշինական հսկայածավալ աշխատանքներն առ այսօր արդյունավետորեն շարունակվում են ի Հայաստան և ի սփյուռս աշխարհի: Ուստի պատահական չեն մի առիթով Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից ասված այս խոսքերը. «Ազգի և Աստծո կամոք մենք մեր անձը խոնարհեցրինք' հայրապետական ծանր լուծը մեր ուսերին վերցնելու: Այդ քայլը կատարելիս ամենևին մեր անձի նկատմամբ ունեցած վստահությունը չէր, որ առաջնորդեց մեզ նման հանձնառության, այլ առավել այն սերը, այն հավատը, որ ունեն մեր ժողովրդի զավակունք հանդեպ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին ու Մայր Աթոռ Ս. Էջմիածինը, հանդեպ մեր հայրերի սրբազան հավատքը և նրանց հոգևոր ժառանգությունը»:

Գահակալության առաջին իսկ տարում Վեհափառ Հայրապետը հիմանդրել է Գարեգին Ա-ի անվան Աստվածաբանական-հայագիտական կենտրոնը, որի հարուստ գրադարանը մեծապես նպաստում է Մայր Աթոռի միաբանների գիտական և աստվածաբանական մտքի զորացմանը։ Կենտրոնում աշխատելու և գրականության հարուստ հավաքածուից օգտվելու հնարավորություն է ընձեռվել նաև հայ և օրտարազգի մտավորականությանը։ Գարեգին Բ Հայրապետի գահակալության օրոք Գյումրիի ընծայարանը, Սևանի Վազգենյան դպրանոցը և Գևորգյան հոգևոր ճեմարանը մեծ առաջընթաց են ապրել:

Հոգևոր-կրթական հաստատությունների հետ սերտ աղերս ունեն Հայորդյաց տները։ Հմուտ ուսուցիչների և մանկավարժների ջանքերով առավել զարգանում են Հայորդյաց տներ հաճախող երեխաների ու պատանիների ստեղծագործական ունակությունները, միաժամանակ նրանք ստանում են նաև քրիստոնեական դաստիարակություն:

 

***

 

Վրաստանը խոստանում է 2-3 օրում վերականգնել Հայաստան գազի մատակարարումը

 

Վրաստանի իշխանությունները խոստանում են 2-3 օրվա ընթացքում վերականգնել Հայաստան գազ մատակարարող խողովակաշարը, որը վնասվել է Լարսում տեղի ունեցած սողանքի հետևանքով, և վերականգնել գազամատակարարումը: Այս մասին Հայաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Պարոն վարչապետը հանդիպման ընթացքում խոսեց նաև անցած գիշեր Լարսում տեղի ունե ցած սողանքի հետևանքով հայ-վրացական գազատարի վերականգման վերաբերյալ: Մենք խոստանում ենք 2-3 օրվա ընթացքում վերականգնել գազամատակարարումը»,-նշեց Ղարիբաշվիլին:

Վրաստանի Դարիալի կիրճում օգոստոսի 21-ին սողանք է տեղի ունեցել: Նախնական տվյալներով' սողանքից տուժողներ չեն եղել: Կազբեկի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Գիվի Կիրիկաշվիլին հայտնել է, որ սողանքը տեղի է ունեցել նույն այն վայրում, որտեղ եղել էր 2014 թվականի մայիսին: Դեպքի վայրում արդեն աշխատում են մասնագետները:

Հյուսիսային Օսիայի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի խոսնակ Յուլիա Ստարչենկոն տեղեկացրել է, որ հաշվի առնելով սողանքից բխող վտանգները, Ռազմավիրական ճանապարհը ժամը 22:45-ից Վրաստանի հատվածում ավտոմեքենաների երթևեկության համար փակվել է: Ստարչենկոն նշել է, որ Ռուսաստան-Վրաստան սահմանային շրջանում գտնվող Վերին Լարսի անցակետը փակ է:

Վրաստանի տարածքում Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով օգոստոսի 20-ի ժամը 23:45-ից ժամանակավորապես դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը: Հայաստանի Հանրապետության սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից կիրականացվի պահուստային ռեզերվների հաշվին ՝ առանց սահմանափակումների:

 

***

 

Ավտովթար Երևանում. 5 մարդ հոսպիտալացվել է

 

Երևանի Այվազովսկու և Տիտոգրադյան փողոցների խաչմերուկի դիմաց օգոստոսի 20-ին' ժամը 22.20-ին, իրար են բախվել «Օպել» մակնիշի ավտոմեքենա և «Հունդայի» ավտոբուս:

Պատահարի հետևանքով «Օպել»-ի ուղևորը և ավտոբուսի 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: