«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրն՝ ամփոփ.
Սպանություն' Երևանի Տերյան փողոցում գտնվող գարեջրատուն-ռեստորանում
2014թ. սեպտեմբերի 27-ին' ժամը 23:10-ի սահմաններում, հաղորդում է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան 19 հասցեում գործող «Պաուլաներ» գարեջրատուն-ռեստորանից, կտրող-ծակող առարկայից պատճառված մարմնական վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն բուժօգնության է տեղափոխվել երկու անձ' 1958թ. ծնված Ս.Սենեքերիմյանը՝ որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներով, և 1975թ. ծնված Ա.Փարսադանյանը՝ կրծքավանդակի թափանցող վնասվածքով: Վերջինս, գիտակցության չգալով, մահացել է:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ դեպքի առթիվ Երևանի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ' ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ գարեջրատուն-ռեստորանում առաջացած վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք է ստացել նաև մեկ այլ քաղաքացի' ձեռքի շրջանում:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, միջոցներ են ձեռնարկվում' դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:
***
ԱԺ-ն՝ գրողի ծոցը. Էդ. Շարմազանովն անջատել տվեց Զարուհի Փոստանջյանի խոսափողը
Ազգային ժողովն այսօր սկսեց քառօրյա նիստի աշխատանքները:
Մտքերի փոխանակության ժամանակ ձայն խնդրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը: Վերջինս անդրադարձավ ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելութին:
«Ազգային ժողովը գրողի ծոցը չէ, թեև կարելի է պնդումներ անել, որ այստեղ «գրողի ծոցը» հասկացությունն իրականությանը համապատասխանում է, քանի որ այստեղ են սպանվել մեր երկրի ղեկավարները»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Վերջինիս ընդհատեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Ես մինչև նիստի սկսելը խնդրեցի բոլորից պահպանել քաղաքական կոռեկտությունը և խոսել բացառապես օրակարգի վերաբերյալ: Եթե դուք չեք խոսելու օրակարգի վերաբերյալ, ես ստիպված եմ կանոնակարգ օրենքը պահպանել և անջատել ձեր խոսափողը»,- ասաց նա:
Փոստանջյանն՝ արձագանքելով Էդուարդ Շարմազանովին, ասաց. «Պարո՛ն Շարմազանով, «գրողի ծոց» բառակապակցությունը հեղինակային իրավունքով, որը հնչել էր ՄԱԿ-ի ամբիոնից, օգտագործվել էր ձեր կուսակցության ղեկավարի կողմից»:
ԱԺ փոխխոսնակը կրկին աջատեց Փոստանջյանի խոսափողը:
***
Էդուարդ Շարմազանովը՝ Ոսկու շուկայի Վաղարշի արարքի մասին
Արդեն մի քանի օր է, ինչ Երևանի տարբեր տոնավաճառների հարյուրավոր աշխատողներ բողոքի ակցիա են իրականացնում՝ իրենց դժգոհությունը հայտնելով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ. նրանք առաջարկում են օրենքը հետ ուղարկել և փոփոխել:
Հենց այդ բողոքի ակցիաներին մասնակցելու համար, Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանն իր ակտիվ մասնակցությամբ որոշեց «պատժել» իր տարածքում առևտուր անողներին:
Աբրահամյանը կոտրել է բողոքի ակցիային մասնակցած աշխատողների սեղանները և արգելել իր տարածքում առևտուր անել:
Լուրեր.com-ն ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովից փորձեց ճշտել, թե ինչ կարծիք ունի նա Վաղարշ Աբրահամյանի քայլերի վերաբերյալ, սակայն նա նշեց, որ կատարվածից տեղյակ չէ:
«Ես տեղյակ չեմ, մի քանի օր է, ինչ վերադարձել եմ և տեղյակ չեմ»,- ասաց Շարմազանովը՝ հավելելով. «Ցանկացած օրինական երևույթ գովաբանում եմ, ցանկացած անօրինական երևույթ՝ դատապարտում, անկախ նրանից՝ ով է արել, ինչ է արել»:
***
Պետական այցով Հայաստան ժամանեց Հունաստանի նախագահը
Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով րոպեներ առաջ երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանեց Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' «Զվարթնոց» օդանավակայանում Հունաստանի նախագահին դիմավորեց ՀՀ արտաքին գորերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այցի շրջանակներում Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և հարգանքի տուրք կմատուցի նրանց հիշատակին:
ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ:
Հունաստանի նախագահի այցի շրջանակներում Երևանում կկայանա երկու երկրների նախագահների մասնակցությամբ հայ-հունական գործարար համաժողով: Նախագահ Պապուլիասը հանդիպում կունենա Հայաստանում հունական համայնքի հետ ևս:
Կարոլոս Պապուլիասը Հայաստանում կայցելի նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան:
***
Եգիպտոսը խորհուրդ է տվել Էրդողանին «քիթը չխոթել» ուրիշի գործերի մեջ
Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունը կրկին կոպիտ պատասխան է տվել Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանի քննադատությանը Եգիպտոսի քաղաքական ղեկավարության գործողություններին և խորհուրդ տվել ուշադրություն դարձնել սեփական երկրում ազատության խախտմանը: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»:
Եգիպտոսի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ Թուրքիայի նախագահը Ստամբուլում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթի ընթացքում կրկին սկսել է զրպարտել Եգիպտոսի իրավիճակը:
Անցյալ շաբաթվա վերջին Եգիպտոսի արտաքին գործերի նախարարությունն արդեն արել է հատուկ հայտարարություն Թուրքիայի ղեկավարի Եգիպտոսի նախագահի հասցեին արված քննադատության վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում: Այդ ժամանակ Կահիրեն մեղադրել է Էրդողանին Մերձավոր Արևելքում ահաբեկչության աջակցության և ֆինանսավորման մեջ:
«Նախքան ուրիշի գործերի մեջ «քիթը խոթելը» և իրեն ժողովրդավարության խնամակալ նշանակելը, Եգիպտոսը խորհուրդ է տվել Էրդողանին ուշադրություն դարձնել իր վրա, որպեսզի հարմարեցնի իր ավտորիտար վարքը և ուղղի սարսափելի վիճակում գտնվող մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը»,- ասվում է հայտարարության մեջ:
Թուրք-եգիպտական հարաբերությունները կտրուկ վատթարացել են Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալման և դրանից բխող արյունալի բախումների հետևանքով:
***
ՕԵԿ-ի նախաձեռնած արտահերթ նիստը չկայացավ
Ազգային ժողովի ՕԵԿ խմբակցության նախաձեռնած արտահերթ նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստին մասնակցելու համար գրանցվել էր 32 պատգամավոր: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ընդգծեց, որ նիստը սկսելու համար անհրաժեշտ քվորում չկա:
ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն՝ եթե 3 ժսմվա ընթացքում անհրաժեշտ քվորում չապահովվի, ապա նիստը չի կայանալու: ԱԺ նախագահը հայտարարեց երեքժամյա ռեժիմի անցնելու մասին:
Պատգամավորներից մեկը դահլիճում բողոքեց, որ ՀՀԿ-ն բոյկոտել է արտահերթ նիստը, ինչին ի պատասխան Գալուստ Սահակյանը նշեց, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ևս բոյկոտել են: «Դուք արտահերթ նիստ գումարելու համար 44 ստորագրություն եք հավաքել, սակայն գրանցվել է 32 պատգամավոր: Այդ դեպքում, դուք ինչո՞ւ եք բոյկոտել»,- հարցրեց ԱԺ նախագահը՝ հայտարարելով երեքժամյա ռեժիմ:
ՕԵԿ խմբակցության նախաձեռնությամբ, սեպտեմբերի 29-ին, ժամը 18:00-ին արտահերթ նիստ էր հրավիրվել, որի օրակարգում պետք է լիներ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Համապատասխան փոփոխությունը վերաբերում է ԴԱՀԿ-ի կողմից արտադատական բռնագանձումները վերացնելուն:
***
Հրազդանում վերջին մեկ ամսվա ընթացքում Երկրապահն ունեցել է հազարից ավելի նոր անդամ
ԵԿՄ վարչության նախագահի ծրագրից բխող այցելությունները մարզային խորհուրդներ եւ տարածքային բաժանմունքներ շարունակվում են: Ամենուր հանդիպումներն անցնում են ոգեւորության մթնոլորտում: Այդպես էր նաեւ Հրազդանում: Այստեղ նույնպես միջոցառումն սկսվեց երկրապահավարի' զոհված ազատամարտիկների հուշարձանին ծաղկադրման արարողությամբ:
Բուն միջոցառման ժամանակ ԵԿՄ վարչության փոխնախագահ Խաչիկ Մկրտչյանը ներկայացրեց այս այցլությունների կարեւորությունը, Երկրապահի ղեկավարի անունից մեկնաբանեց, թե տեղերում ինչ նոր հեռանկարներ են բացել ԵԿՄ-ի' արտակարգ իրավիճակների նախարարության հետ ստորագրած հուշագիրն ու կրթության եւ գիտության նախարարության եւ պաշտպանության նախարարության հետ ստորագրված եռակողմ հուշագիրը: Ներկայացվեց, որ Զորավարի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի փոխհամաձայնությամբ ստեղծված ակտիվ համագործակցությունը Մայր եկեղեցու հետ առաջիկայում եւս փաստաթղթային տեսք կստանա:
Երկրապահի գործունեության ոլորտներն իսկապես էլ շատացել են, եւ դրանով պայմանավորված' ընդլայնվում են տարածքային, մարզային խորհուրդները, դրանցում ընդգրկվում են գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներ: Բոլորն են ընդունում, որ Երկրապահն այսօր պետական կարեւորության, պետական նշանակության աշխատանք է կատարում: Եվ պատահական չէ, որ երկրապահական բոլոր միջոցառումներին մասնակցում եւ խոսք են ասում մարզպետներն ու համայնքապետերը:
Միջոցառման ժամանակ սրտաբուխ խոսքեր ասացին նաեւ տարբեր սերունդի երկրապահներ' պատերազմի մասնակիցներ, զոհվածների հարազատներ, երիտասարդ եւ պատանի երկրապահներ:
Հանդիսավոր նիստի ավարտին տեղի ունեցավ պարգեւների հանձնում, ինչպես նաեւ' ԵԿՄ նորագիրներին անդամության վկայականների հանձնում: Այս տարածքից վերջին մեկ ամսվա ընթացքում Երկրապահն ունեցել է հազարից ավելի նոր անդամ:
***
Վրաստանի և Հայաստանի միջև բացվել է նոր սահմանային տեղամաս
Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն Վրաստանի և Հայաստանի պետական սահմանում բացել է ևս մեկ սահմանային տեղամաս: Ինչպես փոխանցում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, բացվել է Վրաստանի ցամաքային սահմանի Ցամաքային ոստիկանության երրորդ վարչության «Կարմիր կամուրջ» դեպարտամենտի հինգերորդ «Բուրդազոր» տեղամասի շենքը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ' 2014-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հատկացրել է նոր միջոցներ' Վրաստանի և Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանագծում նոր սահմանային գոտիների կառուցման համար: Ըստ նախարարության' դա կնպաստի սահմանապահների ծառայության բարելավմանը:
Վրաց-ռուսական սահմանագոտում կառուցվել է երեք սահմանային տեղամաս, վրաց-ադրբեջանականում' 2, իսկ Հայաստանի հետ սահմանագոտում' 5 տեղամաս: