«Mediamall.am» լրատվականը ներկայացնում է անցնող օրվա առավել ուշագրավ տեղեկատվությունը.
Երևանում թոռը սպանել է տատին և այրել նրա դին. հարուցվել է քրեական գործ
Սեպտեմբերի 16-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայացած տղամարդը հաղորդում էր տվել, որ մայրը' 1946 թ. ծնված Սիլվա Գալստյանը, սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ին, դուրս է եկել տնից և չի վերադարձել:
Փաստի առթիվ սեպտեմբերի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Սեպտեմբերի 20-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երևան քաղաքի վարչությունների, Կենտրոնականի բաժնի և Կենտրոնականի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Սիլվա Գալստյանի թոռը' 1991 թ. ծնված Ալբերտ Մոմջյանը, Երևան քաղաքի Ե. Կողբացու փողոցի 1 շենքի թիվ 55 բնակարանում, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով՝ ձեռքերով հարվածներ է հասցրել Ս. Գալստյանին և զրկել կյանքից, որից հետո ավազակությամբ հափշտակել է վերջինիս պատկանող, առանձնապես խոշոր չափի' մոտ 8.000.000 դրամի ոսկյա և ադամանդյա զարդերը, ապա հանցագործությունների հետքերը թաքցնելու նպատակով սեպտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը Ս. Գալստյանի դին վերջինիս պատկանող «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:
Սեպտեմբերի 20-ին Սիլվա Գալստյանի դին հայտնաբերվել է նշված վայրում' մասնատված, այրված և կենդանիների կողմից հոշոտված վիճակում:
Նշանակվել են փորձաքննություններ:
Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի և 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով:
Ա.Մոմջյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
***
Խստորեն դատապարտում ենք Դեր Զորի հայկական եկեղեցու պայթեցումը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարություն է տարածել Դեր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցման կապակցությամբ: Հայտարարության մեջ ասվում է.
«Խստորեն դատապարտում ենք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված, Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքներն ամփոփող Դեր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկիչների կողմից:
Սրբավայրի հանդեպ այս զարհուրելի բարբարոսությունը կրկին անգամ ցույց է տալիս այսպես կոչված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վայրագ էությունը:
Միջազգային հանրությունը պետք է անհապաղ կանգնեցնի, ամրատախիլ անի քաղաքակիրթ մարդկությանը սպառնացող այդ ժանտախտը, կտրի դրա սնուցման, ֆինանասնավորման, աջակցության, հովանավորման ուղիները»:
***
«Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին է որպես գործընկեր և ընկեր». Ջոն Քերիի շնորհավորական ուղերձը' Հայաստանին
Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ պետարքտուղար Ջոն Քերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ԱՄՆ պետդեպի պաշտոնական կայքը, շնորհավորական ուղերձում ասվում է. «Նախագահ Օբամայի և ԱՄՆ ժողովրդի անունից ես ուրախ եմ լավագույն մաղթանքներս հղել Հայաստանի ժողովդրին սեպտեմբերի 21-ին անկախության 23-րդ տարեդարձը տոնելու կապակցությամբ:
Խորը կապերն ԱՄՆ և Հայաստանի միջև ամուր են: Մենք շարունակելու ենք ամրապնդել մեր գործընկերությունը Հայաստանի հետ տարբեր բնագավառներում' ներառյալ համագործակցությունն անվտանգության, տնտեսական և ժողովրդավարական զարգացման, ինչպես նաև ժողովրդական շփման հարցերով: Սա միաժամանակ առանձնահատուկ հնարավորություն է պատվելու այն հայերի կամ ամերիկահայերի նվաճումները, ովքեր իրենց ներդրումն են ունեցել երկու երկրների զարգացման գործում:
Տոնելով անկախության 23-րդ տարին' իմացեք, որ Միացյալ Նահանգները Հայաստանի կողքին են որպես գործընկեր և ընկեր: Ես շնորհավորում եմ բոլոր հայերին այս կարևոր տոնի առթիվ և մաղթում մեծ հաջողություններ առաջիկա տարում»:
***
ՔԿՀ աշխատակիցը կաշառք ստանալու պայմանով թմրամիջոց է ձեռք բերել դատապարտյալի համար
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է խոշոր չափերով թմրամիջոց ձեռք բերելու փորձին օժանդակելու և կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Կոշ» ՔԿ հիմնարկի դատապարտյալ Գառնիկ Ներսիսյանը, 2014թ. մարտի 19-ին, հեռախոսով պայմանավորվել է ՀՀ ԱՆ «Կոշ» ՔԿ հիմնարկի պահպանության ապահովմա ն բաժնի կրտսեր մասնագետ, արդարադատության ավագ սերժանտ, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ Նարեկ Մամիկոնյանի հետ' կաշառք տալու պայմանով վերջինիս միջոցով «մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու հարցի շուրջ:
Հանցավոր մտադրությունն իրակացնելու համար Գառնիկ Ներսիսյանի հետ ունեցած պայմանավորվածության համաձայն, քննությամբ չպարզված անձը խոշոր չափերով «մարիխուանա» տեսակի թմրամիջոցն ապօրինի իրացնելու դիտավորությամբ Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի Կոշ գյուղի սկզբնամասում տեղադրել է «Ախթամար» ծխախոտի տուփ, որի մեջ եղել է խոշոր չափերով թմրամիջոցը և կաշառքի գումարը:
Տուփը վերցրել է Նարեկ Մամիկոնյանը' կաշառքի գումարը պահել է իրեն, իսկ թմրամիջոցը փորձել է փոխանցել Գառնիկ Ներսիսյանին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողացել ավարտին հասցնել հանցավոր մտադրությունը:
Նարեկ Մամիկոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 38-34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 311-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գառնիկ Ներսիսյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 34-268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
***
Մենք կարող ենք հաղթել միայն խաղաղությամբ. Ուկրաինայի նախագահ
«Դոնեցկում եւ Լուգանսկում անհնարին է պատերազմը վարել միայն ռազմական մեթոդներով»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն սեպտեմբերի 21-ի երեկոյան հանրապետության հեռուստաալիքներին տված մեծ հարցազրույցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Ոչ ոք ոչ մի պատրանք չունի. մեզ չի հաջողվի այդ քաղաքներ մտցնել զինվորականների մի քանի գումարտակ եւ կարգավորել իրադրությունը: Մեզ պարզապես թույլ չեն տա դա անել»,- ասել էՊորոշենկոն:
«Որքան այնտեղ ավելի մեծ լինի ուկրաինական բանակը, այնքան ավելի շատ կլինեն ռուսական զորքերը... Մենք կարող ենք հաղթել միայն խաղաղությամբ»,- նշել է Ուկրաինայի նախագահը: Դրա հետ մեկտեղ, նրա խոսքով, Ուկրաինան պետք է ամրապնդի բանակը, որպեսզի պատրաստ լինի այն դեպքում, «եթե խաղաղ պլանը չգործի»:
Ինչպես նշել է Պորոշենկոն, Դոնբասի իրադրությունն աստիճանաբար բարելավվում է:
Նրա տվյալներով՝ երկրի հարավ-արեւելքում ոչնչացվել է ռազմական տեխնիկայի 65 տոկոսը, սակայն այդ կորուստներն արդեն հաջողվել է լրացնել: Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան մահաբերւ զենք չի ստացել արտասահմանյան պետություններից, քանի որ դրա պակասը չունի:
***
Բաթումին աղետի գոտի Է հայտարարված
Երկօրյա անդադար անձրևների հետևանքով հեղեղվել է գրեթե ողջ Բաթումի քաղաքը: Սահմանափակված է ավտոտրանսպորտի և հետիոտնի երթևեկությունը: Աղետի պատճառով բոլոր ծառայություններն աշխատում են արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնել է Грузия Online տեղեկատվավերլուծական կենտրոնը:
Բաթումիի քաղաքապետ Գիորգի Երմակովի խոսքով՝ ստեղծվել է արտակարգ շտաբ, որն աշխատում է 24-ժամյա ռեժիմում: Շտաբի հետ մեկտեղ մոբիլիզացվել է նաև համապատասխան ծառայությունների հատուկ տեխնիկա:
Երմակովի խոսքով՝ տարերքի պատճառած վնասի չափն առայժմ հայտնի չէ: Այդ հարցով զբաղվում է հատուկ հանձնաժողովը:
***
Գեղարքունիքի մարզում գայլերը հերթական սպանդն են իրականացրել
Գեղարքունիքի մարզի Մադինա գյուղում սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը գայլերի ոհմակը ներխուժել է նույն գյուղի բնակիչ Նորիկ Թաթոյանի անասնագոմ եւ հոշոտել 20 գլուխ ոչխար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մադինայի գյուղապետ Վրեժ Սարգսյանը, գայլերի ոհմակը անասնագոմից դուրս է բերել ոչխարները եւ 29 գլուխ ոչխարներից հոշոտել 20-ը, որոնց լուսաբացին մարդիկ գտել են անկենդան վիճակում: Մնացած ինը գլուխ ոչխարները գտնվել են միանգամայն առողջ ու անվնաս վիճակում: Նորիկ Թաթոյանին հասցված վնասների չափերը ճշտվում են:
Խոսրով Խլղաթյան
***
Պուտինը կհանդիպի Նազարբաևի, Ալիևի, Ռոուհանիի և Բերդիմուհամեդովի հետ
Վլադիմիր Պուտինի հրավերով Կասպյան չորրորդ գագաթնաժողովին կմասնակցեն Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Նախատեսվում է, որ կքննարկվեն Կասպից ծովի մերձափնյա պետությունների համագործակցության առանցքային հարցերը, որոշումների իրականացման ընթացքը, որոնք ընդունվել են 2010թ.-ի Բաքվի նախորդ գագաթնաժողովում, ինչպես նաև նախանշված է տարածաշրջանի պետությունների միջև առաջնային ոլորտների համագործակցության հարցը: Բազմակողմ համագործակցության փաստաթղթեր կստորագրվեն:
Նախատեսվում են նաև Վլադիմիր Պուտինի «Կասպյան հնգյակի» գործընկերների հետ մի շարք երկկողմ հանդիպումներ:
***
Դեյր Զորի հայկական եկեղեցու պայթեցումը համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում է. Էդուրադ Շարմազանով
Պաշտոնական այցով Չեխիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 22-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի խորհրդարանի սենատի փոխնախագահ Միլուշե Հորսկայի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահի աշխատակազմից, հանդիպմանը ԱԺ փոխնախագահը խստորեն դատապարտել է նախօրեին ահաբեկիչների կողմից Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը' այն որակելով որպես մշակութային ցեղասպանության վառ դրսևորում: Նրա համոզմամբ՝ սա ոչ միայն հայկական, այլև համաքրիստոնեական հոգևոր արժեքների ոչնչացում է:
Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ եկեղեցու պայթեցումը նախկինում հայերով բնակեցված և այսօր արդեն հայաթափված Նախիջևանում Ջուղայի դարավոր տասնյակ հազարավոր նրբատաշ, եզակի խաչքարերով գերեզմանոցի և ներկայիս Թուրքիայի տարածքում տասնյակ հազարավոր հուշարձանների ոչնչացման տրամաբանական շարունակությունն է:
ԱԺ փոխնախագահը նկատել է, որ միջազգային հանրության կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հավուր պատշաճի դատապարտումը կարող էր կանխել Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը:
***
Հայ խաղաղապահների 32 հոգանոց զորախումբը նախապատրաստվում է Լիբանանում առաքելության
Հայկական խաղաղապահ ուժերի 32 հոգանոց ջոկատ կմեկնի Լիբանան առաքելության: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈւ խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը: «Նախապատրաստվում ենք, բայց դեռ չգիտենք' երբ հրամանը կգա, որ օրվա համար:
Գիտենք, որ բազայի պաշտպանություն է լինելու, բայց պայմաններին, իրադրությանը ծանոթ չենք»,-հայտնեց գեներալ-մայոր Սիմոնյանը: Նրա խոսքով' իրենք խնդրանք են ներկայացրել, որ հրամանատարական կազմից երկու-երեք հոգի գործուղվեն առաքելության վայր մինչ խմբի մեկնելը' տեղում ուսումնասիրելու իրադրությունը, ծառայության վայրը:
«Զեկուցագիրս գնացել է, վերադասի որոշմանն ենք սպասում: Ընդհանրապես որքան առաքելություն ունեցել ենք, միշտ առաքելությունից առաջ ընդունված կարգ է, որ գնում, ուսումնասիրում են հրամանատարական կազմից, հետո է գործուղվում խումբը»,- հայտնեց Արթուր Սիմոնյանը:
ՅՈՒՆԻՖԻԼ խաղաղապահ առաքելության կազմում հայկական զորախումբ ընդգրկելու վերաբերյալ ընթանում էին բանակցություններ ՄԱԿ-ի և Իտալիայի ՊՆ-ի հետ զորախմբի կառուցվածքի, տեղակայման վայրի, խնդիրների, թիկունքային ու տեխնիկական ապահովման և այլ հարցերի շուրջ, որոնք բերեցին ցանկալի արդյունքի: Հայ խաղաղապահներն առաքելություն են իրականացնում նաև Աֆղանստանում, Կոսովոյում:
***
Պուտինը քննարկել է «իսլամական պետության» դեմ պայքարը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է «իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը դիմակայելու հարցը, ինչպես նաև Ռուսաստանի մասնակցության ընդլայնումը Էբոլա վիրուսի դեմ միջազգային պայքարում: Այս մասին հայտնել է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում անելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին:
«Անվտանգության խորհրդի մշտական անդամները փոխանակել են այլ գործընկերների հետ հնարավոր համագործակցության ձևերը ԻԼԻՊ-ի դեմ պայքարի հարցում' միջազգային իրավունքի շրջանակներում: Անդրադարձել են նաև Էբոլա վիրուսի դեմ միջազգային պայքարում Ռուսաստանի մասնակցության ընդլայնման թեմային»,-ասաց Պեսկովը:
***
Հայաստանն ու Էստոնիան ստորագրել են կրթության և հետազոտության ոլորտի համագործակցության հուշագիր
Պաշտոնական այցով Էստոնիայի Հանրապետությունում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Էստոնիայի կրթության և գիտության նախարար Եվգենի Օսսինովսկին ստորագրել են համաձայնագիր՝ Հայաստանի և Էստոնիայի միջև կրթության և հետազոտության բնագավառում համագործակցության վերաբերյալ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից, համաձայնագրով նախատեսվում է ամրապնդել և զարգացնել միջնակարգ, միջին մասնագիտական, բարձրագույն կրթության և գիտահետազոտական հաստատությունների միջև փոխադարձ հարաբերությունները:
Մասնավորապես, նախատեսվում է խրախուսել փոխանակման ծրագրերը՝ աշակերտների, ուսանողների, ուսուցիչների, դասավանդող և գիտական անձնակազմերի համար՝ գիտահետազոտական և կրթական հաստատությունների կուտակած փորձին և ձեռքբերումներին ծանոթանալու նպատակով:
Կողմերը կնպաստեն նաև երկու երկրների լեզվի, պատմության և մշակույթի ուսումնասիրմանը և դասավանդմանը կրթական հաստատություններում, ինչպես նաև կաջակցեն մասնագետների, մեթոդական ձեռնարկների և դասագրքերի փոխանակմանը: