Լիբանանի հայկական քաղաքական երեք կուսակցությունները դատապարտել են Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ականահարումը:

 

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Բերիո Լուրեր» ֆեյսբուքյան էջից: Հրապարակված հաղորդագրության մեջ նշված է. «Մինչ հայ ժողովուրը պատրաստվում է ոգեկոչելու Հայոց ցեղասպանության 100-ամյակը այնպիսի ժամանակաշրջանում, երբ Հայաստանում տեղի էր ունենում Հայաստան-Սփյուռք 5-րդ համահայկական համաժողովը, որի ընթացքում հայությունը մեկ անգամ ևս պահանջեց միջազգային հանրության արդարությունը, ոճրային ձեռքը երկարեց՝ Դեր Զորի մեջ ականահարելով Սրբոց Նահատակաց եկեղեցին և նրան կից գտնվող թանգարանը, որտեղ հանգչում են Հայոց Ցեղասպանության բազմաթիվ նահատակների աճյունները:

 

Հայ քաղաքական երեք կուսակցությունները խստորեն դատապարտում են այս ականահարումը՝ ելնելով հայության համար Սրբոց Նահատակաց եկեղեցու ներկայացրած բարոյական և խորհրդանշական արժեքից և կոչ են ուղղում միջազգային հանրությանը հնարավորինս արագ դատապարտել այս ոճրային արարքը:

 

Հայ քաղաքական երեք կուսակցությունները նաև կոչ են ուղղում թուրքական պետությանը' սանձել ոճրագործներին՝ ելնելով նրանց հետ ունեցած կապերից, անկախ այսպիսի արարքների մեջ ունեցած ուղղակի, թե անուղղակի պատասխանատվությունից»:

 

«Իրաքի և Սիրիայի Իսլամական պետության» ահաբեկիչները սեպտեմբերի 21-ին Դեր Զորում պայթեցրել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: