Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչությունը դատապարտել է Դեր Զորի հայակակն եկեղեցու ավերումը' միջազգային հանրությանը կոչ անելով բարձրացնել բողոքի իրենց ձայնը նման ծայրահեղ ու բարբարոս գործողությունների դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' այս մասին նշված է ՍԴՀԿ կենտրոնական վարչության տարածած հաղորդագրության մեջ, որում ասված է.

 

«Սույն թվականի սեպտեմբերի 21-ին' Հայաստանի անկախության տոնակատարության օրը, Մերձավոր Արևելքում վխտացող ահաբեկչկան կազմակերպություններից ամենավայրագ' «ՏԱՀԵՇ» խմբավորումը, պայթեցրել է Սիրիայի Դեր էլ Զոր քաղաքի Ռաշտիե թաղամասում գտնվող Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին:

 

Մշակութային անկրկնելի հուշարձանների միտումնավոր ոչնչացումը առաջին հերթին վկայում է մարդկությունը դեպի վայրի միջնադար տանող ահաբեկչական խմբավորումների և նրանց տարատեսակ հովանավորողների բարոյական սնանկության ու վայրագ էության մասին:

 

Այս բռնարարքի պատասխանատվության իր մեծ բաժինն ունի նաև Թուրքիայի Հանրապետությունը, ում հովանու ներքո այս տխրահռչակ կազմակերպությունը կարողացավ հսկայական տարածքներ զավթել Սիրիայի և Իրաքի հյուսիսային մասերում և անմարդկային արարքներով ահ ու սարսափ է տարածել անմեղ բնակչության մեջ:

 

Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների սուրբ հիշատակին նվիրված Սրբոց Նահատակաց եկեղեցու պայթեցումը ուղիղ մարտահրավեր է ոչ միայն հայ ժողովրդի նվիրական զգացմունքների ու արդար պահանջատիրության դեմ, այլև ահազանգ է քաղաքակիրթ ողջ մարդկության համար:

 

Սոցիալ դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, հավատարիմ մնալով իր որդեգրած բարոյական, առաջադիմական եւ պետությունների ու միջազգային կազմակերպությունների ժողովրդավարական համագործակցության հիմնարար սկզբունքներին, խստորեն դատապարտում է բարբարոսական այս արարքը, որ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին իրականացնում են ոճրագործ խմբավորումները:

 

ՍԴՀԿ կենտրոնական վարչությունը կոչ է անում համաշխարհային առաջադեմ հանրությանը, օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին, համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարող առաջադեմ ուժերին և հայկական աշխարհասփյուռ բորոլոր կազմակերպություններին' բարձրացնել բողոքի, ընդվզումի և դատապարտման իրենց ձայնը նման ծայրահեղ ու բարբարոս գործողությունների դեմ»: