Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային զարգացման նախարար Լորան Ֆաբիուսը Դեյր Զորում Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերման առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ' խստորեն դատապարտելով կատարվածը: «Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցող Դեյր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը:

 

Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար պայքարելու բոլոր դավանքների հոգևոր առաջնորդների հանձնառությունը' անկախ հարձակումներից և սպառնալիքներից»,- ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանից, հայտարարել է նախարարը: Լորան Ֆաբիուսը շեշտել է, որ սիրիական և իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են:

 

«Մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանա տուները պատժվում են Միջազգային քրեական դատարանի կողմից: ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան զորավիգ է, որպեսզի կենսագործվեն մշակութային ժառանգության պահպանության մասին համաձայնագրերը՝ հատկապես զինված հակամարտության դեպքում»,- ասված է հայտարարության մեջ:

 

«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող ծայրահեղական խմբավորումը սեպտեմբերի 21-ի առավոտյան պայթեցրել էր Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Ուժգին պայթյունից եկեղեցին ամբողջովին ավերվել է: Տեղեկություններ կան, որ միայն կանգուն է մնացել եկեղեցու գմբեթը' խաչով: Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Այնտեղ են ամփոփված Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքները: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին' Մեծի Տա նն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին Արամ Ակաթողիկոսի կողմից այն հռչակվել է համազգային ուխտատեղի: