Եվրոպայի ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը դատապարտել է Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ' թվիթերյան իր էջում Դոլը գրել է. «Դատապարտում եմ «Իսլամական պետություն» ահաբեկիչների կողմից սուրբ վայրերին, մասնավորապես Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը»:
«Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կոչվող ծայրահեղական խմբավորումը սեպտեմբերի 21-ի առավոտյան պայթեցրել էր Դեյր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին: Ուժգին պայթյունից եկեղեցին ամբողջովին ավերվել է: Տեղեկություններ կան, որ միայն կանգուն է մնացել եկեղեցու գմբեթը' խաչով:
Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցին նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին: Այնտեղ են ամփոփված Մեծ Եղեռնի բազմաթիվ նահատակների մասունքները: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի բացումն ու Սրբոց Նահատակաց եկեղեցու օծումը տեղի է ունեցել 1991-ին' Մեծի Տանն Կիլիկիո Գարեգին Բ կաթողիկոսի ձեռամբ, իսկ 2002 թվականի ապրիլի 24-ին Արամ Ակաթողիկոսի կողմից այն հռչակվել է համազգային ուխտատեղի: