Հովվապետական այցով Աբու Դաբիում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 10-ին այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն: Ավանդական աղուհացի օրհնությունից հետո դեսպանատան պարտեզում տեղի է ունեցել ծառատունկ: Իր խոսքում ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գևորգ Ղարիբջանյանը բարի գալուստ է մաղթել Նորին Սրբությանը: Դեսպանն անդրադարձել է Արամ Ա. կաթողիկոսի ազգանվեր գործունեությանն ու նշել, որ անձամբ է ճանաչում Վեհափառին 25 տարուց ի վեր, ինչպես նաև քաջածանոթ է նրա ազգանվեր գործունեությանն ու ձեռնարկներին:
Իր հերթին Արամ Ա կաթողիկոսը նշել է, որ Հայաստանը յուրաքանչյուր հայի հայրենիքն է և սրբազան վայր' իր հողով ու մշակույթով, իր արժեքներով և ձգտումներով: Ըստ Վեհափառի' Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունն իր թեմերով այս գիտակցությամբ ու հանձնառությամբ է շարունակում գործել: Արամ Ա կաթողիկոսն իր գոհունակությունն է հայտնել ԱՄԷ-ի և Կատարի հայերին' դեսպանության ծրագրերին աջակից լինելու համար: Բարձր գնահատելով դեսպանի և դեսպանության անձնակազմի աշխատանքը' Վեհափառն օրհնել է դեսպանությունը' իր բարեմաղթանքները հայտնելով դեսպանության ծրագրերի իրագործմանը:
Դեկտեմբերի 12-ին հանդիսավոր պայմաններում կաթողիկոսն օծել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց եկեղեցին: Օծման արարողությանը ներկա են եղել ԱՄԷ-ում բոլոր քրիստոնյա համայնքների ներկայացուցիչները, դիվանագետներ, լրագրողներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Նույն օրը' երեկոյան, Աբու Դաբիի «Սենթ Ռեջիս» հյուրանոցում տեղի է ունեցել ընդունելություն' Սրբոց Նահատակաց եկեղեցու օծման կապակցությամբ: