«Իմ ամենակարևոր նպատակը սպորտի հանրայնացումն է, որպեսզի երիտասարդները, փոխանակ թմրանյութեր օգտագործելու, ծխելու, ալկոհոլ չարաշահելու՝ զբաղվեն սպորտով»,-այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Աբու Դաբիի 6-ժամյա մրցավազքի TCR դասում հաղթող, ավտոարշավորդ Արթուր Գորոյանը, որը իր թիմակից Ռոման Մավլանովի հետ մրցարշավում հանդես է եկել Audi RS3 դասի մեքենայով։
Հայաստանը ներկայացնող Գորոյանն ու Մավլանովը թեժ մրցապայքարում կարողացել են առավելության հասնել և մոտակա մրցակցից՝ «Wolf-Power Racing» թիմից 6 վայրկյան շուտ են հասել եզրագծին ու հաղթանակ տոնել։
«Տասը տարուց ավելի է՝ զբաղվում եմ այս սպորտաձևով, հիմնականում Գերմանիայում եմ մրցումներին մասնակցում, այնտեղ աշխարհի ամենադժվար և ամենավտանգավոր մայրուղիներն են, Գերմանիայում ես միակ հայ ավտոարշավորդն եմ ցուցակներում, միշտ իմ անունն է գրվում, սակայն, կուզենայի, որ մյուս երկրներում ապրող հայերը, որոնք այս սպորտաձևով են զբաղվում, նույնպես օրինակ վերցնեին, նկատի ունեմ՝ Ֆրանսիայում, Գերմանիայում, Իտալիայում և այլուր, և ունենային հայկական արտոնագիր»,-ասաց Արթուր Գորոյանը և հավելեց, որ ամենուր ելույթ է ունենում ՀՀ-ի դրոշի ներքո, քանի որ Հայաստանն է իր տունը։
Խոսելով այս սպորտաձևի ընտրության մասին՝ Արթուր Գորոյանը նշեց, որ փորձել է գործունեության այլ բնագավառներ, այլ սպորտաձևեր ևս, սակայն այս մեկն իր մոտ ամենաարդյունավետն է ստացվել։
«2016 թվականին ամենաերկար՝ ութժամյա փորձն եմ ունեցել ղեկին, այս սպորտում ամենադժվարը, թերևս, անսպասելի հանգամանքներն են, հատկապես, երբ նախապես գիտես, թե քանի ժամ ես անցկացնելու ղեկին և հանկարծ ինչ-որ խնդիր է ծագում և հասկանում ես, որ ավելի երկար պիտի մնաս նախատեսվածից»,-ասաց նա։
«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի» նախագահ Արսեն Մանուկյանը, իր հերթին, խոսելով ՀՀ-ում ավտոսպորտի մասին, նշեց․
«ՀՀ-ում ավտոսպորտն այս տարի նոր փուլ է մտնում․ քարթինգի պարապմունքներ ենք ուզում սկսել։ Պետք է մասնակցենք քարթինգ սպորտաձևին։ Հայաստանը պետք է թիմ ունենա նշված մրցաշարին մասնակցելու համար»,-ասաց ֆեդերացիայի նախագահն ու հավելեց, որ Հայաստանում ավտոսպորտը զարգացնելու համար ստանդարտներին համապատասխան մրցուղի է հարկավոր․ արդեն իսկ ջանքեր են գործադրվում այն կառուցելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։