Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ դատապարտելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը։ Ֆրանսիական կողմը հայտարարել է, որ Ադրբեջանի քայլերը «հակասում են պարտավորություններին, որոնք ձեռք են բերվել կրակի դադարեցման համաձայնագրի շրջանակում և վնասում են բանակցային գործընթացին»։
«Ֆրանսիան կոչ է անում Ադրբեջանին հետևել միջազգային պարտավորություններին, մասնավորապես, կյանքի կոչել փետրվարի 22-ի Արդարադատության միջազգային դատարանի միջանկյալ որոշումները, որոնք պարտադիր են համարվում։
Ֆրանսիան կոչ է անում վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ տեղաշարժը՝ երկու ուղղություններով, ինչպես նաև գազի և էլեկտրականության շարունակական մատակարարումը բնակչությանը»,- ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Ավելի վաղ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի նոր սադրիչ գործողությունները դատապարտող հայտարարությամբ էր հանդես եկել նաև ԱՄՆ պետդեպարտամենտը։