Պենտագոնը կենդանի ուժ եւ զրահատեխնիկա է փոխադրում Սիրիայի արեւելքում նավթի հանքավայրերի շրջան: Այդ մասին հոկտեմբերի 28-ին հայտնել են իրանական ԶԼՄ-ները:
Սիրիայի Դեյր Էզ Զորի նահանգի՝ քուրդ աշխարհազորայինների (որոնց Անկարայում համարում են ահաբեկիչներ) կողմից վերահսկվող մաս է ժամանել 170 բեռնատարներից բաղկացած ամերիկյան շարասյունը՝ զենքով եւ ռազմամթերքով:
Շարասյունը իրաքա-սիրիական սահմանի հսկիչ անցակետը հատել է լույս հոկտեմբերի 28-ի գիշերը եւ Ղամիշլիով մտել Հասեքեի շրջան: «Անադոլու» լրատվական գործակալության տեղեկատվության համաձայն, շարասյան կազմում կա 17 միավոր զրահատեխնիկա եւ բազմաթիվ բեռնատարներ, որոնք, ենթադրաբար, բեռնված են զենքով:
Շարասյան անվտանգությունն օդից ապահովել են ամերիկյան ուղղաթիռները: Ավելի վաղ ամերիկյան ԶԼՄ-ները հայտնել էին Սիրիայի հյուսիս-արեւելքում նավթի հանքավայրերի հսկման համար 500 զինծառայողներ ուղարկելու ԱՄՆ-ի պլանների մասին: Նախօրյակին սկսվել է զորքերի փոխադրումը Դեյր-Էզ-Զորի «Ալ Օմար» եւ «Ռումեյլան» հանքավայրերի շրջան: Սիրիական աղբյուրները հայտնել են Բագոզի շրջանում ամերիկյան ռազմակայանի ստեղծման պլանների մասին:
Ինչպես նշում է «Անադոլու»-ն, նոր ռազմակայանի գտնվելու վայրը ռազմավարական նշանակություն ունի Բուքեմալի շրջանին մոտ լինելու պատճառով, որը վերահսկվում է իրանամետ կազմավորումների եւ կառավարական բանակի կողմից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: