Համացանցում հայտնվել է այսպես կոչված սիրիական ընդդիմության գրոհայինների կողմից ռուս լրագրողների ավտոշարասյան գնդակոծման տեսանյութը: Տեսագրության համաձայն՝ զինյալները կրակ են բացել ամերիկյան արտադրության BGM-71 Tow ծանր հակատանկային համալիրից:

 

Ինչպես հայտնել է կրակահերթի տակ հայտնված՝ RT-ի թղթակից Ռոման Կոսարյովը, տվյալ զենքը Սիրիայում 2014 թ. գաղտնի կերպով մատակարարվում էր հակակառավարական խմբավորումներին:

 

«Մի տեսագրություն եմ ստացել՝ «Ջիհադիստները լրագրողների վրա են հարձակվում TOW-ով» անվամբ: Այն ունի սիրիական ընդդիմադիր խմբավորումներից մեկի լոգոն: Այն ցույց է տալիս, թե ինչպես են սիրիացի գրոհայիններն արձակում հակատանկային հրթիռը»,- ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել է լրագրողը:

 

Հիշեցնենք՝ մի խումբ ռուս լրագրողներ Սիրիայում Սալմա քաղաքից քիչ հեռու ենթարկվել են արկակոծության: Լրագրողները 3 ավտոմեքենաներով ուղևորվելիս են եղել վերջերս ազատագրված Ալ Զուաեկ բարձունք: Առաջին ավտոմեքենան հասցրել է հեռանալ, իսկ 2-ը «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայիններն արկակոծել են Նուբի լեռան վրայից:

 

3 լրագրող վիրավորվել է. նրանք են՝ «ՏԱՍՍ»-ի թղթակից Ալեսքսանդր Ելիստրատովը, «RT»-ի թղթակիցներ Սարգեն Հադայան և Ռոման Կոսարևը: