Օրվա կարևորագույն նորությունների ամփոփումն ըստ   «mediamall.am» կայքի.


Թունավորման երեք դեպք՝ Երևանում. նրանց թվում 3-ամյա երեխա կա

 

Հուլիսի 26-ին, ժամը 01.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել Երևանի Նորքի 7-րդ զանգվածի թիվ 14 շենքի բնակիչ Ա. Ա.-ն (ծնվ. 1967 թ.), ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

***

Հուլիսի 26-ին, ժամը 01.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ԲԿէ տեղափոխվել Երևանի Մուշավան թաղամասի բնակիչ Ս. Գ.-ն (ծնվ. 1982 թ.), ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

***

Հուլիսի 26-ին, ժամը 01.05-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Ներքին Շենգավիթ 6-րդ փողոցի բնակիչ Է. Կ.-ն (ծնվ. 2011 թ.), ում առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

 

***

 

Քաղաքացին ընկել է ջրանցքը

 

Հուլիսի 26-ին, ժամը 06.40-ին ահազանգ է ստացվել, որ միջհամայնքային Հ-8 ավտոճանապարհի Արտաշատ-Շահումյան հատվածում' նորակառույց ջրերի գործարանի մոտակայքում, քաղաքացին ընկել է ջրանցքը և չի կարողանում դուրս գալ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ջրանցքից դուրս են բերել Մ. Բ.-ին (ծնվ.1957 թ.) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ում տեղափոխել են Արտաշատ քաղաքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

 

***

 

Հրդեհ Դալմայի այգիների մոտակայքում

 

Հուլիսի 26-ին, ժամը 06.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դալմայի այգիների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում են չբնակեցված վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը (մոտ 15 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.58-ին, մարվել' 07.21-ին:

 

***

 

Հրապարակվել է ԵՄ-ի նորացված «սև ցուցակը»

 

Եվրամիության պատժամիջոցների նոր ցուցակում են հայտնվել Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը, արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Միխայիլ Ֆրադկովը և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:

Ընդհանուր առմամբ, ընդլայնված սև ցուցակում ներառվել է 15 մարդ, ինչպես նաև 18 ընկերություն և կազմակերպություն:

Իրավաբանական անձանց ցուցակում է հայտնվել 9 ընկերություն և նույնքան պետական և հասարակական կազմակերպություն, ինչպես նաև ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների վարչակազմերը:

 

***

 

Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր, ինչի հետևանքով զինվոր է զոհվել

 

Հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն հետ են շպրտվել ելման դիրքեր:

Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իր զորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

 

***

 

Ես հրամայում եմ ձեզ անել ամեն ինչ' հերոսանալու ոչ թե սեփական կյանքը կորցնելու, այլ մեր աշխարհի անդորրը խաթարող ելուզակներին վնասազերծելու միջոցով. Ս. Սարգսյան

 

ՀՀ Նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների 2014 թվականի շրջանավարտների ավարտական միջոցառման առիթով կազմակերպված հանդիսավոր արարողությանը: Հանրապետության Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմական ինստիտուտի 20-ամյա հոբելյանի և ռազմաուսումնական հաստատություններում ուսումնառությունն ավարտած շրջանավարտներին՝ սպայական առաջին կոչումներն ստանալու կապակցությամբ, մաղթել նրանց հաջողություններ և բարի երթ դեպի հայկական փառապանծ զինված ուժերի շարքերը:

Նախագահը լավագույն շրջանավարտներին անձամբ է հանձնել սպայական վկայականները և պարգևատրել անվանական դաշույններով: Պատվո պահակախմբի ցուցադրական շարանցումից հետո, միջոցառման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել ելույթով:

Սերժ Սարգսյանն այնուհետև այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան և ծաղիկներ է խոնարհել անմար կրակի մոտ:

***
Նախագահի խոսքը ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի և ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին սպայական կոչումների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ

Սիրելի՛ հայրենակիցներ,
Պարոնա՛յք գեներալներ, սպաներ,

Այսօր, իհարկե, նշանակալի օր է մեզ համար: Նշանակալի այն առումով, որ հավաքվել ենք տոնելու Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման քսանամյակը, սպայական առաջին կոչումները շնորհելու ուսումնական հաստատությունների շրջանավարտներին և նշելու ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների առաջին հոսքի սպաների ուսումնառության ավարտը: Շարունակությունն այստեղ:

 

***

 

Ճանապարհատրանսպորտային պատահարներ' հանրապետությունում

 

Հանրապետությունում հուլիսի 25-ին գրանցվել են մի շարք ճանապարհատրանսպորտային պատահարներ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, հուլիսի 25-ին, ժամը 08.30-ին, «ԳԱԶ-322132-220» մակնիշի միկրոավտոբուսը Երևանի Արարատյան փողոցի թիվ 41 հասցեի դիմաց դուրս է եկել հանդիպակած գոտի և բախվել «Տոյոտա Պլաց» մակնիշի ավտոմեքենային: Պատահարի հետևանքով վերջին ավտոմեքենայի 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Հուլիսի 25-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1981 թ. ծնված Կարեն Վ.-ի վարած մոտոցիկլը ժամը 15.10-ի սահմաններում Արարատի Խանջյան փողոցում կողաշրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այնուհետև հուլիսի 25-ին, ժամը 22.10-ի սահմաններում, «ՎԱԶ-2105» մակնիշի ավտոմեքենան Գյումրի քաղաքի Կայարանամերձ հրապարակի թիվ 2 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 1979 թ. ծնված Մետաքսյա և 2004 թ. ծնված Լիանա Ղ.-երին:Վարորդը տուժողներին նույն ավտոմեքենայով տեղափոխել է հիվանդանոց և ներկայացել ոստիկանության Կուայրիի բաժին:

Բացի այդ, հուլիսի 25-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ 1984 թ. ծնված Խաչատուր Մ.-ի վարած «ԳԱԶ-2417» մակնիշի ավտոմեքենան ժամը 19.45-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 68-րդ կմ-ին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ուղեմասի աջ մասում կայանված «Նիսսան Մաքսիմա» ավտոմեքենայի, այնուհետև կողաշրջվել է ռեստորանի ավտոկայանատեղի և բախվել «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետևանքով «ԳԱԶ-2417» ավտոմեքենայի վարորդ Խաչատուր Մ.-ն, որը եղել է ոչ սթափ վիճակում, և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքերի առնչությամբ ատարվում է քննություն:

 

***

 

Սպանվել է Ուկրաինայի Պոլտավայի շրջանի Կրեմենչուգի քաղաքապետը

 

Սպանվել է Ուկրաինայի Պոլտավայի շրջանի Կրեմենչուգի քաղաքապետ Օլեգ Բաբաևը: Այս մասին հայտնում է ria.ru-ն:

Ըստ հաղորդագրության՝ Բաբաևն սպանվել է իր բնակարանի մոտ արձակված 3 կրակոցի հետևանքով, երբ նա նստել է ավտոմեքենան:

Օլեգ Բաբաևը ծնվել է Ռուսաստանի Դաշնության Կուրսկ քաղաքում՝ 1965թվականին, 2007-2011 թվականներին Յուլիա Տիմոշենկոյի դաշինքի կազմում Ռադայի պատգամավոր է եղել, 2010թվականից զբաղեցնում էր Կրեմենչուգի քաղաքապետի պաշտոնը:

 

***

 

Խոստացել են Լևոն Հայրապետյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց կամ տնային կալանքի. Մացակ Փոլադյան

 

Հայազգի գործարար և բարերար, Մոսկվայում ձերբակալված Լևոն Հայրապետյանի առողջական վիճակը բավարար է: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնեց Լևոն Հայրապետյանի վստահված անձ, ընկեր Մացակ Փոլադյանը: «Այսօր առավոտյան տեղեկացա, որ Լևոն Գուրգենիչի առողջական վիճակը բավարար է: Եթե հավատ ընծայենք, խոստացել են առաջիկա օրերին նրան տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց կամ տնային կալանքի»,- ասաց Փոլադյանը:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լևոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանի դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

Հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հանցագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Վերոնշյալ մեղադրանքները Հայրապետյանը չի ընդունում, իսկ նրա փաստաբանն արդեն բողոքարկել է. Դատարանը դեռևս բողոքարկման վերաբերյալ որոշում չի կայացրել:

Հուլիսի 24-ին դատարանը պաշտոնական մեղադրանք է առաջադրել Հայրապետյանին: Մինչ այդ Ռուսաստանում գործող մի շարք հայկական կազմակերպություններ իրենց աջակցությունն են հայտնել գործարարին, իսկ Վանք գյուղի բնակիչները ստորագրահավաք են կազմակերպել ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի:

 

***

 

Թուրքայում ավտոբուսի վթարից 49 մարդ վիրավորվել է

 

Թուրքիայի Քոնյա քաղաքից Աղրը (Արարատ) մեկնող ավտոբուսը Կայսերի-Սիվազ ավոտմայրուղու 30-րդ կիլոմետրի վրա շրջվել է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, վթարի հետեւանքով վիրավորվել եւ տարբեր վնասվածքներ են ստացել 49 ուղեւորներ, այդ թվում' ավտոբուսի երկու վարորդները: Վիրավորները փոխադրվել են մոտակա հիվանդանոցներ: Վիրավորներից 6-ի վ իճակը ծայրահեղ ծանր է: Նախնական տվյալներով' վթարի պատճառը վարորդի անուշադրությունն է, ինչի հետեւանքով նա կորցրել է տրանսպորտային միջոցի ղեկավարումը:

 

***

 

Սպանել է ընկերոջը. «Էս արմատուրով ես հարվածել եմ երեք անգամ» 

 

1-02 զանգահարած Ալեքսանդր Հովհաննիսյանը հայտնել է, որ ինքը մարդ է սպանել:

«Էս արմատուրով ես հարվածել եմ երեք անգամ»,- պատմում է Ալեքսանդր Հովհաննիսյանը և նշում պատճառը. «Ինքն ինձ մեր քրֆեց»:

 

***

 

Արտակարգ դեպք՝ Գյումրիում. 1-ամյա երեխան 4-րդ հարկից ընկել է shamshyan.com

 

Այսօր՝ հուլիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Գյումրի քաղաքի Երևանյան խղճուղի թիվ 1Բ շենքի 24-րդ բնակարանի պատշգամբից երեխա է ընկել:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված բնակարանը գտնվում է 4-րդ հարկում, իսկ երեխան Կանադայի Հանրապետության քաղաքացի, 1-ամյա Չարլի Դոդինն է, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց: Բժիշկների նախնական եզրակացության համաձայն՝ երեխայի առողջական վիճակը միջին ծանրության է: