Անցնող օրվա կարևորագույն իրադարձություններն ըստ «mediamall.am» կայքի.
Հալեպում հայ զոհերի թիվն ավելացել է
Հալեպի հայաշատ թաղամասերում հուլիսի 30-ին հրասանդներ ընկնելու հետևանքով ևս մեկ հայուհի է զոհվել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի լրատվական գրասենյակից: Զոհվածը Արաքսի Արուշյան-Խաչատուրյանն է: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ զոհվել էր նրա քույրը՝ Ազնիվ Արուշյանը:
Աղբյուրը տեղեկացրել էր, որ նախօրեին զոհերից մեկը Սոնա Պալըքյանն է: Նա զոհվել է Ջալաա թաղամասում հրասանդի պայթյունի հետեւանքով: Նոր Գյուղ թաղամասում վիրավորված Գեւորգ Գալեմքերյանը եւս մահացել էր հիվանդանոցում: Հրասանդներ ընկնելու հետևանքով վիրավորվել են Ջուլիեթ Խաչատուրյանը, Գևորգ Թաշչյանը, Հակոբ Հակոբյանը, Րաֆֆի Այվազյանը և Հովհաննես Այվազյանը:
Վերջին երկու ամիսների ընթացքում Հալեպում տասնյակից ավելի հայեր են զոհվել եւ վիրավորվել: Սիրիական հակամարտության 3-ից ավելի տարիների ընթացքում զոհված հայերի թիվը գերազանցել է 100-ը: Մասնավորապես հունիսի առաջին օրերից սկսած՝ Հալեպում եւ հատկապես հայկական Նոր Գյուղ թաղամասում իրավիճակը կտրուկ սրվել է: Ահաբեկչական խմբավորումների հարձակումների հետեւանքով Նոր Գյուղում մեծաթիվ բնակարաններ բոլորովին անբնակ են դարձել, իսկ հարյուրավոր բնակարաններ նորոգելու կարիք ունեն: Երբեմնի հայաշատ Նոր Գյուղ թաղամասն այսօր աղետի շրջան է, ամայացած ու ավ երակ: Կոչ է ուղղվել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնել ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման՝ հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:
***
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ հանդիպում կանցկացնի Գազայի հատվածի հումանիտար իրադրության շուրջ
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտակարգ հանդիպում կանցկացնի Գազայի հատվածի հումանիտար իրադրության շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր Ռուանդայի մշտական ներկայացուցիչ Յուջին Ռիշար Գասանան, որը նախագահում է ԱԽ-ում:
«Ժամը 10:00-ին (Երեւանի ժամանակով՝ ժամը 18:00-ին) կկայանա բրիֆինգ, որից հետո տեղի կունենա խորհրդակցություն փակ ռեժիմով»,- ասել է նա:
Ինչպես հայտնի է դարձել ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, Գազայի հատվածի հումանիտար իրադրության վերաբերյալ հաշվետվությամբ տեսակապի օգնությամբ ԱԽ-ի անդամների առջեւ հանդես կգա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Վալերի Ամոսը:
***
ԱՄՆ-ում երկու կին մահից հրաշքով են փրկվել՝ պառկելով գնացքի տակ
ԱՄՆ-ում երկու կին հրաշքով են ողջ մնացել՝ բառացիորեն «սուզվելով» իրենց վրա սլացող գնացքի տակ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Independent-ին: Մեքենավարի խցիկում գտնվող տեսագրանցիչի տեսագրությունն արդեն հայտնվել Է Համացանցում:
Միջադեպը տեղի Է ունեցել երկրի հյուսիսում՝ Բլումինգտոն քաղաքից (Ինդիանայի նահանգ) ոչ հեռու: Կանայք գնալիս են եղել լճի վրայի երկաթուղային կամրջով, երբ տեսել են, որ հետեւից իրենց վրա Է սուրում գնացքը: Տեսնելով կանանց՝ մեքենավարը դանդաղեցրել Է ընթացքը եւ մի քանի անգամ ազդանշան տվել, սակայն այդ արագությամբ շարժակազմը կանգնեցնելն անհնար Է եղել: Կանայք փորձել են առաջ վազել, սակայն հասկացել են, որ չեն կարող խույս տալ գնացքից. կամրջի երկարությունը 152, 5 մետր Է, բարձրությունը՝ 24 մետրից փոքր-ինչ ավելի: Այդ ժամանակ կանանցից մեկը պառկել Է ռելսերի վրա, երկրորդը հետեւել Է նրա օրինակին: Վայրկյաններ անց շարժակազմը սլացել Է նրանց վրայով:
Կանայք ոչ մի լուրջ վնասվածք չեն ստացել եւ այն բանից հետո, երբ գնացքն անցել Է, արագորեն հեռացել են պատահարի վայրից: Գնացքի մեքենավարը կապվել Է ոստիկանության հետ եւ հայտնել պատահածի մասին: Կանանց ինքնությունը պարզվել Է, նրանց դեմ քրեական գործ Է հարուցվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
***
Մարգվելաշվիլիից պահանջում են ազատել նախագահական պալատը
Քաղաքացիական ներգրավվածության երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչները Թբիլիսիի Հավլաբարի շրջանի նախագահական պալատի մոտ ակցիա են անցկացրել այդ շենքում Գեորգի Մարգվելաշվիլիի ներկայության ժամկետի պարզաբանման պահանջով: Ակցիայի մասնակիցները՝ շուրջ 15 մարդ, նախագահական պալատի մոտ են տարել Գեորգի Մարգվելաշվիլիի պլաստիլինե կիսանդրին՝ վերջինիս վրա եւ տարածքի մուտքի միջանցիկ սենյակի ապակիներին ամրացնելով թռուցիկներ՝ «Խոսքի տերը չԷ՜» մակագրությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես» -ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:
Ակցիայի մասնակիցները հիշեցրել են, որ Վրաստանի նոր իշխանությունները եւ Գեորգի Մարգվելաշվիլին ինքն ավելի վաղ հայտարարել են, որ իր ժամանակին Միխեիլ Սահակաշվիլիի որոշմամբ կառուցված նախագահական պալատը կհանձնեն վրաց-ամերիկյան համալսարանին, իսկ նախագահական նոր նստավայրը կտեղավորվի Թբիլիսիի կենտրոնի Ատոնելի փողոցի շենքերից մեկում, որտեղ 2013 թվականի հոկտեմբերին կայացած նախագահական ընտրություններից անմիջապես հետո սկսվել Է նորոգում:
Սակայն, նրանց խոսքով, առայժմ չի երեւում, որ Մարգվելաշվիլին պատրաստվում Է կատարել խոստումը՝ ազատել նախագահ ական պալատը եւ տեղափոխվել այլ շենք:
***
ՊՆ մամուլի խոսնակը հերքում է ՀՀ տարածք ադրբեջանական նոր դիվերսիոն խմբի ներթափանցման մասին լուրը
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ՀՀ տարածք ադրբեջանական դիվերսիոն խմբի ներթափացման վերաբերյալ տեղեկությունը: «Բացառված է, դիվերսիայի հետ կապված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, վիրավորվելու փաստ կա, քաղաքացիական անձ է, հովիվ է կարծեմ»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Այգեձորի գյուղապետ Սասուն Սաֆարյանը հաստատել է լուրը' նշելով, որ հակառակորդի կրակոցից ուսի շրջանում վիրավորվել է 49-ամյա Վալեր Ճաղարյանը, ում կյանքին վտանգ չի սպառնում:
Հայկական լրատվական կայքերից մեկը հրապարակել էր նյութ' նշելով, որ որոշ տեղեկությունների համաձայն, ադրբեջանական դիվերսիոն խումբ է ներթափանցել ՀՀ տարածք:
***
Ադրբեջանական կողմը դիվերսիա է իրականացրել. հայկական կողմն ունի երկու զոհ
Հուլիսի 31-ին հակառակորդը ձեռնարկել է հարձակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետի ուղղությամբ: Դիրքապահ անձնակազմի կողմից հանդիպելով կազմակերպված դիմադրության, հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ' հետ է շպրտվել ելման դիրքեր:
Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ երկու զինծառայողներ:
Միջադեպի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
***
Ավստրալիայի իշխանությունները օգոստոսի 7-ը սգո օր են հայտարարել ի հիշատակ Ուկրաինայում Boeing-ի աղետի զոհերի
Ավստրալիայի կառավարությունը օգոստոսի 7-ը սգո օր Է հայտարարել ի հիշատակ Ուկրաինայի արեւելքում մալայզիական Boeing-ի աղետի զոհերի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է երկրի վարչապետ Թոնի Աբոտը:
Այդ օրը կխոնարհվեն պետական բոլոր հիմնարկությունների եւ արտասահմանում Ավստրալիայի դիվանագիտական ներկայացուցչությունների շենքերի դրոշները, իսկ Մելբուռնի Սուրբ Պատրիկի տաճարում կկայանա սգո արարողություն:
«Մենք սգում ենք բոլոր 298 անմեղ մարդկանց, բայց առավել այն 38 տղամարդկանց, կանանց ու երեխաների զոհվելը, որոնց համար Ավստրալիան հարազատ տուն էր,- նշել է կառավարության ղեկավարը:- Մենք խորապես ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին եւ նրանց աջակցություն կցուցաբերենք առաջիկա դժվարին ժամանակներում»:
Ինչպես հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, Ռուսաստանը ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին է փոխանցել Boeing-ի աղետի շրջանում օբյեկտիվ դիտարկման տվյալները: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում:
Մենք միջազգային կազմակերպություններին, ներառյալ ՄԱԿ-ը եւ ԵԱՀԿ-ն, փոխանցել ենք աղետի շրջանի նկատմամբ օբյեկտիվ դիտարկման տվյալները: «Ակնկալում ենք, որ նույնքան կոնկրետ ու կառուցողականորեն կգործեն նաեւ մյուսները՝ ոչնչով չհիմնավորված մեղադրանքներ եւ հորինվածքներ տարածելու փոխարեն»,- ասել է դիվանագետը:
Boeing-777 մարդատար ինքնաթիռը, որն Ամստերդամից թռչում Էր Քուալա Լումպուր, հուլիսի 17-ին աղետի Է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Ինքնաթիռում եղել Է 298 մարդ, այդ թվում՝ 85 երեխա եւ անձնակազմի 15 անդամները: Նրանք բոլոր զոհվել են: Օդանավում եղել Է Ավստրալիայի 27 քաղաքացի: Կիեւի իշխանությունները ավիաաղետի համար մեղադրում են աշխարհազորայիններին, մինչդեռ վերջիններս հայտարարել են, որ իրենք չունեն այնպիսի միջոցներ, որոնք թույլ կտային օդանավ խփել նման բարձրության վրա:
***
Արգենտինան դեֆոլտ է հայտարարել
Արգենտինայի կառավարությունը վերջին 13 տարվա ընթացքում արդեն 2-րդ անգամ երկրում հայտարարում է դեֆոլտ, այսինքն՝ երկիրը ընդունակ չէ վճարելու սեփական պարտքերը: Այս մասին հայտնում է itar-tass-ը:
Արգենտինայի իշխանությունները մինչև վերջին պահը փորձում էին պարտատու հիմնադրամների հետ վճարման ժամկետի հետաձգման պայմանագիր ստորագրել, սակայն բանակցություններն ապարդյուն են ավարտվել:
Փորձագետներն այն կարծիքին են, որ այս դեֆոլտը չի լինելու այնքան ողբերգական, ինչքան 2001 թվականի դեֆոլտը, երբ Արգենտինայի կառավարությունը ստիպված եղավ սառեցնել բնակչության կուտակային հաշիվները:
***
Լուգանսկում սպանվել է ադրբեջանական համայնքի ղեկավարը
Լուգանսկում սպանվել է ադրբեջանական համայնքի ղեկավարներից մեկը' Ուկրաինայի Լուգանսկի մարզի ադրբեջանցիների կոնգրեսի 53-ամյա փոխնախագահ Թելման Ջաֆարովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ադրբեջանական APA լրատվական գործակալությանը հայտնել է կոնգրեսի նախագահ Ռասիմ Ուղուրլուևը:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Կամենկա գյուղի մերձակայքում: Նրա հետ հրազենային վիրավորում են ստացել ևս երեք ադրբեջանցի: Համարվում է, որ նրանք անհայտ կորել են: Նշվում է, որ ադրբեջանցիները գնդակոծության են ենթարկվել, երբ անասունները դուրս են բերել ֆերմերային տնտեսությունից: Սպանության դրդապատճառները հայտնի չեն:
***
Ուկրաինայի Գերագույն ռադան չի ընդունել Յացենյուկի հրաժարականը
Ուկրաինա Գերագույն ռադան չի ընդունել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի դիմումը: Այս մասին տեղեկացնում է novosti-n.org-ը: «Կողմ» է քվեարկել ընդամենը 16 պատգամավոր, որոնցից 14-ը Կոմունիստական կուսակցության պատգամավորներն են եղել: Կառավարության հրաժարականի համար անհրաժեշտ է եղել 226 պատգամավորի աջակցությունը:
Մինչ քվեարկությունը ելույթով հանդես է եկել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, ով եղել է խորհրդարանում:
«Ուկրանացի ժողովուրդն ու խորհրդարանը միասնական եմ: Մենք դա ցույց կտանք նաև հետագայում: Արտահերթ ընտրություններն իրատեսական են. ուկրաինացիների 80 տոկոսը դա է պահանջում»,- Գերագույն ռադայում ասել է Պորոշենկոն:
***
Պաղեստինցի զոհերի թիվը գերազանցել է 1300-ը
Իսրայելական հարձակման հետևանքով պաղեստինցի զոհերի թիվը հասել է 1367-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, նրանցից 315-ը երեխաներ են: Վիրավորների թիվը գերազանցել է 7700-ը: Իսրայելական օդուժը հուլիսի 31-ին կրկին ռմբակոծել է ՄԱԿ-ին պատկանող դպրոցի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զոհ և 15 վիրավոր է գրանցվել:
Նախօրեին ռմբակոծության հետևանքով զոհվել է 131 մարդ և վիրավորվել շուրջ 350-ը:
Մյուս կողմից' իսրայելական կառավարությունը թույլատրել է բանակը համալրել 16 հազար պահեստայիններով' Գազայի հատվածում ռազմական գործողությունները շարունակելու նպատակով: Իսրայելական բանակը հայտարարել է, որ կշարունակի հարձակումները Գազայի հատվածի ուղղությամբ՝ նման կերպ փորձելով վնաս հասցել ՀԱՄԱՍ-ի ռազմավարությանը:
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի դեմ ռազմական գործողություններն սկսել է հուլիսի 8-ին:
***
Միջազգային հանրությունը բողոքում է. Լեյլա Յունուսի ձերբակալությունը Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակի նոր օրինակ է
Միջազգային հանրությունը հանդես է եկել Բաքվում ադրբեջանցի իրավապաշտպան, Խաղաղության եւ ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի «Պատվո լեգիոն» շքանշանի ասպետ Լեյլա Յունուսի ձերբակալությունը դատապարտող հայտարարություններով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ազադլըգ» թերթը, «Նորվեգիայի մարդու իրավունքների տուն» հիմնադրամը ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսի' Բաքվում ձերբակալությունը եւ նրա ամուսնու' Արիֆ Յունուսի հետապնդումը բնութագրել է Ադրբեջանում մարդու իրավունքների իրավապաշտպանների եւ ակտիվիստների դեմ աննախադեպ «բռնաճնշումների ալիքի» մաս: «Այդ ձերբակալությունը Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով ձերբակալության եւս մեկ փաստ է», -նշել է նորվեգական հիմնադրամը, եւ հավելել, որ ադրբեջանական իշխանությունները Լեյլա եւ Արիֆ Յունուսներին մեղադրում են նույն մտացածին մեղադրանքներով, ինչ արել են Ընտրությունների մոնիտորինգի եւ դեմոկրատիայի ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլիի եւ կենտրոնի գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլըի նկատմամբ:
Միջազգային Amnesty International կազմակերպությունը Լեյլա Յունուսի ձերբակալությունն անվանել է Ադրբեջանում մարդու իրավունքների ծանր վիճակի նոր օրինակ:
«Լեյլա Յունուսը մտացածին մեղադրանքներով ձերբակալվել է Ադրբեջանի կառավարությանը քննադատելու համար», -հայտարարել է կազմակերպության ներկայացուցիչ Նատալյա Նոզաձեն' հավելելով, որ ներկա դրությամբ Ադրբեջանում նվազագույնը 19 խղճի դատապարտյալներ կան: «Լեյլա Յունուսը Ադրբեջանում մնացած վերջին անկախ ձայնն է: Կառավարությունը երկար ժամանակ վախեցնում եւ սպառնալքիներ էր տեղում նրա հասցեին' փորձելով լռեցնել նրան: Իսկ այժմ էլ անցել է մեղադրանքների եւ ազատազրկման: Այդ ձերբակալությունը միանշանակ, կառավարությանն արած նրա քննադատության պատճառով է: Եվրոպայի խորհրդի անդամ երկրները պարտավորությունների հետ կապված պետք է հաշվետվություն պահանջեն Ադրբեջանի իշխանությունից», -հայտարարել է Ն.Նոզաձեն:
Բրիտանական Index of Censorship կազմակերպությունը հիշեցրել է, որ Մամուլի ազատության Ինդեքսում Ադրբեջանը 160-րդ տեղում է, Freedom House-ի ինդեքսում' 183-րդ տեղում, ներկայում Ադրբեջանում 10 լրագրող դատապարտվել են երկարատեւ ժամկետներով ազատազրկման, ձերբակալված են 5 բլոգեր եւ 8 հասարակական ակտիվիստ, եւ դա այն դեպքում, երբ Ադրբեջանը նախագահում է Եվրոպայի խորհրդի նախարարների խորհրդում եւ պարտավորություններ է ստանձնել մարդու իրավունքների պաշտպանության հարցում:
Լեյլա Յունուսը երեք ամիս ժամկետով ձերբակալվել է «պետական դավաճանության», «հարկերից խուսափելու», «ապօրինի ձեռնարկատիրության», «փաստաթղթեր կեղծելու», «խարդախության» հոդվածներով: Արիֆ Յունուսի նկատմամբ մեղադրանքներ են ներկայացվել «պետական դավաճանության» եւ «խարդախության» հոդվածներով:
***
Սեյրան Օհանյանն անհրաժեշտ է համարում ԼՂ հակամարտության գոտում սպառազինությունների վերահսկումը
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 31-ին ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Հերբերթ Սալբերի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, շնորհավորելով Հ. Սալբերին' պատասխանատու պաշտոնին նշանակվելու կապակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ Եվրամիության ներկայացուցչի առաքելությունը կնպաստի հարավկովկասյան տարածաշրջանում առկա հակամարտությունների կարգավորմանը և տարածաշրջանային համագործակցության խթանմանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ կարծիքների փոխանակման ժամանակ Սեյրան Օհանյանը ներկայացրեց շփման գծում տիրող իրավիճակը' Եվրամիության պատվիրակի ուշադրությունը հրավիրելով հակամարտող կողմերի միջև վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման և միջազգային հանրության ջանքերը սպառազինությունների վերահսկման խնդիրներին սևեռելու անհրաժեշտության վրա:
Հերբերթ Սալբերն իր հերթին նշել է, որ Եվրամիությունը միանշանակ ընդունում է ԼՂ հակամարտության լուծման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջատար դերը, սակայն պատրաստակամ է ուժերի ներածին չափով ներդրում կատարել խաղաղ կարգավորման հասնելու գործում:
***
Վրաստանի նախագահը ներում Է շնորհել 280 կալանավորների
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ներում Է շնորհել 280 կալանավորների: Ինչպես հայտարարել Է համաներման հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Զվիադ Կորիձեն, ներման արժանացածներից 8-ը կանայք են, 10-ը՝ անչափահասներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Ընդամենը ներման հանձնաժողովը քննարկել Է 2743 գործ: Դրանք այն դիմումներն են, որոնք ստացվել են նախագահի անունով: Դրանցից 1228-ն ամբողջովին բավարարում Էին այն չափանիշներին, որոնք սահմանված են Համաներման հանձնաժողովի մասին կանոնադրությամբ: 280 կալանավորներից միայն 169-ն են ազատ արձակվելու ազատազրկման վայրից, մնացած 111 բանտարկյաների պատիժը փոխված Է համաներման մասին վավերագրով. մի քանիսի պատժաժամկետը կրճատվել Է կրկնակի, մի քանիսինը՝ մեկ երրորդով»,-հայտնել Է Կորիձեն:
***
Ադրբեջանական բանակը կորցրել է հերթական զինծառայողին
Ադրբեջանական զինված ուժերի կողմից զինադադարը խախտվելու հետեւանքով ղարաբաղա-ադրբեջանական զինված հակամարտ ուժերի հյուսիսային շրջանի շփման գծում փոխհրաձգության արդյունքում Չիրաղլը գյուղի մոտ զոհվել է ադրբեջանական բանակի զինվոր Գարյաղդը Էլդար օղլու Ահմեդովը: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է APA լրատվական գործակալությունը:
APA-ն երեկ հայտնել էր, որ այդ ուղղությամբ փոխհրաձգության արդյունքում վիրավորվել էր ադրբեջանական բանակի եւս մեկ զինվոր:
Ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թվականի սկզբից մինչ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 53 զինծառայող, նրանցից 42-ը զոհվել է ոչ մարտական պայմաններում, 98 զինծառայող էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
***
ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել է ադրբեջանական դիվերսիայի հետևանքով զոհված հայ զինծառայողների անունները
Ինչպես տեղեկացրել էինք ավելի վաղ, հուլիսի 31-ին հակառակորդը հարձակում էր գործել հյուսիսային հատվածում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ: Նշենք, որ հենակետում գտնվող անձնակազմը գործել է կազմակերպված, ցուցաբերել բարձր մարտական պատրաստականություն և բարոյակամային որակներ, ինչի շնորհիվ հակառակորդը կրելով բազմաթիվ կորուստներ հետ է շպրտվել:
Տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ հարձակման ենթարկված տեղանքը լրիվությամբ գտնվում է ՊԲ ստորաբաժանումների վերահսկողության տակ: Իրականացված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդից առգրավվել են մեծ քանակությամբ հատուկ սպառազինություն և տեխնիկական միջոցներ:
Ցավոք, գործողության արդյունքում, զոհվել են ՊԲ զինծառայողներ 1994թ. ծնված Արարատ Վաչիկի Խանոյանը և Աշոտ Արթուրի Ասոյանը:
ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունը հայտնում Ա. Խանոյանի և Ա. Ասոյանի ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: