«Mediamall.am»   լրատվականն ամփոփում է անցնող օրը.













ՊԲ զինծառայողը մահացել է մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով

 

 

 

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ մարտական հերթապահության ժամանակ զինծառայող Տիգրան Սիմոնյանի մահվան դեպքի առթիվ։

 

 

Քրեական գործի նյութերի համաձայն՝ 2015թ. փետրվարի 10-ին' ժամը 19:55-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում մարտական հերթապահության կանոնները խախտելու հետևանքով արձակված կրակոցների արդյունքում հրազենային վնասվածքներ է ստացել եւ մահացել նույն զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Տիգրան Սամվելի Սիմոնյանը:

 

 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ), միջոցներ են ձեռնարկվում պարզելու դեպքի բոլոր մանրամասները:

 

 

 

***

 

 

 

Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը հարկադիր վայրէջք Է կատարել Վոլգոգրադում

 

 

 

Երեւան-Մոսկվա չվերթն իրականացնող մարդատար ինքնաթիռը, անձնակազմի հրամանատարի որոշմամբ, հարկադիր վայրԷջք Է կատարել Վոլգոգրադում՝ ուղեւորի՝ եվրոպական երկրներից մեկի քաղաքացու ոչ ադեկվատ պահվածքի պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են տարածարջանի արտակարգ ծառայություններում:

 

 

Գործակալության աղբյուր տվյալներով՝ ինքնաթիռը Վոլգոգրադում վայրԷջք Է կատարել փետրվարի 10-ին Երեւանի ժամանակով ժամը 23:30-ին:

ՎայրԷջքը կատարվել Է անձնակազմի հրամանատարի որոշմամբ՝ կապված այն բանի հետ, որ ուղեւորներից մեկն իրեն ադեկվատ չի պահել, ինչը կարող Էր սպառնալիք ստեղծել մյուս ուղեւորների անվտանգությանը: Տվյալ ուղեւորը եվրոպական երկրներից մեկի, հնարավոր Է՝ Նիդեռլանդների, քաղաքացի Է, ասել Է գործակալության զրուցակիցը:

 

 

Նրա խոսքով՝ ուղեւորի պահվածքի անադեկվատությունը դրսեւորվել Է նրանում, որ նա վազում Էր սալոնում, թակում օդաչուների խցիկի դուռը: Վոլգոգրադում անհանգիստ ուղեւորին հանել են չվերթից: Ըստ նախնական տվյալների՝ նա հետապնդվելու մոլուցքի մեջ Է եղել:

Երեք ժամ անց ինքնաթիռը շարունակել թռիչքը Մոսկվա, օդանավում եղել Է 130 ուղեւոր:

 

 

 

***

 

 

 

Խաթարվել է Երևանի մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը. Գարեգին Նժդեհ կայարանում վագոններից մեկն արգելափակվել է

 

 

 

Այս պահին խուճապ է ստեղծվել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանում:

 

Լուրեր.com-ի թղթակցի փոխանցմամբ՝ պատճառն այն է, որ վագոններից մեկն արգելափակվել է ռելսերի վրա, ինչի հետևանքով խափանվել մետրոյի բնականոն աշխատանքը Երևանի կենտրոնի ուղղությամբ:

Ավելի ուշ Երևանի քաղաքապետարանը տեղեկացրեց.

 

 

«Երևանի մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանի փակուղում տեղի ունեցած խափանման պատճառով մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ»-«Գարեգին Նժդեհ» կայարանների միջակայքում գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կազմակերպված է միագծանի սխեմայով: «Սասունցի Դավիթ» կայարանից մինչև «Բարեկամություն» կայարան մետրոպոլիտենը շարունակում է աշխատել սահմանված 5,5 րոպե միջակայքով: Ներկայումս ընթացքի մեջ են խափանման վերացմանն ուղղված աշխատանքները»:

 

 

 

***

 

 

 

Իրեն և որդուն հրկիզած կինն այս գիշեր մահացել է

 

 

Այս գիշեր, ժամը 03.00-ի սահմաններում, «Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոնում» մահացել է իրեն և 9-ամյա որդուն սեփական բնակարանում բենզինով հրկիզած 47-ամյա Աննա Բադալյանը:

 

 

Այս մասին Lurer.com-ի լրագրողին տեղեկացրին «Այրվածքների եւ ճառագայթային բժշկության կենտրոն»-ից:

 

 

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին, ժամը 05.00-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 37 շենքի 1-ին հարկի բնակարաններից մեկում:

Քննությամբ պարզվել էր, որ մայրը մուրճով հարվածներ է հասցրել դեռահաս որդու գլխին, այնուհետև հրկիզել էր սեփական բնակարանը:

 

 

Մասնավորապես՝ քննությամբ պարզվել է, որ Ա. Բադալյանը 2015թ. փետրվարի 9-ին՝ ժամը 04-ի սահմաններում, կողպել է իրենց բնակարանի մուտքի դուռը և պատուհանները, որից հետո, սպանելու դիտավորությամբ, մուրճով բազմաթիվ հարվածներ հասցրել դեռահաս որդու կենսական կարևոր օրգանի՝ գլխի շրջանում։ Հարվածների հետևանքով երեխային պատճառվել են գանգուղեղային բաց վնասվածքներ։

 

Սպանության դիտավորությունն ավարտին հասցնելու նպատակով կինը հրկիզել է բնակարանը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանացագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ առաջացած հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր են ժամանել հրշեջ ծառայության աշխատակիցները և Ա. Բադալյանին ու Ֆ. Նահապետյանին դուրս են բերել բնակարանից։

 

Հյուրասենյակում հայտնաբերվել են արնանման հետքեր, իսկ բազմոցին կիպ պատի վրա՝ երկտողանի հայատառ գրառում՝«մեր մահվան պատճառը էդ սր-ն է»:

 

 

***

 

 

Բացահայտվել են բազմաթիվ ավտոմեքենաներից կատարված գողությունները

 

 

 

Փետրվարի մեկին ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգած քաղաքացին հայտնեց, որ բակում կայանված մեքենայից գողություն են արել: Մեկնած օպերատիվ խումբը տեղում ձեռնարկած միջոցառումներով պարզեց գողության կատարման օրն ու ժամը:

 

Հաղորդման հաջորդ օրը կասկածանքով բաժին բերման ենթարկվեցին Հրազդանում բնակվող երեք երիտասարդներ:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

Արսեն Բաղդասարյանին ստիպել են, որ նա պահանջի Ադրբեջանի քաղաքացիություն. Արծրուն Հովհաննիսյան

 

 

 

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի գնահատմամբ, ադրբեջանական կողմը դիմել է տարատեսակ սադրանքների, ստիպել, որպեսզի Արսեն Բաղդասարյանը Ադրբեջանի քաղաքացիություն պահանջի:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հովհաննիսյանն ասաց, թե հայկական կողմի համար նորություն չէ, որ ադրբեջանական կողմը պատմության հակառակ երեսն է ներկայացնում եւ խեղաթյուրում պատմությունը: Սա առաջին դեպքը չէ: Սկզբում խոսք էր գնում Արսեն Բաղդասարյանին երրորդ երկիր տեղափոխելու մասին, հիմա արդեն այլ բան են խոսում:

 

 

Կարծում եմ, Արսեն Բաղդասարյանի գլխին «սարքել են» եւ նրան ստիպում են, որ նա Ադրբեջանի քաղաքացիություն պահանջի»,- ասաց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը' միաժամանակ չբացառելով, որ իրականում Արսեն Բաղդասարյանը ցանկանում է վերադառնալ, բայց Ադրբեջանը թաքցնում է այդ հանգամանքը:

 

 

Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի ներկայացուցիչ Էլչին Բեհբուդովը հայտարարել է, որ Ադրբեջանում գերության մեջ ընկած Արսեն Բաղդասարյանը ուզում է Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ:

 

 

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում կատարելով այդ երկրի ռազմական գերատեսչությանը, հաղորդել էին, թե իբր դեկտեմբերի 26-ի երեկոյան, ադրբեջանական զինուժը կանխել էր Աղդամի ուղղությամբ հայկական հետախուզական խմբի առաջխաղացումը, ինչի հետեւանքով պրոֆեսիոնալ զինվորական Արսեն Էդուարդի Բաղդասարյանը գերվել է:

 

 

Ավելի ուշ պաշտպանության բանակը հերքել էր դիվերսիայի մասին լուրը եւ նշել, որ Արսեն Բաղդասարյանը, հանդիսանալով ՊԲ պայմանագրային զինծառայող, պարբերաբար ինքնակամ լքել է իր մշտական տեղակայման վայրը, ինչի համար հրամանատարության որոշմամբ, կարգապահական խախտումներ կատարելու հիմնավորմամբ, ժամանակավորապես հեռացված է եղել ծառայությունից:

 

 

 

***

 

 

Երևան-Մոսկվա չվերթի ոչ ադեկվատ պահվածքով ուղևորը Հոլանդիայի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից է

 

 

 

Նիդերլանդների Թագավորության 36-ամյա քաղաքացի Ռոննի Փեթրուս Ջոզեֆինան Երևանից Մոսկվա տրանզիտով Նիդերլանդներ է թռչելիս եղել: Ինչպես պարզաբանել է անձամբ հոլանդացին, ինքը Նիդերլանդների հատուկ ծառայությունների նախկին աշխատակից է եղել: Այդ մասին հաղորդում է lifenews.ru-ն:

 

 

Իրավապահ մարմիններում աղբյուրը հայտնել է LifeNews-ին, որ Ռոննին սեփական ավտոմեքենայով սկզբում Ամստերդամից Հայաստան է ժամանել՝ Բուլղարիայով ու Թուրքիայով տրանզիտով: Երևանից ճամփորդն ուղևորվել է Վրաստան, սակայն այնուհետև կրկին վերադարձել: ՀՀ մայրաքաղաքում մնալով որոշ ժամանակ՝ հոլանդացին մեկնել է Սիրիա, սակայն այնտեղից նորից վերադարձել է Երևան:

 

 

Թողնելով իր մեքենան Հայաստանում՝ Ռոննին Նիդերլանդների տոմսեր է գնել: Չվերթը տրանզիտային էր և նա ստիպված է եղել թռչել Մոսկվայով: Հենց թռիչքի ընթացքում էլ տեղի է ունեցել միջադեպը, որից հետո ճանապարհորդին ձերբակալել են: Հոլանդացին բացատրել է, որ ինքնաթիռում իրեն թվացել է, որ իրեն վտանգ է սպառնում, այդ իսկ պատճառով նա օգնություն է խնդրել: Նրանից հետո, երբ տղամարդն սկսել է թակել օդանավի նավախցիկի դուռը՝ անձնակազմը որոշել է վայրէջք կատարել Վոլգոգրադի օդանավակայանում:

 

 

 

***

 

 

 

Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակը նոր պետ ունի

 

 

 

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի հրամանատարի տեղակալ Արման Հակոբյանը նշանակվել է Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի (Երևանի ՃՈ) պետ:

 

 

Այս մասին Լուրեր.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվական վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:

Հիշեցնենք, որ նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր ոստիկանության փոխգնդապետ Արսեն Արշակյանը, ով արդեն նշանակվել է ՏԿԱԻՆ Փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ:

 

 

 

***

 

 

 

Թուրքական ժխտողականության դրույթները փտած են և հին. Աշոտ Մելքոնյան

 

 

 

Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ մերժելու բոլոր դրույթներն ու նախաձեռնություններն այլեւս փտած են, անիմաստ եւ հին. տեսակետը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանինն է: Նրա գնահատմամբ, Թուրքիան սպառել է բոլոր քայլերը ժխտողականության առնչությամբ եւ արդեն անհեթեթությամբ է զբաղվում:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Մելքոնյանը շեշտում է, որ թուրքական դիվանագիտության «ճարպկությունը» ավարտվեց Գալիպոլիի ճակատամարտի օրը ապրիլի 24 տեղափոխելով:Շարունակությունն՝ այստեղ:

 

 

 

***

 

 

 

Գագիկ Եգանյանն իր ռուս պաշտոնակցի հետ կքննարկի հայ միգրանտների խնդիրները

 

 

 

Ռուսաստանի միգրացիոն դաշնային ծառայության իր պաշտոնակիցների հետ աշխատանքային քննարկումներ ունենալու նպատակով, փետրվարի 11-13-ը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հանձնարարությամբ ՏԿԱԻՆ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը գործուղվել է Մոսկվա: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:

 

 

2015թ. հունվարի 2-ից Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսա­կան միության մասին պայմանագիրը: Պայմանագրով անդամ պետություններում կողմերի աշխատանքային միգրանտների համար սահմանվել են էապես դյուրացված պայմաններ: Հայաստանից աշխատանքային միգրանտների գերակշիռ մասը' 96%-ը ուղղվում է դեպի Ռուսաստանի Դաշնություն, հետևաբար այդ երկրի միգրացիոն օրենսդրության փոփոխություններն անմիջապես ազդում են մեր քաղաքացի աշխատանքային միգրանտների վրա:

 

 

Մյուս կողմից, Ռուսաստանի միգրացիոն օրենսդրության և կիրառվող պրակտիկայում վերջին շրջանում տեղի ունեցած խստացումների արդյունքում, բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիների նկատմամբ սկսել է կիրառվել ՌԴ մուտքի արգելանք' մինչև 10 տարի ժամկետով: Ռուսական աղբյուրների համաձայն, նման օտարերկրացիների թիվը 3 միլիոն է: Գնահատականների համաձայն, դրանց թվում են 50-60.000 ՀՀ քաղաքացիներ, որոնք դուրս են եկել ՌԴ տարածքից (հիմնականում գտնվում են ՀՀ-ում) և չեն կարողանում հետ վերադառնալ Ռուսաստանի Դաշնություն:

 

 

Այդ անձանց խնդիրներին լուծում տալու նպատակով համաձայնություն է ձեռք բերվել ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության և Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության միջև, համաձայն որի ՌԴ մուտքի արգելքը բացելու վերաբերյալ ՀՀ քաղաքացիների դիմումները' կից փաստաթղթերի հետ միասին հավաքվում և փոխանցվում են ռուսական կողմին:

 

 

 

 

***

 

 

 

Կառավարությունը նպատակահարմար չի համարում Զարուհի Փոստանջյանի ներկայացրած նախագծի ընդունումը

 

 

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպատակահարմար չի համարում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի՝ Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը և ընդունումը:

 

 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փոստանջյանի նախագծին եզրակացություն տալու մասին հարցն ընդգրկված է կառավարության փետրվարի 12-ի նիստի օրակարգում: «Հայաստանի Հանրապետության կառավարությունը նպա­տա­կա­հարմար չի համարում ներկայացված օրենքի նախագծի քննարկումը և ընդունումը: Միաժամանակ հայտնում ենք, որ, ներկայացված օրենքի նախագիծը Հա­յաս­տա­­նի Հան­­­րա­պե­տու­թյան Ազգային ժողովում քննարկելիս, հարակից զեկուց­մամբ հանդես կգա Հա­­յաս­տանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Է դվարդ Նալբանդյանը»,- նշված է գործադիրի եզրակացության մեջ:

 

 

Հունվարի 29-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հրապարակվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի համահայկական հռչակագիրը: Հռչակագիրը միաձայն ընդունվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նիստում:

 

 

Փաստաթուղթն ընթերցել է Նախագահ Սերժ Սարգսյանը և, ի կատարումն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի որոշման, հռչակագրի մայր օրինակը ի պահ էհանձնել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հանրապետության նախագահը նշել է, որ հռչակագրի մեկ օրինակը կուղարկվի Միացյալ Ազգերի Կազմակերպության գլխավոր քարտուղարին, մեկ օրինակը կհանձնվի Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ:

 

 

 

***

 

 

 

Ներսից կողպած դուռն անհնար է բացել. ՀՀ ԱԳՆ-ն հակադարձել է Էրդողանին

 

 

 

Անհնար է փակել դուռը, որը ներսից կողպած է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։

 

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտոնական այցով Կոլումբիա ժամանած Էրդողանը հայտարարել էր, թե «Հայաստանը փակել է խաղաղության դուռը»։

 

 

«Մենք գիտենք, որ հայկական սփյուռքը հակաթուրքական քարոզչություն է տանում։ Մենք ջանքեր ենք գործադրել նոր էջ բացելու հածմար, սակայն, դժբախտաբար, մեր մեկնած ձեռքը օդում է մնացել։ Մենք ասացինք՝ եկեք 100-ամյակի նախաշեմին հանենք այդ հարցը քաղաքական օրակարգից եւ տեղափոխենք գիտական հարթակ։ Ապրիլի 24-ին մենք հրավիրեցինք Չանաքալե, սակայն Հայաստանը փակեց խաղաղության դուռը»,- հայտարարել էր Էրդողանը։

 

 

Նշենք, որ Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը Թուրքիայում ավանդաբար նշվում էր մարտի 18-ին եւ ոչ թե ապրիլի 24-ին։

 

Նախքան թուրքական կողմից այդ ամսաթիվը տեղափոխելու որոշումը կայացնելը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել էր 2015թ. ապրիլի 24-ին այցելել Երեւան եւ ներկա գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, սակայն Էրդողանը անպատասխան էր թողել հրավերը։