Անհնար է փակել դուռը, որը ներսից կողպած է։ Այս մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Թուրքիայի Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը։

 

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պաշտոնական այցով Կոլումբիա ժամանած Էրդողանը հայտարարել էր, թե «Հայաստանը փակել է խաղաղության դուռը»։

 

 

«Մենք գիտենք, որ հայկական սփյուռքը հակաթուրքական քարոզչություն է տանում։ Մենք ջանքեր ենք գործադրել նոր էջ բացելու հածմար, սակայն, դժբախտաբար, մեր մեկնած ձեռքը օդում է մնացել։ Մենք ասացինք՝ եկեք 100-ամյակի նախաշեմին հանենք այդ հարցը քաղաքական օրակարգից եւ տեղափոխենք գիտական հարթակ։ Ապրիլի 24-ին մենք հրավիրեցինք Չանաքալե, սակայն Հայաստանը փակեց խաղաղության դուռը»,- հայտարարել էր Էրդողանը։

 

 

Նշենք, որ Գալիպոլիի ճակատամարտի տարելիցը Թուրքիայում ավանդաբար նշվում էր մարտի 18-ին եւ ոչ թե ապրիլի 24-ին։

 

 

Նախքան թուրքական կողմից այդ ամսաթիվը տեղափոխելու որոշումը կայացնելը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել էր 2015թ. ապրիլի 24-ին այցելել Երեւան եւ ներկա գտնվել Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին, սակայն Էրդողանը անպատասխան էր թողել հրավերը։