Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ժխտելու եւ մերժելու բոլոր դրույթներն ու նախաձեռնություններն այլեւս փտած են, անիմաստ եւ հին. տեսակետը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանինն է: Նրա գնահատմամբ, Թուրքիան սպառել է բոլոր քայլերը ժխտողականության առնչությամբ եւ արդեն անհեթեթությամբ է զբաղվում:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Մելքոնյանը շեշտում է, որ թուրքական դիվանագիտության «ճարպկությունը» ավարտվեց Գալիպոլիի ճակատամարտի օրը ապրիլի 24 տեղափոխելով:
«Սա՞ է թուրքական ցունամին, դիվանագիտական ճարպկությունը: Սա իրականության մեջ իրենից ոչինչ չներկայացնող անբարո քայլ է Էրդողանի կողմից: Թուրքական քայլերը կարելի է համարել սպառված, եւ դա պատահական չէ: Մեր պարագայում գլխավոր հենքը ճշմարտությունն է, թուրքերի պարագայում' ստախոսությունն ու կեղծիքը, որը, ժողովրդական լեզվով ասած, չի կարող տեւել քառասուն օրից ավելի: Նման մոտեցումներով թուրքերն իրենց արդեն սպառել են: Թուրքական մերժողականությունը, հայ-թուրքական հաշտեցման համաձայնագիրը, հայ-թուրքական արձանագրությունները մի շարք էին, որ արդեն սպառել են իրենց»,- ասաց Մելքոնյանը' հավելելով, թե հենց դրանով է պայմանավորված, որ նախորդ տարի ապրիլի 23-ին Էրդողանի նման ընդգծված հակահայ գործիչը հարկադրված կիսով չափ խոստովանեց 1915թ. եղելությունը: «Նա ասաց, որ իբր դրանք ցեղասպանություն չեն, եւ իրենք էլ են տուժել դրանից: Բայց փաստը, որ այն կարծր ժխտողականությունից սկսել է ընդունել ցեղասպանության եղելությունը վկայությունն է նրա, որ աշխարհի հետ խոսել այդ փտած, կարծրացած մերժողականության դիրքերից հնարավոր չէ»,- ասում է Մելքոնյանը' Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված թուրքական տոնակատարությունը համարելով ոչ միայն անհեթեթ, այլեւ որոշ առումով զավեշտալի:
«Գալիպոլիի ճակատամարտն սկսվել է 1915 թ. մարտի 18-ին և շարունակվել մինչեւ 1916 թ. հունվար ամիսը: Ռուսաստանի դաշնակից Անգլիան եւ Ֆրանսիան որոշեցին նավատորմ մտցնել նեղուցներ' դրանով փորձելով Ռուսաստանին կտրել թուրքական նեղուցներին տիրելու իրենց նախկին պայմանավորվածությունից, բայց հենց այդ ճակատամարտի հետեւանքով 1916 թ. համաձայնագրով Անգլիան եւ Ֆրանսիան համաձայնեցին, որ նեղուցներն անցնեն Ռուսաստանին: Անգլիան եւ Ֆրանսիան քայլ կատարեցին նեղուցներին տիրանալու համար եւ Դարդանելի նեղուցով փորձեցին անցնել Պոլիս: Դա նրանց չհաջողվեց: Անգլիա ն, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան կորցրեցին 180.000 մարդ, Ֆրանսիան 27.500, իսկ Թուրքիան կորցրեց 200.000 մարդ:
Եւ այդ 200.000 մարդու արյան գնով դաշնակիցներին կանգնեցրած Թուրքիան տոնում է իր հաղթանակը: Սա իրականության մեջ հաղթանակ չէ: Սա արյունաքամ արեց Թուրքիային եւ Գալիպոլիի ճակատամարտում զոհերը բերեցին 1918թ. հոկտեմբերի 30-ին Մուդրոսի զինադադարին, որով Թուրքիան ճանաչեց իր պարտությունը: Ներկայացված հաղթանակն իրականում այդպես չէ. կա հարցի երկրորդ կողմը: Պատկերացրեք, Անգլիայի գահաժառանգը գնա, մասնակցի արարողությանը եւ արձանագրի իր երկրի կրած խայտա ռակ պարտության փաստը Գալիպոլիի ճակատամարտում: Եթե ՌԴ-ից որեւէ մեկը պետք է գնա, ապա պետք է գնա, որպեսզի ընդունի եւ ցավակցի 100 տարի առաջ իր դաշնակիցներ Անգլիայի եւ Ֆրանսիայի պարտությունը: Անկեղծ ասած, սա անհեթեթ մի քայլ է Թուրքիայի կողմից, դժվար է անգամ պատկերացնել, թե ինչպես են հանգել նման որոշման»,- ասաց Մելքոնյանը' հավելելով, որ հայկական կողմը պետք է շարունակի իր աշխատանքը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ իրավական տեսակետից հարցի լուծման առնչությամբ:
Ի տարբերություն նախորդ տասնամյակների, այս տարի Թուրքիայի կառավարությունը որոշել է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը տոնել ապրիլի 24-ին: Այդ կապկացությամբ Էրդողանը 102 երկրի առաջնորդների հրավեր է ուղարկել: Էրդողանի այս նախաձեռնությունը արժանացել է թե թուրքական, թե միջազգային մամուլի քննադատությանը: