«Թուրքական տունը», որտեղ Էրդողանն ու Փաշինյանը հանդիպում են ունեցել, ներքաշված է եղել կոռուպցիոն սկանդալի մեջ։ Այս մասին գրում է Zartonk Media-ն։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքի «Թուրքական տանը» ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Դռնփակ հանդիպումը տեղի է ունեցել Turkish House-ում («Թուրքական տանը»)՝ 36 հարկանի երկնաքերում, որը գտնվում է Մանհեթենի կենտրոնում գտնվող ՄԱԿ-ի կենտրոնակայանի անմիջապես դիմաց: Թուրքական տունը ծառայում է որպես Նյու Յորքում մի քանի թուրքական դիվանագիտական առաքելությունների, այդ թվում՝ գլխավոր հյուպատոսության և ՄԱԿ-ում Թուրքիայի մշտական ներկայացուցչության կենտրոնակայանը և գործում է որպես թուրքական մշակութային գործունեության կենտրոն։
Հատկանշական է, որ 2023 թվականին «Թուրքական տուն»-ը հայտնվել է Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսի դեմ կոռուպցիայի գործով Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննության կիզակետում: ՀԴԲ-ի և Նյու Յորքի հարավային շրջանի դատախազի կողմից ղեկավարվող կոռուպցիոն հետաքննությունը մանրամասն ուսումնասիրում է 2021 թվականի քաղաքապետի ընտրարշավի ժամանակ Ադամսի կողմից ենթադրյալ կոռուպցիան: Ենթադրվում է, որ թուրքական կառավարությունը միջնորդի՝ KSK Construction-ի միջոցով՝ Ադամսի ընտրարշավին նվիրատվություններ է փոխանցել: Սա իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել հատկապես թուրքական շահերի հետ Ադամսի կապերի ֆոնին: 2015-ին Թուրքիայի գլխավոր հյուպատոսությունը ֆինանսավորել է Ադամսի ուղևորությունը Թուրքիա, իսկ 2021-ին դեմոկրատ քաղաքապետի նախնական ընտրություններում հաջողությունն ապահովելուց հետո Ադամսը, ըստ տեղեկությունների, ճնշում է գործադրել Նյու Յորքի հրշեջ վարչության վրա՝ թույլատրելու «Թուրքական տան» գործունեությունը՝ չնայած հրդեհային անվտանգության չլուծված խնդիրներին: Քննիչները նաև հարցաքննել են Նյու Յորքի հրդեհային կոմիսար Դանիել Նիգրոյին՝ «Թուրքական տան» հետ կապված որոշման առանչությամբ:
Հետաքննությունը սրվեց 2023 թվականի նոյեմբերին, երբ ՀԴԲ-ն ներխուժեց «Ադամս» ընկերության ղեկավար Բրիանա Սագսի տուն՝ առգրավելով մի քանի էլեկտրոնային սարքեր և փաստաթղթեր»,-գրում է պարբերականը: