Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 19-ին նախագահական նստավայրում ընդունել է վարչապետ Բինալի Յըլդըրըմին: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքական լրատվամիջոցը հայտնում է, որ անակնկալ այցի ընթացքում հնարավոր է քննարկվի նախարարական կաբինետում նոր փոփոխություններ անելու հարցը: Ակնկալվում է 3-5 նախարարի փոփոխություն:
Նախարարների փոփոխության մասին խոսակցություններ սկսվեցին Էրդողանի՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ղեկավարի պաշտոնը վերստին ստանձնելուց հետո:
Ըստ կուլիսներում շրջանառվող լուրերի` նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը կարող է նշանակվել արտաքին գործերի նախարարի պաշտոնում` փոխարինելով Մևլութ Չավուշօղլուին: Տնտեսական հարցերով փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքի փոխարեն այդ պաշտոնում կարող է նշանակվել էներգետիկայի և բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը, ով Էրդողանի փեսան է: ԵՄ հարցերով նախարար Օմեր Չելիքը և արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը, պահելով իրենց պաշտոնները, միևնույն ժամանակ կարող են նշանակվել փոխվարչապետերի պաշտոնում: