ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով Վիլնյուսում ընթացող Արեւելյան գործընկերության երրորդ գագաթաժողովում Նախագահ Սարգսյանի ելույթը, մի քանի ուշագրավ դիտարկումներ արեց:
Մեր զրուցակցի գնահատմամբ' Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի նախաշեմին ՀՀ ղեկավարը հանդես է գալիս որպես համահայկական առաջնորդ. «Թուրքիան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականությունից եւ հաշտվի իր պատմության հետ: Սա առանցքային ազդակ է, որտեղ կարեւորվում է թուրքական ժխտողականության դեմ պայքարը»:
Մյուս կարեւոր ազդակը ԱԺ փոխնախագահը համարում է ԼՂ հակամարտության հետ կապված դիտարկումները. «Ելույթում նշվում է, որ թե ՀՀ-ն, թե ԼՂՀ-ն երբեք պատերազմ, թշնամանք չեն քարոզել: Հակառակը, ի տարբերություն այլ ուժերի' միայն խաղաղության են պատրաստել իրենց քաղաքացիներին»:
«Եվրոպական ամբիոնից ուղղակիորեն հիշատակելով Լեռնային Ղարաբաղի մասին'պետության առաջնորդը միջազգային հանրությանն ազդակ հղեց, որ վաղ թե ուշ ԼՂՀ-ն պետք է ճանաչվի իբրեւ միջազգային իրավունքի սուբյեկտ»,-ամփոփեց ԱԺ փոխնախագահը: