ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Հունաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը սեպտեմբերի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ապոստոլոս Կակլամանիսի հետ:
ԱԺ փոխնախագահը շնորհակալություն է հայտնել հույն գործընկերոջը նախօրեին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին կողմ քվեարկելու համար: Նա Հունաստան-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավարին խնդրել է իր ողջույններն ու երախտիքի խոսքը փոխանցել օրինագծին կողմ քվեարկած մյուս խորհրդարանականներին ևս:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանում բարձր են գնահատում հույն պատգամավորների քայլը՝ այն որակելով ծառայություն ոչ միայն հայ եւ հույն ժողովուրդներին, այլեւ ողջ մարդկությանն ու քաղաքակրթությանը: ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ժխտողականության դեմ պայքարը փակում է դուռը նոր ցեղասպանությունների առջև:
Ապոստոլոս Կակլամանիսն իր հերթին շնորհակալություն է հայտնել ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին ջերմ խոսքերի համար: Նա պատրաստակամություն է հայտնել հետագայում եւս սատարել հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու սերտացմանը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմ