Հայոց Ցեղասպանության դատապարտումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հիմնական հայեցակարգային անկյունաքարերից մեկն է: Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը: «Մենք տեսնում ենք, որ 99 տարի անց Թուրքիայի իշխանությունները շարունակում են ժխտողական քաղաքականությունը, շարունակում են կեղծել պատմությունը և դեռևս պատրաստ չեն հաշտվել իրենց պատմության հետ: Ցեղասպանության ճանաչումն առաջին հերթին կօգնի Թուրքիային և իր ժողովրդին»,- ասաց Շարմազանովը:
ԱԺ նախագահի պաշտոնակատարը համոզված է, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ընդդիմություն, թե իշխանություն, ռամիկ, թե ռանչպար, սփյուռքահայ, թե Հայաստանի բնակիչ պետք է միաբանվեն և պայքարեն այս ոճիրի դեմ: «Քանի դեռ Հայոց Ցեղասպանությունը չի դատապարտվել, քանի դեռ մարդկային հասարակությունը կարող է լռել, վտանգներ կան, որ նոր ցեղասպանություններ կկրկնվեն»,-ասաց Շարմազանովը: Նա նշեց, որ ժխտողականության դեմ չպայքարելը գրեթե նշանակում է ցեղասպանության խրախուսում: