ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հուլիսի 11-ին Մինսկում հանդիպում է ունեցել Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Վիկտոր Գումինսկիի հետ:
Երկուստեք գոհունակությամբ է արձանագրվել, որ Հայաստանը և Բելառուսը ռազմավարական գործընկերներ են, և երկկողմ հարաբերությունների հիմքում ընկած են բարեկամական սերտ կապերն ու փոխվստահությունը:
Էդուարդ Շարմազանովը Վիկտոր Գումինսկիի հետ զրույցում անդրադարձել է միջխորհրդարանական երկխոսության զարգացման անհրաժեշտությանը, ինչին, նրա համոզմամբ, նպաստում են նաև բարձր մակարդակի փոխայցերը և միջխորհրդարանական հանձնաժողովի աշխատանքները:
Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև երկու երկրների խորհրդարանների պատվիրակությունների փոխգործակցությանը թե՛ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, և թե՛ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում:
ԱԺ փոխնախագահը Վիկտոր Գումինսկիին տեղեկացրել է, որ ողջ առաջադեմ մարդկությունը 2015-ին կնշի 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրության տարածքում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը. «Հայոց ցեղասպանության չճանաչումն ու ժխտումը ճանապարհ հարթեցին նացիզմի և ֆաշիզմի համար»,-նշել է Էդուարդ Շարմազանովը՝ հույս հայտնելով, որ Բելառուսի խորհրդարանը ևս կանդրադառնա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: