Հայ թուրքական արձանագրությունները որևէ վնաս չեն հասցրել Հայաստանին, ավելին՝ դրանց միջոցով բոլորը տեսան Թուրքիայի իրական դեմքը: Ապրիլի 21-ին «Առաջին համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը. ցեղապանություն, փախստականներ և մարդասիրական օգնություն» միջազգային գիտաժողովից առաջ պատասխանելով լրագրողների հարցին' այս մասին նշեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: «Ազգային ժողովի մեծ նստաշրջանի օրակարգում առ այսօր գոյություն ունեցող հայ-թուրքական զույգ արձանագրությունները սառեցված այս գործընթացի պայմաններում չեն վնասել ո՛չ Հայող ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործընթացին, ո՛չ էլ Հայաստանի արտաքին քաղաքական «իմիջին»: Ավելին՝ հենց հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման արդյունքում Հայաստանն աշխարհի առջև դարձավ ավելի վստահելի ու ավելի կանխատեսելի պետություն»,-նշեց խորհրդարանի փոխխոսնակը:

 

Նրա գնահատմամբ' Թուրքիան միջազգային գործընկերների առջև դարձավ 21-րդ դարում պայմանավորվածությունները խախտող պետություն, քանի որ մինչ այդ Թուրքիան արտաքին աշխարհին' ԱՄՆ-ին, Ռուսաստանին, Եվրամիությանը, ներկայացնում էր, թե իբր պատրաստ է առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, բայց Հայաստանն է նախապայմաններով հանդես գալիս: «Չնայած ունենք նախապայմաններով խոսելու բարոյական իրավունք, մենք ցույց տվեցինք, որ չենք գնում նախապայմաններով խոսելու ճանապարհով, որովհետև այդ լեզուն քաղաքակրթության և ժողովրդավարության լեզուն չէ: Ամբող ջ աշխարհին ի ցույց դրեցինք Թուրքիայի իրական դեմքը»,-ընդգծեց Շարմազանովը' հավելելով, որ որևէ վտանգ ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացում չեղավ:

 

«Պետք է նշեմ, որ Հայաստանի նախագահն իր պաշտոնավարման տարիներին, սա որպես պատմաբան եմ ասում, ունեցավ մի քանի պատմական հայեցակարգային ելույթ, մասնավորապես Դեր Զորում, որտեղ նա բարձրացրեց հայրենատիրության հարցը»,- նշեց քաղաքական գործիչը' հավելելով, որ անկախ կուսակցական պատականելությունից, ընդդիմությունից և իշխանությունից' բոլորը պարտավոր են Հայաստանի սահմանններից դուրս ձեռք ձեռքի սփյուռքի բարեկամների հետ, ամեն ինչ անել, որպեսզի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն ավելի բարձր մակարադակով նշվի և ավելի հասկանան, որ ցեղասպանությունների ժխտումը նույնքան դատապարտելի է, որքան ցեղասպանություն իրագործելը:

 

Շարմազանովը հիշեցրեց, որ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և նշել է, որ գնդակը Թուրքիայի կիսադաշտում է, այսինքն' օգտագործել է այն եզրույթը, ինչ օգտագործել է Հայաստանի Հանրապետության նախագահը: ՀՀԿ խոստանի կարծիքով' այժմ ոչ թե հակասություններ փնտրելու, այլ միավորվելու ժամանակն է:

 

2008թ. ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ սկսվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր փուլ, որի արդյունքում 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ՀՀ և ԹՀ ԱԳ նախարարները ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» Արձանագրություններ:

 

Արձանագրությունների ստորագրումից հետո Թուրքիան, կտրուկ փոխելով իր դիրքորոշումը և հրաժարվելով «խելամիտ ժամկետներում» և առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունները կարգավորելու ձեռք բերված համաձայնությունից, Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովում Արձանագրությունների վավերացումը պայմանավորեց ԼՂ-ի հիմնահարցի կարգավորմամբ:

 

2010թ. ապրիլի 22-ին, հաշվի առնելով թուրքական կողմի պատճառով ստեղծված իրավիճակը, ինչպես նաև արձագանքելով ՀՀ իշխող կոալիցիայի կուսակցությունների քաղաքական խորհուրդների համատեղ դիմումին, ՀՀ Նախագահը հրամանագիր ստորագրեց Արձանագրությունների վավերացման գործընթացի կասեցման մասին: