Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագով Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը կարելի է ավարտված համարել:

 

Լրագրողների հետ ապրիլի 15-ին կայացած հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: «Թուրքիան արդեն երկար տարիներ փորձում է մեզ տանել միայն Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհով' հնարավորինս հեռու պահելով մեզ հատուցման խնդիրը բարձրաձայնելուց: Այժմ մենք պետք է հետամուտ լինենք, որ յուրաքանչյուր երկիր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերում ներառի նաև հայրենազրկման գաղափարը, քանի որ տարբեր երկրների ընդունած նմանատիպ այլ բանաձևերում բացակայուÕ ´ է եղեռնագործության վայրի մասին նշումը, ինչը շատ կարևոր է մեր հետագա գործողությունների համատեքստում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ'նշեց նա:

 

Անդրադառնալով թուրքական կողմի արձագանքներին' բանախոսը նկատեց հետևյալը. «Ֆրանցիսկոս պապը վերը նշված խնդիրը ներկայացրեց հոգևոր, բարոյական տեսանկյունից' դրանով իսկ հանդես գալով իբրև բարոյականության և ճշմարտության կողմնակից: Իհարկե, Հռոմի պապի պատասխանում առկա էր նաև քաղաքական ենթատեքստ, քանի որ Թուրքիան, հերթական անգամ հանդես գալով Հայոց ցեղասպանությունը ժխտելու դիրքերից, ի սկզբանե քաղաքական երանգ էր հաղորդել իր արձագանքում»,-պարզաբանեց Մելքոնյանը:

 

Աշոտ Մելքոնայնն արձանագրեց նաև պատմության մեջ աննախադեպ իրադարձություն. հայ առաքելական և կաթոլիկ քույր եկեղեցիների առավել մերձեցում: «Միջնադարից ի վեր, եթե մենք հետևում ենք քրիստոնեական աշխարհի տարաձայնություններին, ապա վերը նշված պատարագը կարելի է որակել որպես քույր եկեղեցիների գործողության արդյունք, որի շնորհիվ մենք ձերբազատվեցինք միջնադարյան վերապրուկներից, ինչը պատմական իրադարձություն է»,-շեշտեց պատմաբանը և հավելեց, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի մատուցած պատարագի իրագործման ճանապարհին մեծ է հայ կաթոլիկների պատրիարք&nbsp ; Ներսես Պետրոս XIX-ի ավանդը: «Բացի այդ' Հռոմի Ֆրանցիսկոս պապի ելույթից հետո, շղթայական գործընթացի արդյունքում, ես ակնկալում եմ կաթոլիկ երկրների' Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևերի ընդունում, որի վառ օրինակներից է վերջերս Չեխիայի խորհրդարանի ընդունած բանաձևը»,-ընդգծեց Մելքոնյանը:

 

Ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հռոմի Ֆրանցիսկոս պապը մատուցեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ: Այս պատմական իրադարձությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս պապը նշեց, որ 20-րդ դարում տեղի է ունեցել Ցեղասպանություն, որին զոհ են գնացել հայեր, հույներ ու ասորիներ: Պատարագի ընթացում Հայ եկեղեցու սրբերի շարքը դասված Գրիգոր Նարեկացին հռչակվեց Կաթոլիկ եկեղեցու տիեզերական վարդապետ: