Բոստոնի հայերը հույս ունեն, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կհանգեցնի հայերի ցեղասպանության միջազգային ճանաչմանը:

 

 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ամերիկյան Boston Globe-ը զրուցել է քաղաքի հայ բնակիչների հետ՝ պարզելու նրանց վերաբերմունքը ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում տեղի ունեցած պատմական իրադարձությանը, որի ընթացքում Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը 1915 թվականի հայերի ցեղասպանությունն անվանեց «20-րդ դարի առաջին ցեղասպանություն»: «Սա մեր պահն է: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը մեր վերջին իրական ջանքն է, որ մարդիկ ընդունեն և հասկանան տեղի ունեցածը»,- ասել է 75-ամյա Նենսի Քասարջյանը:

 

 

Boston Globe-ը հատնում է, որ Ֆրանցիսկոս պապի խոսքերը հուզել են շատերին և ուրախության արցունքներ պարգևել: «Մենք շնորհակալ ենք, որ վերջապես համաշխարհային կարևոր առաջնորդներից մեկը՝ բարձրագույն կրոնական առաջնորդը, ճանաչեց ցեղասպանությունը»,- ասել է Ուոթերթաունի հայկական տարրական դպրոցի տնօրեն Հուռի Բոյամյանը, ում համար Հայոց ցեղասպանութան ճանաչումը անձնական նշանակություն ունի:

 

 

Նրա հայրը 5 տարեկան է եղել, երբ թուրքական զորքերը 1915-ին ներխուժել են Գյուրին գյուղը և առևանգել նրանց, իսկ ընտանիքի անդամները մահացել են Սիրիայի անապատի համակենտրոնացման ճամբարներում: Փոքրիկ Բոյամյանին առևանգիչները տարել են թուրքական ճամբար և փորձել թրքացնել: Նա փրկվել է միայն մարդասիրական օգնություն ցույց տվող ամերիկացների շնորհիվ:

 

 

«Այս քայլը ցույց է տալիս, որ [Ֆրանցիսկոս պապը] մարդու իրավունքների ջատագով է: Դա մեծ հույս է տալիս մեզ: Մենք հույս ունենք, որ ամբողջ աշխարհը կընդունի սա որպես ցեղասպանություն և այդ կերպ մենք գուցե կարողանանք կանխել ապագա ցեղասպանությունները»,- ասել է Հուռի Բոյամյանը:

 

 

Նյու Յորք քաղաքում Հայ Առաքելական Եկեղեցու Արեւելյան թեմի առաջնորդ, սրաբազան Օշական Չոլոյանն իր հերթին նշել է. «Մենք՝ որպես քրիստոնյա, հավատում ենք, որ ճշմարտությունը կազատի մեզ: Սա վերաբերում է նաև մեր կառավարությանը»:

 

 

Իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման Մասաչուսթեսի հանձնախմբի համանախագահ Անտոնի Պարսամյանը, ով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ժամանակ եղել է Հռոմում, այդ պահը «ազդեցիկ» է անվանել:

 

 

Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագ, որը մատուցում էր Հռոմի Ֆրանցիսկոս պապը: Դա պատմական իրադարձություն էր, քանի որ առաջին անգամ կաթոլիկ եկեղեցու առաջնորդը պատարագ էր մատուցում՝ հիշատակելով Ցեղասպանությունը: Հռոմի պապի խոսքով՝ մարդկությունն անցյալ դարում երեք մեծագույն ողբերգություններ է ապրել: «Առաջինը ընդհանուր ձևով սահմանվում է որպես 20-րդ դարի համընդհանուր առաջին ցեղասպանություն, որին զոհ գնաց ձեր ազգը, ինչպես նաև հույներն ու ասորիները, զոհ գնացին նաև կանայք, ծերեր, նույնիսկ երեխաներ: Մյուս երկուսի պատասխանատուն նացիզմն ու ստալինիզմն են:

 

 

Թվում է թե մարդկությունը չի դադարում անմեղ արյուն թափելուց, թվում է, թե մարդկային ընտանիքը մերժում է սովորել իր սխալներից, և այսօր ևս տակավին կան ոմանք, որ ջանք են թափում վերացնելու իրենց նմաններին, մեղսակցությամբ նրանց, ովքեր անտարբերությամբ չեն գործում: Դեռ չենք սովորել, որ պատերազմը խենթություն է:Սիրելի հայ հավատացյալներ, այսօր հիշում ենք խոցված սրտով, այդ անսահման խենթ ողբերգության 100-ամյակը, հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արնահոսի»,- ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասել է Հռոմի Ֆրանցիկոս պապը:

 

 

Պատարագին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկո սը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը: Պատարագը նախաձեռնել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը: