Վատիկանում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագի ընթացքում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը կարևոր և նշանակություն ունեցող իրադարձություն էր: Ապրիլի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Հայրունին: «Եթե նկատի ունենանք, որ այդ հայտարարությունը հնչեցրել է համաշխարհային կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, ապա կարող ենք ասել, որ դա նրա կողմից ուղերձ էր իր հավատացյալներին, իր բազմաբյուր հավատացյալներին: Ես կարծում եմ, որ ցանկացած բարեպաշտ կաթոլիկ հավատացյալ պետք է այդ հայտարարությունն ընդունի որպես իրեն ուղղված ուղերձ՝ անկախ նրանից, թե Հայոց ցեղասպանության հարցում նախկինում ինչ դիրքորոշում է ունեցել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Հայրունին:

 

Նրա կարծիքով՝ Հռոմի պապի հայտարարությունը նշանակություն կունենա բոլոր այն բարեպաշտ կաթոլիկների համար, ովքեր ընդգրկված են կառավարություններում, հասարակական կազմակերպություններում, խորհրդարաններում, ամենատարբեր կառույցներում: «Դա ուղերձ էր նրանց համար, և նրանց գործելակերպի առումով, վստահ եմ, կունենա զգալի ազդեցություն»,- եզրափակեց Հայրունին:

 

Ապրիլի 12- ին Վատիկանում կայացած պատմական պատարագի ժամանակ Հռոմի պապը նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակը հիշելը պարտադիր է, որովհետև ուր հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը: Ծածկել հանցանքը, նշանակում է թողնել, որ վերքը արյունահոսի: «Սիրելի հայ եղբարներ և քույրեր, տարբեր առիթներով սահմանել եմ, որ ապրում ենք պատերազմի ժամանակաշրջան, որովհետև ներկա ենք ավերածությունների խենթությանը, որոնք, ցավոք, այսօր շարունակվում են: Մեր քրիստոնյա եղբայրներից շատերը նաև իրենց ազգային պատկանելության համար դաժանորեն սպանվում են, գլխատվում, խաչվում, կենդանի այրվում կամ բռնի կերպով տեղահանվում: Այսօր ևս, ցավոք, դեռ ապրում ենք մի տեսակ ցեղասպանություն, որի պատճառը համընդհանուր լռությունն է»,- ասել է Հռոմի պապը: