Հայերի հետ միասին Հայոց ցեղասպանությանը հիշատակի օրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր են այցելել հյուրեր աշխարհի տարբեր կողմերից, այդ թվում' Թուրքիայից: «Արմենպրես»-ը զրուցել է նրանցից մեկի' թուրք պատմաբանի հետ, ով Հայաստան էր եկել Այնթափ քաղաքից' իր հարգանքի տուրքը մատուցելու Հայոց ցեղասպանության 1.5 միլիո ն զոհերի հիշատակին: «Միակ ազնիվ հայտարարությունը, որ թուրքական կողմը կարող է անել Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրը ամփոփվում է մեկ նախադասության մեջ, այն է' «Մենք ներեղություն ենք խնդրում»»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց թուրք պատմաբան Սյուզան Քալայջին:

 

Նա հրաժարվեց այսօր խոսել թուրքական կառավարության մասին, որին ստախոս է համարում' մեկնաբանելով, որ այս օրը պետք է հիշել միայն հայ զոհերին և հարգել նրանց հիշատակը: Քալայջիի խոսքով' այսօր մեծ թվով թուրքեր ևս Թուրքիայում ցավում են հայերի համար: Անդրադառնալով' Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ցույցերին, նրա գնահատմամբ, թուրքական կառավարության դեմ պայքարող ցուցարաները նաև լուռ բողոքում են Հայոց ցեղասպանության ժխտողականության դեմ:

 

Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին իրագործված հայ բնակչության կոտորածներն անվանում են Հայոց ցեղասպանություն: Այդ կոտորածներն իրագործվեցին երիտթուրքական կառավարության կողմից Օսմանյան կայսրության տարբեր շրջաններում: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում ապրում էին երկու միլիոնից ավել հայեր: Շուրջ մեկուկես միլիոն հայ սպանվեց 1915-1923թթ. ժամանակահատվածում, իսկ մնացածները' կամ բռնի մահմեդականացվեցին, կամ էլ ապաստանեցին աշխարհի տարբեր երկրներում:

 

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են 20-ից ավելի երկրներ, այդ թվում' Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Գերմանիան, Նիդերլանդները, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, ԱՄՆ 42 նահանգներ, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը: